ՆԿԱՐՉԻ ՄՈՏ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ԿՆՈՋ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՆԿԱՐՉԻ ՄՈՏ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ԿՆՈՋ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ
Նարեկացի Արվեստի Միությունը, մայիսի 12-ին կհյուրընկալի նկարիչ ԱՐՄԵՆ-ԹՈՐՈՍԻ ԲՈՅԱԽՉՅԱՆԻ արվեստի հետևողներին: Ցուցահանդեսում ընդգրկված են նկարչի վերջին 8-9 ամիսներին արված նկարները: <<Իրավունքը>> հնարավորություն ունեցավ տեսնելու Արմենի 20-25 աշխատանքները, որոնք ընդգրկված են <<Ներշնչանք>> վերնագրի տակ:
<< Աշխատանքների մեծ մասը նվիրված են կնոջ գեղեցկությանը: Ինձ համար անսպառ ներշնչանքի աղբյուր են հանդիսացել կինը և բնությունը կամ կնոջ բնությունը, որը նույնքան խորհրդավոր և զարմանալի է ինչպես մայր բնությունն իր տարերքներով, եղանակով և տրամադրությամբ: Ամեն օր աշխատել եմ գեղեցիկի ներշնչմամբ: Հենց դրա համար էլ որոշեցի ցուցահանդեսն այդպես վերնագրել>>,- նշեց նկարիչը:
Նկարների մասին, սակայն, մանրամասնել չցանկացավ.
<<Առհասարակ, չեմ սիրում նկարներիս մասին պատմել: Նկարելը մի ամբողջ գործընթաց է, որի արդյունքը բառերով նկարագրել հնարավոր չէ: Պարզապես ամեն օր
մտնելով արվեստանոց, սկսում եմ նկարել այն մտքով, թե ինչպես կարելի է արտահայտել գեղեցկությունը>>:
Արվեստով զբաղվելն ու արարելը, բնականաբար բարդ ճանապարհ է, որով անցնում են բոլոր արվեստագետները: Նրանք ապրում են մի աշխարհում, որտեղ մուտքը միայն ընտրյալների համար է բաց: Սակայն, երբ աշխատում ես սիրով և ամբողջ հոգիդ ներդնում ես աշխատանքիդ մեջ, դժվարությունները թվում են ընդամենը փոքրիկ փորձություններ. <<Երբ սիրով ես աշխատում դժվարություններն անտեսվում են>>:
ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ



