ՙՙՔԱՌՅԱԿԸ՚ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ... ԿՈԱԼԻՑԻԱՆ

Արխիվ 12-16

ՙՔԱՌՅԱԿԸ՚ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ... ԿՈԱԼԻՑԻԱՆ


Բոլորս ականատես եղանք ե°ւ ՙքառյակի՚, ե°ւ նոր-նոր ընդդիմադիր դաշտ տեղափոխված ՕԵԿ-ի բավականին հակասական եւ տարօրինակ քայլերի` ԱԺ նոր նախագահի ընտրության ընթացքում: Տեսանք, թե ինչպես ՀԱԿ խմբակցությունը բոյկոտում է իր իսկ խմբակցության ներկայացուցչի առաջադրումը, տեսանք, թե ինչպես ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները մի գիշերվա մեջ փոխեցին մոտեցումները, տեսանք նաեւ զարմանալի փորձերը` հետին թվով հերքելու այն իրողությունը, որ ԲՀԿ-ն քվեարկել է Գալուստ Սահակյանի օգտին: Տեսանք նաեւ Ռոբերտ Քոչարյանի երկու հայտարարությունները, եւ երկրորդում առաջինի ձեւակերպումներից որոշակի նահանջի առկայությունը... Շատ բաներ տեսանք, սակայն, խոշոր հաշվով, գործընթացները կապ ունեն նոր կառավարության ձեւավորման հետ:

ԿՈԱԼԻՑԻԱ` ԱՌԱՆՑ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀՈՒՇԱԳՐԻ


Ֆորմալ առումով իշխանական կոալիցիան դադարեց գոյություն ունենալուց այն պահից, երբ ՕԵԿ-ը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին: Կառավարության ձեւավորումը, որպես այդպիսին, մնաց միայն մեկ իշխանական ուժի` ՀՀԿ-ի ուսերին: Սակայն, եթե դիտարկենք արդեն ձեւավորված կառավարության կազմը, ապա այդտեղ չենք տեսնի կոշտ ու միանշանակ կուսակցական թիմի տրամաբանություն: Ու ինչքան էլ նկատի ունենանք նոր վարչապետի գործելակերպը` կարեւոր հարցերի շուրջ քաղաքական ամբողջ սպեկտրի հետ լայն խորհրդակցություններ անցկացնելու, հարկ է արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը խոշոր հաշվով, բազմաթիվ շահերի ու թիմերի համադրմամբ կազմված կառավարություն  է: Այն նույնիսկ կարելի է համարել լայն կոալիցիա` առանց կոալիցիոն հուշագրի:
Խոշոր հաշվով, ՕԵԿ-ը կառավարությունից չի էլ գնացել: ՕԵԿ-ական երեք նախարարներից երկուսը վերանշանակվեցին, թեեւ ֆորմալ առումով, նրանք այլեւս համարվում են անկուսակցական:
Սակայն ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, օրինակ` Արմեն Երիցյանի եւ Արթուր Բաղդասարյանի անձնական մտերմությունը, եւ ընդհանրապես ՕԵԿ-ի կողմից չի հնչել գեթ մեկ դատապարտող խոսք կուսակցությանը` անդամությունը դադարեցրած սեփական նախարարների հասցեին: Ըստ ամենայնի, նրանք փաստացի շարունակում են ներկայացնել ՕԵԿ-ի շահերը: Ներկայացված է եւ ՀՅԴ-ն` ի դեմս Արամայիս Գրիգորյանի` ավելորդ է հիշեցնել, որ ՙնախկին դաշնակցական՚ կատեգորիա գոյություն չունի, եւ այդ նախարարի սերտ առնչությունները ՀՅԴ-ի թիմի հետ նույնպես գաղտնիք չեն: Փաստացի ներկայացված է եւ ԲՀԿ-ն` ի դեմս նախարար Գաբրիել Ղազարյանի, ու ամենեւին էլ կարեւոր չէ կուսակցական պատկանելության ֆորմալ առկայությունը կամ բացակայությունը:
Իսկ մեկ այլ հանգամանքի վրա շատերը միանգամից ուշադրություն են դարձրել` կառավարությունում քոչարյանական կադր համարվող նախարարների առկայությունը ու նաեւ այն հանգամանքը, որ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պահպանել է իր տեղը:
Այսինքն` տեսնում ենք փոխզիջումային, շահերը համադրող կառավարություն, ու առնվազն ՀՀ քաղաքական ուժերի ու թիմերի առումով այնտեղ տեսնում ենք ե°ւ ՀՀԿ-ին անմիջապես, ե°ւ ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, ե°ւ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող մարդկանց: Սակայն շահերի համադրման սկզբունքի այլ դրսեւորումներ եւս երեւում են: Նախ` հեռացել է Տիգրան Սարգսյանի արեւմտամետ թիմն ամբողջությամբ, ու բնականաբար, դա համադրված կամ առնվազն համահունչ է ՀՀ գլխավոր դաշնակցի` Ռուսաստանի շահերին: Ու եւս մեկ հանգամանք` այս կառավարությունում լայնորեն ներկայացված է խոշոր բիզնեսը, ու նաեւ դրա հետ թերեւս պետք է կապել այն, որ ԱԺ-ում շտապեցին ընդունել օրենքը, որով վերացվում է շքեղության հարկը:
Հիմա ինչ խնդիրներ են լուծվում այդպիսի կառավարություն կազմելով: Նախ` Մաքսային ու Եվրասիական միություն ընդգրկվելու փուլում Երեւանը զերծ է մնում ռազմավարական դաշնակցի հետ հնարավոր անհարթություններից: Երկրորդը` այդպիսի լայն ներքին կոալիցիան թույլ է տալիս իսպառ բացառել ներքաղաքական ցնցումներն այն շրջանում, երբ անցում է կատարվում դեպի Մաքսային եւ Եվրասիական միություն: Երկիրը երաշխավորված ձեւով զերծ է մնում Մայդան հրահրելու բոլոր սպառնալիքներից` այդ ուղղությամբ ջանքեր չեն գործադրի ոչ Ռոբերտ Քոչարյանի թիմը, ոչ խոշոր ռեսուրսներ ունեցող ԲՀԿ-ն, ոչ էլ ՀՅԴ-ն կամ ՕԵԿ-ը: Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսին, ապա դրա ներգրավումը կառավարություն` մի կողմից թույլ է տալիս խուսափել ապակայունացման հրահրումներին ուղղված ստվերային գործողություններից ու ֆինանսական հոսքերից, մյուս կողմից` խոշոր բիզնեսի վրա պարտավորություն է դնում այս կամ այն ձեւով ավելացնել սեփական մասնակցությունը բյուջե լցնելու գործընթացին:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ,
ԹԵ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ

Բնականաբար, այդպիսի լայն կոալիցիա կազմելը եւ այդքան շահեր համադրելը հարուցում են հետեւյալ հարցը` դա կարճատեւ խնդիրների լուծմա±նն է ուղղված, թե± կրում է ռազմավարական բնույթ:
Օրինակ, այն շրջանակները, որոնք դրանում տեսնում են ռազմավարական մոտեցում, հակված են կարծելու, որ տեղի է ունենում իշխանության սահուն փոխանցում Ռոբերտ Քոչարյանի թիմին: Անշուշտ, կազմն ինքնին հուշում է, որ ՀՀ երկրորդ նախագահի դիրքերը որոշակիորեն ուժեղանում են, բայց արդյո±ք հենց նա է իշխանության իրավահաջորդը: Օրինակ, Արթուր Բաղդասարյանն իր հեռացումը կոալիցիայից բաց տեքստով պատճառաբանեց նրանով, թե Սերժ Սարգսյանը գնացող նախագահ է, եւ գնացող նախագահի հետ ինքն այլեւս անցնելու ճանապարհ չունի: Ի դեպ, նաեւ ծայրահեղական արեւմտամետ շրջանակներում զգացվում է բացահայտ կամ քողարկված տագնապ 2017-18-ին հաջորդող ապագայի վերաբերյալ, եւ դա կապում են Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ: Այսպես, ծայրահեղ ամերիկյան ուղղության կրողներից մեկը` քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը արդեն ձեւակերպել է նաեւ այսպիսի բանաձեւ` ՙՍերժ Սարգսյան, հեռացիր, նշանակում է` Ռոբերտ Քոչարյան մոտեցիր՚:
Բայց առկա է նաեւ այն տեսակետը, որ շահերի այդքան լայն համադրումը կրում է մարտավարական բնույթ, որպեսզի ընդամենը հարթ կատարվի անցումը դեպի Եվրասիական միության քաղաքակրթական մոդելը:  Դա ուղիղ տեքստով հնչեցրել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` բառացիորեն ասելով, որ միեւնույն է, ոչ ոք չի կարող առաջիկա տասնամյակում հավակնել նախագահի կամ վարչապետի պաշտոնի, եթե չի անցել Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ Կենտրոնական գրասենյակով: Այսինքն` թեեւ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ չի ստանձնելու պետության ղեկը, սակայն հենց նա, որպես ՀՀԿ ղեկավար, որոշելու է, թե ով է լինելու այդ ստանձնողը: Ուշագրավ է, որ ՀՀԿ մամլո խոսնակին միանգամից շատերը սկսեցին  քարկոծել, հնչեցին մեղադրանքներ տոտալիտարիզմի ձգտման վերաբերյալ, եւ այլն... Բայց, կարծում ենք, որ այնուամենայնիվ, իրավացի է հենց Էդուարդ Շարմազանովը, ու փոխզիջումային կոալիցիոն կառավարությունն ունի մարտավարական, այլ ոչ թե ռազմավարական բնույթ, իսկ ռազմավարական առումով ՀՀԿ-ն պահպանելու է իր վճռորոշ դերը: Բնականաբար, ոչ ոք հստակ չի կարող ասել, թե կոնկրետ ով է լինելու մեր երկրի չորրորդ նախագահը, սակայն մենք ավելի հակված ենք ընդունել հենց ՀՀԿ մամլո խոսնակի ասածը, քանզի նա ի պաշտոնե արտահայտում է ոչ թե անձնական, այլ ՀՀԿ-ի, հետեւաբար նաեւ` գործող նախագահի տեսակետը:
Իսկ թե որն է ճշմարտությունը, անշուշտ դրա լավագույն չափանիշը հենց ապագան է: Եթե ներկայիս կոալիցիան, առանց խոշոր փոփոխությունների, հասավ մինչեւ 2017 թվականի ԱԺ ընտրությունները, ուրեմն կոալիցիան ռազմավարական է, իսկ եթե Եվրասիական միություն մտնելուն հաջորդեն փոփոխությունները, ուրեմն դա միանշանակ մարտավարական է:

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԱԿՈՒՈՒՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Այդպիսի լայն կոալիցիայի փաստը ինքնաբերաբար բերում է մեկ այլ հանգամանքի` ընդդիմության փաստացի չգոյությանը: ՙՔառյակը՚ ոչ միայն ՙհնգյակ՚ չդարձավ, այլեւ իմաստազրկվեց: Կարելի է վստահաբար ասել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնալու, թեեւ Նաիրա Զոհրաբյանի տիպի կադրերի օգնությամբ ժամանակ առ ժամանակ բեմադրելու է ընդդիմադիր կեցվածք` առանց ռեալ ընդդիմադիր գործողությունների: ՀՅԴ-ն, թեեւ ընդդիմադիր ելույթներ հնչեցնելու է, սակայն ավանդական այդ կուսակցությունը թիվ մեկ նպատակ է հռչակել սահմանադրական բարեփոխումները, իսկ այդ ոլորտում նրա հիմնական գործընկերը կլինի հենց այդ բարեփոխումներ նախաձեռնողը` ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
ՙՔառյակից՚ նույնիսկ ՙզույգ՚ չի մնում, քանզի ՙԺառանգությունն՚ ու ՀԱԿ-ը իրար նկատմամբ այնքան էլ զիջող չեն, ու թեեւ երկուսն էլ լուսանցքային վիճակում են, սակայն ունեն լիդերության հավակնություններ: Ներկայիս կոալիցիոն կառավարության կազմումը նաեւ վերջնականապես փակեց ԼՏՊ-ի քաղաքական հեռանկարը. եթե ԲՀԿ-ն ներքաշվեր ընդդիմադիր դաշտ, տեղի ունենային լայնածավալ փողոցային ակցիաներ, ապա Լեւոն Ակոպիչը անկասկած, որպես հրապարակային առաջնորդ դուրս կգար առաջին պլան: Իսկ հիմա ո±ւմ առաջնորդի, հակասությունների մեջ կորած եւ փոխադարձ բզկտումով զբաղված ՀԱԿ խմբակցությա±նը, Րաֆֆի Հովհաննիսյանի±ն (ով, անգամ համաձայնելու դեպքում, քաղաքականապես պիտանի չէ ո°չ բնությանը, ո°չ մարդկությանը), էլ ավելի ողբալի վիճակում գտնվող արտախորհրդարանական ընդդիմադիրներին... Իրոք որ, ԼՏՊ-ի դեպքում աշխատեց ժողովրդական դիտարկումը` խորամանկ աղվեսը երկու թաթով է ընկնում թակարդը:
Ինչեւէ, բոլոր դեպքերում ընդդիմադիր վակուումը փաստ է, եւ այն պետք է լցվի: Արդյո±ք Արթուր Բաղդասարյանին կհաջողվի կրկնել այն, ինչը նա հասցրել էր անել Ռոբերտ Քոչարյանի օրոք` իշխանությունից տեղափոխվել ընդդիմադիր դաշտ եւ ընդդիմադիր կապիտալ հավաքել, թե երկրորդ անգամ նույն գետը մտնել չի լինի: ՀՅԴ-ից դժվար թե կարելի է ակնկալել հզոր ընդդիմադիր ուժի կարգավիճակ` ընտրությունից ընտրություն անշեղորեն տեղի է ունենում ընտրազանգվածի կորուստ: Իսկ մնացյալը` ՙԱզատ դեմոկրատներ՚, ՙԺառանգություն՚, նորացված ՀՀՇ, բոլոր տեսակի ՀԱԿ-երը` լինեն հին, թե նոր, այդ ամենը ռեալ ունեն ընդամենը քաղաքական թափոնի անփառունակ ապագա: Նրանց հրապարակային գործիչներով այլեւս ոչինչ ստեղծել հնարավոր չէ: Այսինքն` դաշտը մնում է բաց` լրիվ նոր ընդդիմություն ձեւավորելու համար` լրիվ նոր առաջնորդներով: Իսկ թե ով այդտեղ հաջողության կհասնի` ապագա հաջողակների անունները անհայտ են թերեւս ամենից ՙքթի մազ՚ քաղաքական մեկնաբաններին անգամ:  

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում