ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՆ Է
Արխիվ 12-16ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՆ Է
Երեւանի ինֆորմատիկայի քոլեջի ուսանող Հովիկ Ամիրյանի համար, որքան կարեւոր ու անհրաժեշտ էր համակարգիչը, որն անբաժան էր նրանից, այնքան դյուրությամբ այն կորցրեց:
Ինչպես հաճախ էր լինում, նա ընկերների հետ համակարգիչը ձեռքին զբոսանքի էր եկել ՙՀաղթանակ՚ զբոսայգում: Ճեմուղիներով երկար քայլելուց հետո զրուցարան մտան, առօրյա խնդրների մասին խոսեցին, այնուհետեւ դուրս եկան զրուցարանից եւ ամեն մեկն իր ուղղությամբ գնաց: Հովիկ Ամիրյանը ճանապարհի կեսն անցել էր, երբ հանկարծ զգաց, որ ձեռքը դատարկ է: Երեւույթն անսովոր էր: Կյանքի ուղեկից համակարգիչը, որը նրա համար մարդկանց եւ աշխարհի հետ հաղորդակցվելու անփոխարինելի միջոց էր` իր հետ չէր, այն մնացել էր զրուցարանի սեղանին: Այդ պահի համար էր ասված, թե ինչ ասես, որ չի լինում կյանքում: Հիրավի հնարավոր էր թվում ամեն ինչ, բայց որ մոռացության էր մատնվելու եւ կորչելու շատ կարեւոր ու թանկարժեք այդ իրը` անսպասելի էր:
Կորցրածը գտնելու աղոտ հույսով` Հովիկը հետ դառավ: Մինչ նա տեղ կհասներ, նույն այգում զբոսանքի դուրս եկած ՀՀ ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության վարչության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Վլադիմիր Օհանյանը շրջագայությունից տուն վերադառնալիս զրուցարանի սեղանին տեսավ լքված համակարգիչը, մտածեց, որ դրա տերը մոտակայքում է եւ շուտով կերեւա: Սպասեց մի քանի րոպե, բայց ապարդյուն. զրուցարանին ոչ ոք չմոտեցավ: Ի±նչ անել, հեռանա±լ, սակայն անտերունչ ապրանքը կարող էր եւ պատահական մեկին ավար դառնալ: Ճիշտ կլիներ, որ վերցներ համակարգիչը, եւ ապա մտածեր այն տիրոջը վերադարձնելու մասին: Այդպես էլ արեց: Տուն վերադառնալուն պես Վլադիմիր Օհանյանն սկսեց համակարգչի տիրոջ որոնումները: Փնտրտուքը երկար տեւեց: Նրան օգնության հասավ հարեւանը, ով գլուխ էր հանում համակարգչից: Նրան հաջողվեց կապ հաստատել համակարգչի տիրոջ հետ, ով առանց հապաղելու Վլադիմիր Օհանյանի տուն եկավ:
Գոհ ու ուրախ էին երկուսն էլ. ե°ւ կորցնողը` Հովիկ Ամիրյանը. ե°ւ գտնողը` Վլադիմիր Օհանյանը: Առաջինը` գտավ այնքան անհրաժեշտ իր սարքը, իսկ երկրորդը` կորցրածը տիրոջը վերադարձնելու եւ նրան ուրախություն պարգեւելու համար:
Մեր շրջապատում, երբ շատերն իրենց գործարքներում միայն անձնական շահն են փնտրում, լինում են նաեւ վերը շարադրվածի նման անշահախնդիր եւ ազնիվ արարքներ:
Այս եղելությունը նաեւ առիթ էր մեկ անգամ եւս թերթելու ՀՀ ոստիկանության վետերան, պաշտոնաթող գնդապետ Վլադիմիր Օհանյանի կյանքի եւ աշխատանքային գործունեության էջերը: Դրանք հանգամանալի ամփոփված են նրան նվիրված իր ՙՀայացք անցյալին՚ գրքում:
Հետաքրքրաշարժ եւ ուսանելի այդ գրքի հետ ծանոթությունը թողնելով ընթերցողների կամքին, մեջբերումներ կատարենք ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի մի ուղերձից. ՙԱմենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է, որի համար պետք է լինել արդար, ազնիվ, բարի: Դրանք Ձեր անբաժանելի հատկանիշներն են: Դուք Ներքին գործերի համակարգի այն սպաներից եք, ում կենսագրությունը ճիշտ ապրելակերպի դաս է եղել՚: Երկարամյա անբասիր ծառայության համար եւ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Վլադիմիր Օհանյանը պարգեւատրվել է անվանական զենքով, իսկ հինգ տարի անց` 80-ամյակի կապակցությամբ` ՙԻրավակարգի ամրապնդման համար՚ մեդալով:
ՀՐԱՉՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

