ՙՙ«ՀՈՒՍԱՆՔ` ՄԵԶ ՄՈՏ ԷԼ ԻՆՉ-ՈՐ ԴՐԱԿԱՆ ԲԱՆ ԿՓՈԽՎԻ` ԱՆԿԱԽ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԹԵ ԿԱՊՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ»
Արխիվ 12-16«ՀՈՒՍԱՆՔ` ՄԵԶ ՄՈՏ ԷԼ ԻՆՉ-ՈՐ ԴՐԱԿԱՆ ԲԱՆ ԿՓՈԽՎԻ`
ԱՆԿԱԽ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԹԵ ԿԱՊՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հեռուստատեսության ոլորտում, կինոյում, գրականության մեջ եւ լրատվամիջոցներում հայհոյանքի կիրառությունն արգելող օրենք, ըստ որի` արգելվում է ոչ պատշաճ բառապաշար օգտագործել գրականության, մշակույթի ստեղծագործությունների` թատերական եւ լուսավորչական միջոցառումների տեսքով վերարտադրության ժամանակ: Ավելին` հայհոյանք պարունակող գրքերը կարող են միայն հատուկ կնքված փաթեթավորմամբ եւ «անպարկեշտ բառապաշար» գրությամբ վաճառվել: Իսկ օրենքը խախտողները` հայհոյողները, կտուգանվեն 2-2,5 հազար ռուբլու չափով: Ընդ որում` պաշտոնատար անձանց 4-5 հազար ռուբլի տուգանք է սպասվում, իսկ իրավաբանական անձանց` 40-50 հազար ռուբլի:
Թե արդյոք Մաքսային միության, ապա Եվրասիական միության անդամակցումով Հայաստանում էլ նման «մաքրման աշխատանքներ» կտարվեն, «Իրավունքը» պարզեց ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, հեռուստաեթերի ագրեսիվ ազդեցությունն ուսումնասիրող տեղեկատվական անվտանգության փորձագետ ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆԻ տեսակետը.
- Ի սկզբանե, սխալ է մեր հեռուստատեսության եթերից, գրականությունից կամ կինոյից «մաքրման աշխատանքներ տանելը» կամ նման որոշում ընդունելը կապել ինչ-որ այլ երկրի քաղաքականության հետ: Մենք պետք է մեր քաղաքականությունն ունենանք, ինքներս պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում եւ ինչպես ենք ուզում եւ չպետք է սպասենք` Պուտինն ինչ է անում: Բայց, ցավոք սրտի, այո, ենթադրելով մեր քաղաքական համակարգի տրամաբանությունը` կարելի է ասել, որ հնարավոր է ինչ-որ բաներ մեզ մոտ էլ փոխվեն: Ամեն ինչ գալիս է տվյալ երկրի սոցիալական մշակույթից, այսինքն` թե այդ մշակույթում ինչ չափի եւ ինչ մակարդակի է ընդունված նման արտահայտությունները, եւ մինչեւ ուր են ուզում նրանք հասնել: Հիմա, բարեբախատաբար, մենք, ի տարբերություն Ռուսաստանի, այլ մակարդակում ենք գտնվում: Նման հայհոյանքները ավելի քիչ են տարածված մեզ մոտ, քան իրենց մոտ, բայց, ցավոք սրտի, իրենք, օրինակ, քայլեր են անում, որ այդ ամենը փոխվի, իսկ մեզ մոտ հակառակը` գնալով ամեն ինչ խորանում է: Հայհոյանքներով արդեն երգեր ենք լսում, ժարգոնը եթեր է գնում եւ այլն: Այսինքն` եթե Ռուսաստանում այդ ամենը մաքրվում է, մեզ մոտ դեռ գնում է խորացման գործընթացը: Հուսանք` մեզ մոտ էլ ինչ-որ դրական բան կփոխվի` անկախ Ռուսաստանից, թե կապված Ռուսաստանի հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

