ՄԱՔՐԵՆՔ ՄԵԶ ԵՎ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԾԽԱԽՈՏ-ՉԱՐԻՔԻՑ
Արխիվ 12-16ՄԱՔՐԵՆՔ ՄԵԶ ԵՎ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԾԽԱԽՈՏ-ՉԱՐԻՔԻՑ
ՙԲանակը ոչ միայն մեր ու մեր երկրի անդորրը պահող ֆունկցիա է կատարում, այլ ունի շատ մեծ ու լայն իմաստ, ներդրում հասարկության մեջ եւ պետության կայացման հարցում: Հայտնի է, որ մեր բանակում ընդգրկված է շուրջ 80-85 տոկոս առողջ արական սեռի սերունդ, ովքեր հետագայում կյանք են մտնելու որպես անհատներ եւ շատ կարեւոր է, որ բանակային հուշերն ու անցկացրած օրերը դրական ազդեցություն ունենան վերջիններիս վրա, քանզի այդ ինֆորմացիան ամբողջ կյանքում մնում եւ առաջնորդում է իրենց՚,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերի գծով խորհրդական բ.գ.դ., պրոֆեսոր ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Ապա թեման շարունակեցինք բանակում ծխախոտի հարուցած վնասների ուղղությամբ.ՙՈՎ Է ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎԵԼ ԾԽՈՂԻՆ` ԹՈՒՆԱՎՈՐԵԼ ԿՈՂՔԻ ՄԱՐԴԿԱՆՑ՚
-Հակածխախոտային գաղափարը չի սահմանափակվում մի խնդրի լուծմամբ, այլ դա մեծ իմաստ, նշանակություն եւ դեր կխաղա ինչպես հասարակության առողջացման առումով, այնպես էլ ապագա մեր էլիտայի ձեւավորման եւ հետագա մեր ողջ պետականության զարգացման եւ գոյատեւման առումով: Դրա համար ես խիստ կարեւորում եմ ՀՀ պաշտպանության նախարարի հետեւողականությունն այս հարցում: Այն, ինչ ասացի, դրանից մի քանի անգամ ավելի կարեւոր ասպեկտներ նա ունի աստիճանաբար բացահայտելու եւ բանակում առողջ միջավայր ձեւավորելու համար: Ես կոչ եմ անում բոլորին անխտիր առանց տարիքի, սեռի, նախասիրությունների, կուսակցությունների, որ մեր հայոց բանակին վերաբերվենք մեր ամենասիրած զավակի նման: Սիրենք, գուրգուրենք, աջակցնեք, չչարախոսենք ու չջարդենք, այլ ոգեւորենք, քանզի դա մեր ազգի զարգացման ու հարատեւման ամենակարեւոր պայմանն է:
Գեղեցիկ է Աստծո արարած աշխարհը, հրաշքներով լեցուն, բայց հազար ափսոս, որ Տիրոջ ստեղծած մեծագույն հրաշքը` Մարդը, միշտ չէ, որ տեսնում է կյանքի Լույսը եւ կամա-ակամա դառնում է չարիքի ծնող, դեռ ավելին, այդ չարիքը տարածող, հաստատող եւ դրանով նյութական հարստություն դիզող: Եթե մեզնից որեւէ մեկն ասի, թե ծխելը հանցանք է, ըստ երեւույթին շատերը թերահավատորեն, անգամ արհամարհալի կժպտան:
Բայց եկեք սթափվենք ու մի պահ անկեղծորեն խոստովանենք` ով է իրավունք տվել ծխողին գլանակը վառելու պահին իսկ թունավորել կողքին կանգնած ծանոթ կամ անծանոթ մեկին: Չէ± որ դա ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է, այլեւ ուրիշի առողջությանը, կյանքին վնասող հարված: Ուրեմն ի±նչ անվանում տանք մարդկությանն այսպես կլանող, սպառնացող այս երեւույթին` ծխելուն, եթե ոչ` չարիք:
- Շատ է խոսվում այն մասին, որ թոքերի քաղցկեղը հենց ծխելուց է:
- Ծխախոտի օգտագործման եւ քաղցկեղով հիվանդանալու միջեւ կապի մասին սկսեցին խոսել անցյալ դարի կեսերին` Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ կտրուկ ավելացավ թոքի քաղցկեղից մահացությունը. չմոռանանք պատերազմի տարիներին զինվորի օրապահիկում ծխախոտի առկայությունը պարտադիր էր: Այդ ժամանակներից առայսօր բժշկագիտական տասնյակ հազարավոր հետազոտություններ են կատարվել, որոնք շարունակ ապացուցել են, որ ծխախոտի օգտագործումը մի շարք հիվանդությունների` սրտանոթային, շնչառական համակարգի, շաքարային դիաբետի, նորագոյացությունների զարգացման ռիսկի մեծ գործոն է:
. Աշխարհում տարեկան 6 մլն մարդ մահանում է ծխախոտի հետեւանքով առաջացած հիվանդություններից,
. թոքի քաղցկեղով գրեթե բոլոր հիվանդները ծխողներ են,
. ծխելը պատճառ է դառնում յուրաքանչյուր 10-րդ մարդու մահվան:
Ծխելը սահմանափակում է գլխուղեղի հզորությունը, դանդաղեցնում է մտածելը, ճիշտ եւ ժամանակին կողմնորշվելը, որոշումներ ընդունելը: Ծխող մարդկանց դեմքը սովորաբար գունատ է եւ կնճռոտված, ատամներն ու եղունգները` դեղնած: Մոլի ծխողների մոտ, որոնք դրսեւորելով կամազուրկ բնավորություն, ծխում են օրական 2-3 տուփ ծխախոտ, հայացքը դառնում է դատապարտված, իսկ նրանցից փչող տհաճ հոտը ազդում է բոլորի վրա:
- Միթե հենց միայն այս թվարկումները բավական չեն սթափվելու եւ հակածխախոտային համընդհանուր պայքար ծավալելու համար:
- Ցավով եմ նշում, որ թե ծխախոտի օգտագործման եւ թե ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների ասպարեզում մեր պետությունը ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրներից մեկն է աշխարհում: Քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական բազում խնդիրների կողքին չափազանց մտահոգիչ է նաեւ այս խնդիրը: Բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում նվազում է ծխողների թիվը. ունեւոր խավը համեմատաբար հեշտությամբ է հրաժարվում ծխելուց, իսկ նյութապես անապահովները, գործազուրկները համալրում են ծխողների շարքերը: Մինչեւ 2020թ. մահվան` ծխելու հետ առնչվող 10 դեպքերից 7-ը բաժին է ընկնելու ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին:
- Չեք կարծում, որ անգամ ծխելու կուլտուրան է բացակայում մեր ազգի ծխողների շրջանում:
- Այո, մեր երկրում չափազանց ցածր է ծխելու, դժվարանում եմ նույնիսկ այդպես անվանել` կուլտուրան: Ծխում ենք` երբ պատահի եւ որտեղ պատահի` տանը, երեխայի կամ հղի կնոջ ներկայությամբ, հասարակական միջավայրում, հյուր գնալիս կամ հյուր ընդունելիս, փ ոխադրամիջոցում, փողոցում, իսկ ծխախոտի մնացորդը եւ տուփը նետում որտեղ պատահի:
Ասենք` ոչ ծխելուն, սա պիտի դառնա բոլորիս նշանաբանը:
- Կա օրենք ծխելը կանոնակարգող, ինչո±ւ այն չի նվազում հիմնարկներում ու հասարակական վայրերում:
- Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում եւս հակածխախոտային քաղաքականությունը կանոնակարգող օրենքի առկայությունը բավարար չէ, կանխելու այդ չարիքը: Պետք է բարձրացնել ծխախոտի հարկերը, որոշակի վայրերում անհապաղ արգելել ծխելը:
Ծխախտոտից հրաժարվել չեն կարողանում սովորաբար կամային թույլ հատկանիշներ ունեցող մարդիկ: Շատ հաճախ ՙհնարավոր չէ հրաժարվել՚ արտահայտությունը հնչում է այն մարդկանց բերանից, ովքեր երբեւէ հրաժարվելու փորձ անգամ չեն արել: Ուրեմն պետք է կոտրել կարծրատիպերն ու թյուր համոզմունքները:
ՙԵս ուժեղ եմ՚, ՙԵս հաղթող եմ՚, ՙԵս հարուստ եմ, որովհետեւ դրամս ծխի չեմ վերածում՚, ՙԵս առողջ եմ, եւ ինձ համար խիստ թանկ է ընտանիքիս առողջությունը՚, ՙՀավատա ու վստահիր ինքդ քեզ եւ հետեւիր ինձ, քանի որ ես արդեն չեմ նվաստանում ծխախոտի առաջ՚, այս եւ նմանատիպ մտքերը ինքնաչարչար պիտի դառնան բոլոր նրանց համար, ովքեր կսկսեն դարձի գալ, ձերբազատվել վտանգավոր եւ վնասակար կախվածությունից: Իսկ խոր կախվածության մեջ գտնվող անհատներին պետք է լուրջ մասնագիտացված եւ անհատականացված մոտեցում եւ բուժման կազմակերպում: Հակածխախոտային պայքարին պիտի լծվեն բժիշկներն ու հոգեբանները, սոցիոլոգներն ու իրավաբանները, օրենսդիրներն ու արվեստագետները, մանկավարժները, բոլոր ծնողները, տատերն ու պապերը, բոլորս:
ՙՄԵՆՔ ԾԽԱԽՈՏԱԶԵՐԾ, ԱՌՈՂՋ ԵՎ ԷԼ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՆՔ՚
-Ծխելը սկսում են հիմնականում բանակային հասակից, ինչ է արվում այդ ուղղությամբ:
- Շատերը ՙզինվոր՚ կամ ՙբանակ՚ ասելիս անպայման ծխախոտ էլ են պատկերացնում, բայց ծխախոտը երբեւէ չի եղել ու չի կարող լինել հայ զինվորի ոգու, արիության, նրա սխրանքի ու արժանապատվության խթանը: Բանակում ծխախոտի գործածության աստիճանական նվազեցումն ու իսպառ վերացումը պետության, հասարակության լրջագույն խնդիրներից մեկը պիտի լինի: Բանակը չէ, որ պատանուն ծխել է սովորեցնում. զինակոչիկները հիմնականում արդեն ակտիվ ծխող են: Ուրեմն, ծխելը թողնելը կամ առհասարակ ծխել չփորձելը նաեւ զորակոչային տարիքին առնչվող խնդիրներ են, որ զգում են բոլորիս հոգածության կարիքը: Ապագա զինվորը նախ հստակ պետք է պատկերացնի ծխելու չարիքները, որով եւ գիտակցության մեջ արմատացած կլինի այդ արատավոր, հրեշավոր երեւույթի նկատմամբ մերժողական կեցվածք: Բանակն էլ իր հերթին պիտի որդեգրի որպես այդ քաղաքականության շարունակողը: Այն թուլացնում է զինվորի սթափությունը, թունավորում նրա մարմինն ու հոգին, կախվածության մեջ պահում նրան: Կեղծ են ծխախոտին վերագրվող սփոփիչ, հանգստացնող, նյարդային վիճակից հանող հատկությունների մասին պատկերացումները: Առողջ դատելիս ու վերլուծելիս զգում ես, որ ծխելը նաեւ դատարկությունը, պարապությունն ու անգործությունը մի բանով լցնելու փորձ է: Մենք ծխախոտազերծ, առողջ եւ էլ ավելի ուժեղ բանակ պիտի ունենանք: Զինվորագրվենք հակածխախոտային պայքարին, սատար լինենք միմյանց, ունենանք առողջ ու հզոր բանակ եւ նույնպիսի հասարակություն: Միջնադարի մեր հանճարներից` բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին, ՙԱնգիտաց անպետ՚ աշխատության մեջ գրում է, որ Արարչի կողմից ստեղծված նյութերը բաժանվում են երեք խմբի` սնունդ, դեղ, թույն: Եթե սնունդն ու դեղը մարմնի համար են, ապա թույնը փոխում է մարդու մարմնի բնույթը, վնասում մարդուն եւ սպանում մարմինը: Ծխախոտը, ինչ խոսք, սնունդ կամ դեղ չէ, այն թույն է: Եվ ինչպես մեծ բժշկապետ եւ գիտնական Էմիլ Սամսոնի Գաբրիելյանն է ասում իր գրքույկում ծխողներին. ՙԼինել, թե չլինել, որոշեք ինքներդ՚: Մոռանանք, որ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի երրորդ հինգշաբթին աշխարհի շատ-շատ երկրներում համարվում է ծխելուց հրաժարվելու միջազգային օր: Մեզ համար ծխելուց հրաժարվելու ազգային օր թող դառնա տարվա յուրաքանչյուր օրը... մեր մարդկային-ազգային բարձր գիտակցությամբ, կամքով ու Աստծո օգնությամբ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

