«ԹԵՎԱՆԻԿԸ» ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻ ԴՐԱՄԱՏԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է
Արխիվ 12-16«ԹԵՎԱՆԻԿԸ» ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻ ԴՐԱՄԱՏԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է
<<Թևանիկ>>. Այսպես է կոչվում Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմը: Բաղկացած լինելով երեք մասից, այն ներկայացնում է երեք պատանիների` Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունը: Այդ պատմության միջոցով ռեժիսորը պատմում է Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին: Ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 5-ին` <<Մոսկվա>> կինոթատրոնում:
Ֆիլմի ստեղծագործական գործընթացի մասին ռեժիսորը <<Իրավունքի>> հետ զրույցում տեղեկացրեց. <<Սա այն էր, ինչ ես տարիներ շարունակ պահել եմ իմ մեջ: Կռվի ժամանակ ես երեխա եմ եղել: Այն ինչ նկարել եմ իմ զգացածն ու
ապրածն է>>: Բոլոր զգացմունքներն էլ որոշ ժամանակ անց` միայն ժամանակի հանդեպ տարած հաղթանակից հետո են կարողանում դուրս գալ թաքստոցից և հայտնվել արտաքին աշխարհում: <<Թևանիկ>> ֆիլմը ռեժիսորի զգացմունքների տարած հաղթանակն էր` ժամանակի նկամամբ. <<Ինչ խոսք, ժամանակն իրենն արել է, թեման տարիներ շարունակ խմորվել է իմ մեջ և այն հասունացավ միայն ինչ-որ ներքին մղումից և բնականաբար Աստծո կամքով>>:
Թե որն է այս ֆիլմի առանձնահատկությունը ռեժիսորը նշեց. <<Չէի ցանկանա իմ ֆիլմը բարձրացնել մնացած ֆիլմերին վարկաբեկելով, որովհետև դա գեղեցիկ չէ ռեժիսորի կողմից: Միայն կասեմ, որ <<Թևանիկ>> ֆիլմը հնարավորինս նկարահանվել և պատրաստվել է այնպես, որ ընկալելի լինի նաև օտարի համար: Ես, ճիշտ է պատմում եմ Ղարաբաղյան պատրազմի մասին, բայց այն կարող է լինել բոլորինը>>:
Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում. <<Միայն նկարահանումները տևել են 20օր, բայց ֆիլմի վրա ես աշխատում եմ արդեն 1,5 տարի>>: Ինչպես ենթադրվում է, ֆիլմում ամենաբարդ տեսարանները եղել են պատերազմական իրավիճակները պատկերող տեսարանները. <<Դժվար էր հատկապես մասսայական, պատերազմական տեսարանները ստանալ, քանի որ գլխավոր դերակատարները 13-14 տարեկան պատանիներ էին>>:
Հետաքրքիր սկզբունքով է ընտրվել դերասանական կազմը. <<Դերասաններին ընտրել եմ իրենց պրոֆեսիոնալիզմը և մինչ այս խաղացած կերպարները հաշվի առելով: Բայց հիմնական սկզբունքս եղել է սրտիս ընտրությունը: Ես բոլոր դերասաներին զգացել եմ իրենց դերերում>>:
Հիշեցնենք, որ ֆիլմի սցենարի հեղինակներն են Ջիվան Ավետիսյանն ու Կարինե Խուդիկյանը: Ֆիլմի պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը:
ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

