ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԲԵՄՈՒՄ, ԿԱՄ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՊԱՐՈՂԸ ԼԻՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԲԵՄՈՒՄ, ԿԱՄ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՊԱՐՈՂԸ ԼԻՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԵՐՈՒՄ
Այսօր հաճախ կարելի է հայ աստղերի տեսահոլովակներում տեսնել պարային խմբերի ու անհատների, ովքեր զարդարում են տվյալ կատարողի տեսահոլովակը: Սակայն, «Հովիկ ստուդիո» ազգային պարի ակադեմիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, երբեմն դեմ է լինում, որ իր ղեկավարած հաստատության անդամները մասնակից լինեն նման տեսահոլովակներում. «Առաջարկներ շատ ենք ստանում հայ երգարվեստի տարբեր ներկայացուցիչներից, սակայն այդ հարցում էլ ունենք սկզբունքային մոտեցում: Եթե այդ համագործակցությունն ինչ-որ համերգային նկարագիր պետք է ունենա, բնականաբար այն կարող է հետաքրքիր լինել: Եթե այդ համագործակցությունը տեսահոլովակի միտում ունի, կարող է հետաքրքիր լինել այն դեպքում, երբ պար հասկացությունը նույնպես դոմինանտ է այդ տեսահոլովակի մեջ: Իսկ եթե դա ուղղակի դեկորատիվ սկզբունք ունի, որը բոլորիս հայտնի է, թե ինչպես է իրականանում, ապա` այդ պարագայում դա մեզ հետաքրքիր չէ, թեկուզ, տեսահոլովակի տեսքով: Որովհետեւ, ինձ համար կարեւոր է, որ բեմում կամ տեսահոլովակի նկարահանման հրապարակում պարողը լինի հեղինակավոր դերում: Ցանկացած պարագայում համարում եմ, որ պարն իրոք արվեստի տեսակներից կարող է համարվել, եթե ոչ ամենաբարձրարժեքը, ապա` բարձրարժեքներից մեկը: Միայն Հայաստանում եմ հասցրել նկատել, որ չգիտես ինչու երգին այդքան մեծ տեղ է հատկացվում, հատկապես, երգի այն ներկայացուցիչներին, որոնք 1-2 օրվա համար են դուրս գալիս ասպարեզ: Էկրաններին երեւում են եւ հետո անհետանում, բայց, ցավոք, երեւալով էկրաններին` իրենց հետ կարողանում են ներկայացնել այնպիսի բարձրորակ եւ պրոֆեսիոնալ պարողների, որոնք ստվերում են մնում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ ստվերում մնացած պարողը չուներ այն դերն ու գնահատականը, իսկ այդ մեկօրյա «աստղիկը» երեւաց եւ անհետացավ: Միշտ ասել եմ` երգի ճանապարհը շատ ավելի հեշտ է կառուցվում, բայց շատ շուտ է մարում: Իսկ պարողի ճանապարհը կառուցվում է բավական երկար, մեծ դժվարություններով, սակայն մեկ անգամ լիարժեք կառուցելուց հետո այն մնայուն է դառնում, իսկ կոնկրետ անձը` դառնում լուրջ հեղինակություն»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

