ՙԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԸ՚ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՙՊՈՒՏԻՆԻԶՄԻ՚ ԴԵՄ ԱԿՑԻԱՅԻՆ
Մայիսի 18-ին տեղի կունենա հանրահավաք` ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի եւ նրա գործելաոճի, որը կոչվու է ՙՈ°չ պուտինիզմին՚, եւ պետք է ավարտվի ՌԴ դեսպանատան մոտ: Հանրահավաքն իրականացնողների ցանկի մեջ է մտնում ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հետաքրքիրն էլ այն է, որ Մաքսային միությանը մշտապես դեմ արտահայտվող ՙԺառանգություն՚ կուսակցությունը դեռեւս չի անդրադարձել ՙպուտինիզմի՚ դեմ ակցիային: Արդյոք ՙժառանգականները՚ կմասնակցեն տվյալ հանրահավաքին` ճշտեցինք ՙԺառանգություն՚ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանից. ՙԱնկեղծ ասած` առաջին անգամ եմ լսում այդ մասին, անգամ չգիտեմ, թե ովքեր են կազմակերպիչները: Պարզապես տեղեկացած եմ, որ մոտ օրերս այդպիսի մի անպատասխանատու նախաձեռնություն եղավ, երբ կազմակերպիչներն անգամ չէին եկել նախաձեռնած ակցիային: Ես եթե որեւէ բանի մասնակցում եմ, որը չի հակասում կուսակցության պաշտոնական գծին, առնվազն պետք է տեղյակ լինեմ օրակարգի մասին, իսկ տվյալ պարագայում օրակարգը ինձ հայտնի չէ՚: