ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ՚
ՙԺողովրդի ցավը ոչ թե թաղել է պետք, այլ` բուժել եւ հետեւանքները վերացնել: Հայոց ցեղասպանությունը հայ եւ թուրք ժողովուրդների ընդհանուր ցավը չէ, դա մարդկային ողբերգություն եւ թուրքական կայսրության ամոթն ու խայտառակությունն է՚,- նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի բարբաջանքը: Նրա խոսքով, ցավը բուժելու եւ հետեւանքները վերացնելու համար Թուրքիան ձեւական բնույթ կրող հայտարարությունների փոխարեն պետք է Գերմանիայի օրինակին հետեւի, պետք է ընկալի, որ հայ ժողովուրդն իր երկրի տարածքում ցեղասպանության զոհ է դարձել: ՙԹուրքիան պետք է ընկալի, որ դա հայերի համար հայրենիքի կորուստ էր եւ դադարեցնի հարեւանների հետ վերջնագրերով խոսելու քաղաքականությունը:
Եվ ամենակարեւորը` Թուրքիան պետք է դադարեցնի կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Միջազգային հանրությունը վաղուց արդեն ընդունել է այն՚,- նշել է ՀՀԿ մամլո խոսնակը: Է. Շարմազանովը նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարին հիշեցրել է, որ օսմանյան դատարանը մահապատժի վճիռ է կայացրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ, որն ի կատար է ածվել ՙՆեմեզիս՚ կազմակերպության կողմից: Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր. ՙՎիճաբանություններն այն մասին, թե ինչու եւ ինչպես է պատահել հայկական ողբերգությունը, այսօր շարունակում է բազմաթիվ հայերի ու թուրքերի տանջել: Ցավի, տառապանքների, զրկանքների եւ նշանակալի թվով զոհերի մասին համայնքային ու ազգային հիշողությունները շարունակում են հայ եւ թուրք ժողովուրդներին միմյանցից հեռու պահել: Ազգային հիշողությունները կարեւոր են: Բայց չե±ն կարող արդյոք հայկական եւ թուրքական պատմագրությունները մերձենալ միմյանց, չի± կարող արդյոք ՙարդարացի ճշմարտություն՚ ծնվել: Հավատք ունենալով, որ դա հնարավոր է, Թուրքիան առաջարկել է 1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու համար թուրք եւ հայ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել, որի եզրահանգումներն այդ ողբերգական ժամանակահատվածի ճիշտ ըմբռնման կբերեն եւ, հուսով եմ, կօգնեն մեր հարաբերությունների կարգավորմանը՚: