ՙՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ՇՐՋՎԵՆՔ ԴԵՊԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐ՚
Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կազմակերպությամբ, երկու օր ու գիշեր շուրջ 140 երիտասարդ եւ լրագրող այցելեցին Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ապա եղան Բերդ քաղաքում ու հյուսիս-արեւելյան սահմանապահ զորամասերից մեկում: Ուշագրավ էր այն, որ Մովսեսում ՙԻրավունքը՚ հանդիպեց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ում հետ զրուցեցինք տպավորությունների եւ մովսեսցիների մտահոգությունների մասին:
- Պարոն Սահակյան, հաճախ եք լինում սահմանամերձ գյուղերում: - Ես սիրում եմ սահմանամերձ շրջաններ, գյուղական համայնքներ, այսպես ասած, մի քիչ ՙթաքուն՚ այցելել, շփվել ժողովրդի հետ: Մովսեսում եղել եմ երեւի մոտ տարի ու կես կամ երկու տարի առաջ: Տպավորությունս դրական է, որովհետեւ գյուղացու, ժողովրդի ՙդուխը՚ մարտական է: Դա է այստեղ ամենակարեւորը եւ, կարծում եմ` հենց դրանով էլ բոլորս պետք է ոգեշնչվենք: Այն տպավորությունները, որ դրսից է երեւում կամ Երեւանից, իրականում այդպես չէ: Մովսես գյուղն իր ժողովրդով կայուն է ու կանգուն: - Արդեն երկու օր է սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ ենք շփվում, որոնք ամեն անգամ խոսելիս` երկու բան են երազում` խաղաղություն եւ աշխատանք: Խաղաղությունը միայն մեր պետությունից չէ կախված, իսկ աշխատանքի հարցում ինչ կարող ենք անել: - Ընդունում եմ, բայց աշխատանքը կախված է նաեւ խաղաղությունից: Հասարակ օրինակ բերեմ, աշխարհագրական դիրքի առումով գերհզոր Վրաստանի պես պետությունը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 10 հազարանոց բանակ ունի: Իսկ մեր բանակը մոտ 8-9 անգամ ավելի է: Կարծում եմ` այս թվերն ավելի շատ բան կարող են ասել, քան` ես: Բայց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ե°ւ նախընտրական բոլոր ծրագրերը, ե°ւ քայլերը, ե°ւ վերջին նշանակումներն ու կառավարության փոփոխությունը անկեղծորեն հույս են ներշնչում, որ մենք բոլորս պետք է շրջվենք դեպի հատկապես սահմանամերձ գյուղեր: