ՕԴԵՍԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎՈՒՄ Է
Արխիվ 12-16ՕԴԵՍԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎՈՒՄ Է
Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով 41 մարդ է զոհվել: 174 հոգի բժշկական օգնության է դիմել, տուժածներից 77-ին հոսպիտալացրել են, նրանցից 25-ի վիճակը ծանր է: Օդեսացիներին խնդրել են արյուն հանձնել:
Օդեսայում եռօրյա սուգ է հայտարարվել: Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է 37 զոհի և մոտ 200 վիրավորի մասին: Վիրավորների թվում 22 ոստիկան կա: Մայիսի 2-ի դեպքերի կապակցությամբ 10 քրեական գործ է հարուցվել զանգվածային սպանությունների, կանխամտածված սպանությունների, խուլիգանության, պետական շենքերի գրավման և այլ հոդվածներով: Արդեն 130 ձերբակալված կա:
Օդեսայում Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության կազմում ստեղծվում է հատուկ նշանակության «Փոթորիկ» ստորաբաժանումը: Հատուկ ստորաբաժանումը ստեծվելու է կարճ ժամկետում, գործընթացն ամբողջությամբ բաց է լինելու, նշել է ոստիկանության ներկայացուցիչը. «Կոչ ենք անում բոլորին, ովքեր պատրաստակամ են օգտակար լինել Ուկրաինային և կանգնել պետականության ու ամբողջականության, կարգուկանոնի ու քաղաքացիների անվտանգության պաշտպանության համար, մտնել նոր ստեղծվող ստորաբաժանման շարքեր»: Թեկնածուները պետք է մինչև 35 տարեկան Ուկրաինայի քաղաքացիներ լինեն, չունենան քրեական անցյալ և ցանկալի է, որ զինծառայություն անցված լինեն Ուկրաինայի Զինված ուժերում:
Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում զինված ուժերի ստորաբաժանումների և ռուսամետների բախումների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 30 մարդ: Մարտի 2-ին հակաահաբեկչական գործողության շրջանակում Ուկրաինայի զորքերը գրոհ են սկսել Կրամատորսկի վրա:

