Չնայած երեկ` մայիսի 1-ին, նշվեց Աշխատավորների տոնը, բայց այն կարծես դարձավ հերթական հանգստյան օր, այն պատճառով, որ նախկինի նման շքերթներով ու տոնակատարություններով չընթացավ:
Շատերի կարծիքով աշխատավորն այսօր չունի իր դերը, ինչն ապացուցվեց, երբ երկաթե բանվորի արձանն իր տեղը զիջեց գովազդային վահանակին: Այս ամենի մասին քանդակագործ, դիզայներ ՆՈՒՌԸ` ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ հակառակ կարծիքն ունի: Նուռը գտնում է. ՙՃիշտ էլ արեցին, որ հանեցին բանվորի արձանը: Նման արձանը մեզ պետք չէր, ոչ թե բանվորը պետք չէր, այլ` այդ ժանգոտ ու շատ վախենալու արձանը: Իսկ ինչ վերաբերում է Աշխատավորի տոնին` կարծում եմ, որ աշխատավորի համար տոնը հենց հանգիստն է: Այն, որ այդ օրը աշխատանքային չէ, հետեւաբար կարելի է համարել, որ տոնը կայացել է: Ճիշտ է, որ աշխատավորն այդ օրը հանգստանա` ՙմայովկա՚ անի: ՙՄայովկան՚ ինքն իրենով արդեն տոն է, մարդիկ դուրս են գալիս, քաղաքից դուրս են գնում, քանի որ առաջին գարնանային մեծ իրադարձությունն է: Հետեւաբար կարծում եմ, որ այն բավարար է ու աշխատողի համար լավագույն տոնը՚: