ՙԿՈՒԶԵԻ 15 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԼԻՆԵՐ, ԲԱՅՑ ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԿՈՒԶԵԻ 15 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԼԻՆԵՐ, ԲԱՅՑ ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ՚
Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականը օրեր առաջ Բելգրադում եւ Պոդգորիցայում մասնակցեց միջազգային մրցաշարերի եւ վերադարձավ` նվաճելով 11 մեդալ: Մրցաշարի արդյունքների, մարզիկների ելույթների եւ հավաքականում իր աշխատանքի մասին ՙԻրավունքը՚ զրուցեց բռնցքամարտի Հայաստանի հավաքանի գլխավոր մարզիչ ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ, ով մեծահասակների հավաքականը գլխավորել է տարեսկզբին:
-Թիմը Բելգրադում եւ Պոդգորիցայում մասնակցեց միջազգային մրցաշարերի, կամփոփեք արդյունքները: Մարզիկները Ձեզ գոհացրի՞ն:
- Իհարկե գոհ եմ, որովհետեւ ընդհանուր հաշվարկով մենք 11 մեդալ նվաճեցինք, որից 4-ըª ոսկե, 4-ն` արծաթե եւ 3-ը` բրոնզե: Կարծում եմ, այս արդյունքից բոլորն էլ գոհ կլինեին:
- Սպասելիքները լիովին արդարացվա՞ծ են:
- Դե գիտեք, մեր ազգը մաքսիմալիստ է, ինչքան էլ լինի, մենք միշտ շատ ենք ուզում: Կուզեի 15 ոսկե մեդալ լիներ, բայց այդպես չի լինում...
- Մեր ոսկե մեդալակիրների անհատական որակների մասին ի՞նչ կասեք: Տղաները հանդես եկան իրենց առավելագո՞ւյն ուժերով, թե դեռ աճի տեղ կա:
- Դե, ոսկե մեդալներն ինքնին ամեն ինչ ասում են... Ինչ վերաբերում է մասնագիտական որակներին, ապա բավականին լուրջ մարզիկներ են, որոնց վրա կարելի է հույս դնել բռնցքամարտի վաղվա մեր ապագան կերտելու համար:
- Չեմպիոն դարձած մարզիկներից որեւէ մեկին կառանձնացնե՞ք իր անհատական որակներով:
- Անկասկած, թեեւ հատուկ չէի ուզենա որեւէ մեկին առանձնացնել. բոլորն էլ բավականին լուրջ մարզիկներ են: Բայց, օրինակ, Հենրիկ Սարգսյանը 91 կգ քաշային կարգում, թեեւ այս մրցաշարում ոչ մի բան չնվաճեց՝ պարտվեց, բայց այդ երիտասարդի հետ կարելի է շատ լուրջ ծրագրեր կազմել: Նա մեդալ չբերեց, բայց ուժեղագույններից մեկն է: Նաեւ՝ գերհզոր մարզիկ է գյումրեցի Արման Հովհիկյանը: Նույն կերպ գերհզոր մարզիկ է վանաձորից Արման Դարչինյանը: Երկուսն էլ ստացան ոսկե մեդալներ, երկուսն էլ, բառի բուն իմաստով, ջարդուփշուր արեցին հակառակորդներին: Նարեկ Աբգարյանը 52 կգ քաշային կարգում հանդես եկող եւս շատ լուրջ բռնցքամարտիկ է, ում վրա կարելի է հույս դնել: Նույնն էլ կարող եմ ասել Հովհաննես Բաչկովի մասին: Մյուս մարզիկների մասին կարող եմ ասել, որ նրանք ոչ մի բանով չեն զիջում թվարկածներին:
- Թեեւ բռնցքամարտ մարզաձեւը մոտ է հայերիս, բայց, այնուամենայնիվ, միջազգային հարթակում ընդամենը մի քանի անուն կա՝ Վիկ Դարչինյան, Արթուր Աբրահամ... Մեր այսօրվա հավաքականում կա՞ն հեռանկարներ խոստացող մարզիկներ:
- Արման Դարչինյանը Վիկ Դարչինյանի ազգականն է: Կարծում եմ, եթե ընթացքը լինի այնպես, ինչպես ես նախատեսում եմ, մենք կարող ենք ունենալ երեւի ավելի բարձր կատեգորիայի բռնցքամարտիկներ, քան ձեր նշածները: Այն առումով, որ ձեր թվարկած մարզիկները, ի տարբերություն թվարկածս բռնցքամարտիկների, գերհզոր արդյունքներ ցույց չեն տվել սիրողական սպորտում, բայց հետո պրոֆեսիոնալում գտել են իրենց:
- Երիտասարդական հավաքականի մարզիկների ելույթներին, մարզումներին հետեւու՞մ եք: Նրանց մեջ տեսնու՞մ եք կադրեր, որոնք տեղ կզբաղեցնեն մեծահասակների հավաքականում:
- Միանշանակ: Կրկնում եմ` մենք մաքսիմալիստ ենք. կա'մ ամեն ինչ, կա'մ ոչինչ:
- Հավաքականը գլխավորել եք ամիսներ առաջ: Կամփոփեք այս մի քանի ամիսների ձեր աշխատանքը:
- Մարդու համար, ով բռնցքամարտի հետ կապ չունի, սա ուղղակի մարզաձեւ է, որում իրար քիթ-բերանի են խփում: Բայց մարտնչելուց զատ, այստեղ գոյություն ունեն նաեւ մի շարք հոգեբանական խնդիրներ: Վախի սինդրոմը, բոլորի աչքի առաջ ծեծ ուտելու վախը, աշխարհընկալման խնդիրներ… Այդ ամենն իր հետքը թողնում է բռնցքամարտիկի մենամարտերի վրա: Դրա համար հարկավոր է մարզիկին ոչ միայն տեխնիկապես սովորեցնել, կոպիտ ասած, մարդ ծեծել, այլեւ հոգեպես պատրաստել, թե ինչի համար է դա անում, ում է դա հարկավոր: Այս բարդ հոգեբանական պրոցեսների վրա էլ նախընտրում եմ շեշտադրումներ կատարել:
- Ի՞նչ զբաղվածություն ունի այս օրերին հավաքականը, եւ ի՞նչ ծրագրեր ու մրցաշարեր կան առաջիկայում:
- Մայիսի 3-ին մեր հարեւան վրացիների հետ ունենք հանդիպում՝ Վրաստանում: Հետո՝ հունիսին մի թիմը կմեկնի Չեխիա. դարձյալ A կարգի մրցման մասնակցելու: Իսկ մյուս թիմը կմեկնի Մինսկ. դա էլ է բարձր կատեգորիայի մրցաշար: Ներկայումս մեր գերխնդիրը փորձի ձեռքբերումն է, իսկ այս մրցաշարերն իմ ՙտեսողական դաշտի՚ ճշգրտման համար են: Ես իրենց ուզում եմ տեսնել դրսում, որ երբ ներկայացնեն մեր երկիրը, ինչպես կպահեն, կդրսեւորեն իրենց:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

