ԹՈՓՉՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՌԱԴԻՈ-ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
Արխիվ 12-16ԹՈՓՉՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՌԱԴԻՈ-ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
Մայիսի 5-ին Վիեննայի Մյուզիքֆերայնի դահլիճում Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ կղեկավարի Սլովակիայի Ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ ԶԼՄ ներկայացուցիչներին հղած հաղորդագրությունից, որտեղ մաեստրոն թվարկել է ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կայացած բոլոր համերգները՝ նշելով, որ ապրիլին ելույթներ է ունեցել Թյուրինգիայի Սիմֆոնիկեր և Տալլինի Բարոկո նվագախմբերի հետ: ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավարը ներկայացրել է մայիս ամսվա ընթացքում սպասվող համերգները:
Է. Թոփչյանի փոխանցմամբ՝ մայիսի 16-ին Ա. Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ գերմանացի դիրիժոր Օլիվեր Վեդերի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում կհնչեն Ռոբերտ Շումանի թիվ 1 սիմֆոնիան և Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը» բալետից երեք հատված, հայտնի թավջութակահար Ռամոն Յաֆեի կատարմամբ Դմիտրի Կաբալևսկու Թավջութակի թիվ 2 կոնցերտը: Ռամոն Յաֆեն կանցկացնի նաև վարպետության դասեր:
Մայիսի 23-ին ռումինացի ճանաչված ջութակահար Ալեքսանդրու Տոմեսկուն ՀՊՖՆ-ի հետ կկատարի Մենդելսոնի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը՝ Մոցարտի Դաշնամուրի թիվ 9 կոնցերտը: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Մոցարտի թիվ 34 սիմֆոնիան:
Մայիսի 30-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ ՀՊՖՆ-ն կներկայացնի Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային անչափ հեղինակավոր մրցույթի մրցանակակիրներին՝ ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեին և հայազգի ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Պետրոսյանին: Նախ կներկայացվի վերջինիս «Էայի ջրահետքերով» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան, ապա՝ Մոցարտի թիվ 20 Դաշնամուրի կոնցերտը:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

