ՙԵԹԵ ԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ՚
Ապրիլի 25-29-ն անցկացվեց ՙԱրմմոնո՚ մոնոներկայացումների միջազգային թատերական 12-րդ փառատոնը: Այն այս անգամ ընդգրկում էր 17 ներկայացում` ՄեծԲրիտանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից հրավիրված դերասանների մասնակցությամբ: ՙ
Ազդակ՚ լրագրողական ակումբում ամփոփելով արդյունքները` փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ գոհունակություն հայտնելով` նշեց. ՙԵթե կան տարբեր կարծիքներ այս կամ այն ներկայացման վերաբերյալ` նշանակում է` փառատոնը կայացավ: Մեր դերասանները ստացան հրավերներ այլ փառատոներից, բայց այդ մասին կտեղեկացնենք, երբ պաշտոնական հրավերը կլինի ձեռքներիս: Հուսանք, որ այն, ինչ ծրագրել ենք, կկայանա՚,- ասաց Մ. Մխիթարյանն ու հավաստիացրեց, որ այս տարի նույնպես հանդիսատես-դերասան երկխոսությունը կայացավ: Մ. Մխիթարյանը նաեւ հավելեց, որ տարվա ընթացքում տեղի կունենան մի շարք մոնոներկայացումների պրեմիերաներ, որոնց կաջակցի ՙԱրմմոնո՚ փառատոնը: Լիտվացի բեմադրիչ ՍԱՈՒԼԻՍ ՎԱՌՆԱՍԸ լրագրողների հետ ունեցած հանդիպմանը շնորհավորելով փառատոնի հաջողությունների համար, ասաց. ՙԱյնքան էլ հեշտ չէ նման փառատոն կազմակերպել, քանի որ մոնոներկայացում բեմադրելն ինքնին դժվար է: Թատրոնը թարգմանության կարիք չունի, այն սկսվում է այնտեղից, որտեղ վերջանում է բառի սահմանը,- հավելեց լիտվացի բեմադրիչը:- Հատկանշական է, որ տարբեր երկրներից Հայաստան էին եկել տարբեր երկրների թատերախմբեր, եւ այսքան շատ դերասաններ կային Հայաստանից: Փառատոնում շատ ներկայացումներ կային, մանավանդ` Հայաստանից, որոնցից շատերը կներկայացվեն նաեւ արտասահմանում: Սա կարծես պատուհան է դեպի այլ փառատոներ՚: ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ