ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻՆ ՄԵՂՔ Է ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼ

Արխիվ 12-16

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻՆ ՄԵՂՔ Է ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼ

 

Նախորդ տարի լույս տեսավ ժամանակակից գրող ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Կոլապս»-ը, որտեղ, ըստ նրա, ներկայացված է տասը տարվա ընթացքում գրած իր բանաստեղծությունների ծաղկաքաղը: «Կոլապս»ը մի փոքր ուշացած է համարում Գոռը, որը շատ չարչրկվեց, մինչև գրքույկի տեսք առավ: Բայցևայնպես, 2013-ին ծնվեց նրա առաջին գիրքը, որին, հուսանք, կհետևեն գրողի շատ ու շատ նոր հղացքներ:

«Կոլապս» բանաստեղծությունների ժողովածուի և հայ գրականության շուրջ «Իրավունքը» զրուցեց Գոռ Հարությունյանի հետ:

- Գոռ նախ խոսեք ձեր բանաստեղծությունների առաջին ժողովածուից` ինչո՞ւ «Կոլապս»:

- Վերնագրեր ընտրելու մեջ ես մի քիչ ապաշնորհ եմ.այդպես էլ չսովորեցի, որ վերնագիրը լուրջ գովազդ է, այդ թվում նաև գրքի և բանաստեղծության համար: Ընդհանրապես գովազդը մի բովանդակ աշխատանք է որևէ «արտադրանք» սպառողին հասցնելու ճանապարհին: Այս իմաստով բացառություն չէ գրի ու գրականության գովազդը, ինչը վերջին շրջանում որոշակիորեն նկատելի է: Բայց այս մասին առավել հանգամանալից մի ուրիշ անգամ: Իմ ստեղծագործությունների բոլոր վերնագրերը կամ գրելու պահին են ծնվել կամ չեն եղել: Այսինքն, որպես այդպիսին, ես աշխատանք չեմ տարել վերնագրերի ուղղությամբ: «Կոլապս»- ը եզակի դեպք է, որն ինձ ուղղակի տրվեց և, ըստ էության, այն գրականության հետ կապ չունեցող տերմին է: Ունի բժշկագիտական նշանակություն, որը եթե ռուսաբանենք, կհնչի այսպես` կռախ, ինչն էլ բացատրվում է հետևյալ կերպ` ոչ մահացու ուշաթափություն` ճնշման կտրուկ տատանման պատճառով: Հասկանալի է, սակայն, որ այն իմաստային փոխաբերություն է և հոգեվիճակ է արտահայտում իմ ժողովածուում: Վերնագիրը հեշտ տրվեց, սակայն գիրքն ընթերցողին հասավ բավականին ուշացումով. թվում է, թե մեր օրերում մի 100 էջանոց գրքույկ հրատարակելը մի մեծ բան չէ, բայց արի ու տես, «Կոլապս»-ի պարագայում այն բավականին բարդ էր: Իսկապես, իմ առաջին ժողովածուն մի քանի տարով ուշացավ, բայց քանի որ ես այն արդեն հղացել էի և անկախ այն բանից, թե իմ հղացքը գեշ էր ու կաղ` անպայման ուզեցի ծնունդ տալ… Եթե այս գիրքը լույս տեսներ, օրինակ հինգ տարի առաջ (այդժամ ես պատրաստ էի ամբողջական գիրք հրատարակել, թեկուզ ուրիշ վերնագրով, ուրիշ ձև ու կերպ) գուցե այժմ հրատարակվեր իմ երկրորդ կամ երրորդ ժողավածուն: Ավաղ, իմ ստեղծագործական առաջին քայլերում (այժմ էլ) բացակայել է խրախուսող ու պատժող այն ծանր ձեռքը, որ պետք է ուղորդեր իմ ընթացքը: Ասել է, թե անտարած ջրերում թիավարելու համար միայն մակույկը քիչ է` մակույկավար է պետք, գոնե սկզբնապես:

-Ինչի՞ մասին է գրում Գոռ Հարությունյանը:

- Այն ամենի, ինչը տվյալ պահին զբաղեցնում է նրա ստեղծագործական միտքը: Դժվար թե թեմատիկան ու թեմաները կոնկրետացնել հնարավոր լինի: Երբեմն կենցաղային անարժեք ու աննշան թվացող երևույթի մեջ գրելու այնքան նյութ ես գտնում, որ «վրիպում» ես համաժամանակում տեղի ունեցող մեծ տեղաշարժեր «արձանագրել»: Ասում եմ երբեմն, ուրեմն` պայմանական են մեծ ու փոքր թեմաները, միանշանակ ու բարձրարժեք են դրանց տրվող բանաստեղծի, գրողի վերաբերմունքն ու գնահատականները: Իսկ որ բանաստեղծի հոգու աչքը պիտի լինի ամենուր` սա չի քննարկվում գոնե ինձ համար: Չեմ հիշում ումից, բայց լսել եմ, որ կարելի է այսօրինակ բաժանում կատարել` տարածության և խորության գրողներ (գուցե ոչ միանշանակ, բայց տանելի կարծիք է - հեղ.): Տարածության գրողները նրանք են, որոնք իրենց ստեղծագործություններում թեմատիկ առումով բազմազան են, իսկ խորության գրողները` մի քանի թեմայի մեջ մեծ ընդգրկումների են հասնում: Սակայն, շտապեմ ասել, որ մեղք է մտածել, թե «տարածության» գրողները մտոք ծանծաղ են:

- Հասարակության ո՞ր շերտին են ուղղված ձեր ստեղծագործությունները:

- Չկա կոնկրետ շերտ, որին ուղղված են իմ բանաստեղծությունները, մանավանդ, որ Գոռ Հարությունյան բանաստեղծը դեռ շատ համեստ, կասեի` չնչին ներդրում ունի հայ պոետական հուռթի անդաստանում: Ուրեմն` իմ բանաստեղծությունները բոլոր նրանց համար են, որոնք երբևէ բարեբախտություն կամ դժբախտություն կունենան ընթերցելու դրանք: …Կարծում եմ` ստեղծագործող յուրաքանչյուր մարդ ցանկանում է, որ իր արվեստը հասանելի, ընկալելի լինի հասարակության բոլոր խավերին: Եթե թեմատիկ առումով միատար չես, նշանակում է, որ կոնկրետ խավի չես ուղղում քո գիրը, այն ուղղում ես բոլորին և ցանականում բոլորի մեջ ինչ-որ բան շարժել: Վերջին հաշվով` գրում ես ռոմանտիկ այն միտումով, որ գիրդ նախ գիտակցության պլանում, ապա շոշափելիորեն մեկ քայլ առաջ մղի ՄԱՐԴՈւՆ, կյանքն ու աշխարհը դեպի «Հարություն», և այս պաթետիկ մտայնության մեջ մարդկային ոչ մի խավ ու դաս, սեռ ու ռասա լուսանցքում չես թողնի: Երբ անկեղծության գագաթնակետին մաքուր թղթի ու մտքերիդ հետ միայնակ ես մնում և ոչնչից հղանում ես «ամենափրկիչ» գաղափար` այդ պահին հասցեատեր չունես, ավելի ճիշտ` ենթագիտակցորեն գիրդ ու գաղափարդ հասցեագրում ես ամբողջ աշխարհին ու մարդկությանը: Գուցե միամիտ, գուցե ծիծաղելի բաներ եմ ասում, բայց սա իմ համոզմունքն է: Իհարկե, կարելի է նաև գրականության մեջ էլ բիզնես անել և գտնել այնպիսի կոնկրետ խավեր, որոնք մեծապես կսպառեն իրենց քիմքին հագուրդ տվող գիրդ, ինչպես օրինակ` էստրադայացված լայն սպառման, պոռնո և կրիմինալ թեմաներով գրվող գրականությունը:

- Հայ դասական գրողներից, բանաստեղծներից ազդեցություն կրո՞ւմ եք:

- Դու չես կարող աճել, բարձրանալ ու չզգալ քո արմատները, օդում ոչինչ չի աճում: Ես միշտ չեմ վախեցել ասել, որ ինձ գրական դաշտ է բերել Պարույր Սևակը, նրա կյանքի ու պոեզիայի նկատմամբ իմ պատանեկան հատուկ վերաբերմունքը: Իհարկե, Թումանյանով «օրորվել» եմ վաղ մանկության, մանկության շրջանում, Սայաթ-Նովայի, Իսահակյանի տեքստերը (այս թվում նաև հայ աշուղների – հեղ.) իմ արյան մեջ ներարկվել է բարեհիշատակ հորական պապիս, հորս ու մորս ոչ պրոֆեսիոնալ երաժշտական կատարումներով (իսկ իմ աղքատ մանկությունը լի է եղել մեծ գերդաստանին հատուկ քիչ նյութի շուրջ հաճախակի հավաքույթներով): Հիշում եմ նաև, 90-ականների ակզբներին, թե մոմի լույսի տակ ոնց էր հայրս երբեմն ինքը, երբեմն էլ քրոջս ընթերցել տալիս հատվածներ Շիրազի «Հայոց դանթեականից», Դաշտենցի «Ռանչպարների կանչից», Դեմիրճյանի «Վարդանանքից», Սևակի «Անլռելի զանգակատնից» և այլն: Իսկ արդեն արբունքի շրջանում հայտնություն եղավ Տերյանը, ում անմիջաբար հաջորդեց Սևակը, երբ ինքնուրույն մտածողության հատիկն ընկավ իմ գիտակցության մեջ: Հետագայում, արդեն բարձր դասարաններում, շնորհիվ իմ գրականության պայծառ ուսուցչուհի Մարիամ Մանսուրյանի, ամբողջ հայ գրականությունը բացվեց իմ առաջ` սկսած Նարեկացու տաղերից (ՙՄատյանից՚ միայն հատվածներ էին դասագրքերում և որպես կանոն` խորքային չէր մատուցվում – հեղ.), ֆրիկյան հառաչից, քուչակյան հայրեններից մինչև Աբովյան, Նալբանդյան, Րաֆֆի, Դուրյան, Մեծարենց և այլոք: Այդ ժամանակ էր, որ խելահեղ թափով իմ գեղագիտական, իմացական ու իմացաբանական տիրույթ «խուժեց» Չարենցը` երբեք չփոխարինվելու հաստատակամությամբ: Այնուհետև, բանասիրական կրթություն, շատ թե քիչ գրական մթնոլորտ և գրքեր, գրքեր, գրքեր: Ահա, այն ազդեցությունը, որ ես կրում եմ… և որից մի օր պետք է ձերբազատվել, բայց արմատից կտրվել` երբեք:

-Եթե մի օր արգելեն ձեզ գրե՞լ:

- Բավականին աբստրակտ հարց էր. չգիտեմ ինչ կլինի… Իսկապես չգիտեմ: Նույնն է, թե մարդուն արգելեն ապրել, ի՞նչ անի, պետք է մեռնի երևի: Կամ էլ ասենք, հղի կնոջը հասցնեն երկունքի պահին և արգելեն ծննդաբերել… Եթե պետք է ծնվի մի բան, ուրեմն անպայման պետք է ծնվի, ինչ գնով էլ որ լինի: Մարդկային ոչ մի գործոն չի կարող ծնվողին զրկել Աստծո լույսից:

- Գրողի համար ինչպիսի՞ միջավայր և ի՞նչ է անհրաժեշտ ստեղծագործելու համար:

- Ստեղծագործող մարդու համար բարենպաստ միջավայր միշտ էլ պետք է, այս թվում և՛ քաղաքական, և՛ հասարակական, և՛ անձնական: Սակայն, սուբյեկտիվ ընկալման պարագա է միջավայր և մթնոլորտ ասվածը. մեկի համար ինտրիգային իրականությունն է ստեղծագործական ստիմուլ, մյուսի համար հակառակը: Իսկ մեծամասամբ` յուրաքանչյուրն ինքն է ստեղծում իրեն սրտակից, հարազատ մթնոլորտը` իր համախմբման պոտենցիալով շուրջն է հավաքելով աշխարհընկալման նույնական եզրեր ունեցող, էսթետիկական նույն դավանանքի մարդկանց: Եվ վերջին հաշվով, կարելի է ստեղծագործել միջավայրի զրոյական լինելիության պայմաններում` մենակ, մեկուսի, առանձնակի` համարյա ճգնավորի կյանքով: Թվարկածներս սոսկ տարբերակներ են, որոնք լավ ու վատ չեն կարող լինել, ստեղծագործությունը արժեքավոր կամ անարժեք չեն կարող դարձնել, այլ պարզապես գոյություն ունենալ որևէ ստեղծագործող անհատի խառնվածքից ու ըմբռնումներից: Ավելի կոնկրետ` ստեղծագործելու համար գրողին պարզապես կյանք է պետք, նրան պետք է նետել կյանքի մեջ «պարտադրել», որ կյանքից քաղի առավելագույնը, հետո, գեղարվեստի ներուժով, վերադարձնի այն ամենը, ինչ նրան տրված էր: …Ասեցի և միանգամից հիշեցի ու հասկացա, որ կյանքում մեր տեսակին շատ քիչ բան է տրված լինում, եթե չասեմ ընդհանրապես ոչինչ, ինչ որ բանի էլ հասնում ենք սեփական տառապանքով ու փորձով, սեփական սխալներով (ցավոք, երբեմն անդառնալի - հեղ.) ու դրանց դեմ մաքառումով (ավաղ, առանց սրբագրումների հնարավորության - հեղ.), սեփական մեղք ու մեղանչումով, մի խոսքով` սեփական կյանքի մսխումով ենք կյանքում որևէ ձեռքբերում (նյութական իմաստով - հեղ.) և իմացականություն (հոգևոր իմաստով - հեղ.) ունենում: Բնավ նկատի չունեմ, թե այսօրինակ «բախտը» միայն գրողների, բանաստեղծների, արվեստագետների «մենաշնորհն՚» է, պարզապես նրանց սեփական վիճակի գիտակցությունը մի քիչ ավելի է տրված, կարծում եմ: Կես կատակ, կես լուրջ գրողին անհրաժեշտ է նաև կին, կոնյակ, ծխախոտ ու սուրճ, որտեղ գլխավորը կինն է (մնացածը համամասնորեն – հեղ.): Մանավանդ այն կինը, որ «դատապարտված» է մշտապես ու պաշտոնապես լինել գրողի կողքին, հստակ գործառույթներ ունի. նախ կատարելապես լինել լծակիցը այն գաղափարի, որ դավանում է իր խելագար ամուսինը, երբեք չներքաշել կենցաղի ճղճիմ խորխորատները (նույնն է` սպանել ճախրանքը, թևատել թռիչքը – հեղ.), քննել, բայց չմեղադրել ու չդատապարտել, բարկանալ, բայց երբեք չափսոսալ, չխնայել միջոց, նյարդ, առողջություն, կյանք: Եթե կուզես` հավատարիմ շան պես մի բան: Դաժան է ու անմարդկային, իհարկե, բայց կեղծ ժողովրդավարության ու մարդու իրավունքների, հատկապես գենդերային հավասարություն զառանցանքի դիրքերից…

-Սոցիալական պայմանները որքանո՞վ են ազդում ստեղծագործական ընթացքի վրա:

- Ուղիղ համեմատական են: Չպետք է զանց առնել, թվում է շատ պարզ, բայց հաճախ անտեսվող մի ճշմարտություն, որ գրողը, ինչպես ցանկացած արարած, առաջին հերթին ֆիզիկական գոյ է: Վերջին հաշվով, չպետք է գրողի ուղեղի ստեղծագործական երևակայության տիրույթը լցված լինի սոցիալական, կենցաղային երբեք չսպառվող ամենատարբեր խնդիրներով, որոնք քայքայում են ներսից ու դրսից: Յուրաքանչյուր պետության ու հասարակության համար պատիվի հարց պետք է լինի, եթե կուզես, ազգային գաղափարախոսության հատուկ դրույթ, իր մտավորականին սոցիալապես ու նյութապես անկախ ու անկաշկանդ տեսնելը: Մտավոր աշխատանքով զբաղվողին մեղք է մեծապատիվ մուրացկանի կեցության մեջ դնել: Չէ-որ զրկանքներով հարել ու հետամուտ լինել գաղափարին ոչ մի անհատի հեշտ չի տրվում: Դա ներքին ոգորումների, դառն ու դաժան պայքարի արդյունք է, որին հաճախ ինքդ քեզ հաղթել ու պարտվելու գնով ես հասնում: Դու կարող ես ի ցույց դնել շատ հանճարների, որոնք չքավորության մեջ խարխափելով են հանգչել ի խաղաղություն (թեև ես հակառակն էլ կարող եմ մեջբերել – հեղ.): Բայց մենք միայն այդ տառապալի կյանքի արդյունքով ու վաստակով ենք հիանում ու հպարտանում` մոռացած մարդուն, որպես ֆիզիկական գոյ` կյանքի նկատմամբ իր տանուլ տված բոլոր պահանջմունքներով: Սա ի՞նչ ընդգծված էգոիզմ է. ի վերջո, ի՞նչ զառամյալ ու զզվելի օրինաչափություն է, որ մտավորականը պետք է քարից հաց քամի, մուրացկանի պես ընկնի դռնեդուռ, որ խնայեն լափլիզողներն իր տեսակին, որ տնանկ լինի, փոխարենը մի պնակալեզ մի քանի տուն ու ամառանոց ունենա: Այս ցավոտ հարցադրումը ավաղ լայն քննարկման նյութ է, մի հարցի պատասխանում չտեղավորվող: Այս ամենի հետ մեկտեղ, լավատեսորեն ավելացնեմ, որ կա Աստծո մխիթարիչ Լինելիությունը` տիեզերական հզոր գործոն, որի ձեռամբ կյանքի կկոչվի այն ամենը, ինչը կանկատեսված է:

- Մեր գրականության մեջ այսօր ի՞նչ է պակասում:

- Համոզմունքով ասում եմ` ոչինչ չի պակասում: Մենք հասել ենք գրական մի հանգրվանի, որտեղ, փառք Աստծո, ստեղծագործող անհատներ կան, կա ստեղծագործական ընթացքը: Մարդիկ գրում, հրատարակվում են, ուզենք թե չուզենք` ընթերցող զանգված կա: Այլ բան է, որ այն, ինչ չենք ուզում տեսնել, չենք տեսնում: Իսկ ով ինչ օգտակարություն է քաղում որևէ գրքից կամ հեղինակից, սա արդեն այլ հարց է: Թող առաջին տխմարը ես լինեմ, որ ասում է, թե մեր ժամանակներում էլ հանճարներ կան, որոնց գուցե դեռ չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել, որովհետև շարունակաբար տուրք ենք տալիս ձևին, մոդային ու խորքերը չենք գնում, չենք քննում որևէ հեղինակի կամ գործի էությունը, չենք քարոզում ինչպես հարկն է, չենք դարձնում գրկան, մշակութային էտալոն: Էստրադայացված է այլևս մեր մտածողությունը բոլոր ոլորտներում, լրագրային մակարդակի հպանցիկ է մեր վերաբերմունքը գրողի ու, առհասարակ, մշակութային գործչի նկատմամբ: Իսկ այն մեղադրելի պակասությունները` արդարություն, ազնվություն, բարոյականություն, հերոսի ու գաղափարաբանության բացակայություններ և այլ կատեգորիկ հասկացություններ, որոնց մասին գուցե ոմանք կուզեին լսել, ժամանակակից գրականության մեջ չեն, այլ կյանքում, մեր իրականության մեջ, որոնց գոնե մասնակի վերականգնումը հույս ու հավատ կներշնչի ստեղծագործողին, որից էլ թե՛ գրականության որակը, թե՛ մեր բոլորիս կյանքը տանելի, գուցե և լավ լինի:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում