ՙԵԶԸ ՎԵՐՑՆՈՒՄ` ՏԱԿԸ ՀՈՐԹ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ՚
Արխիվ 12-16ՙԵԶԸ ՎԵՐՑՆՈՒՄ` ՏԱԿԸ ՀՈՐԹ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ՚
Այս շաբաթ Ազգային ժողովի քառօրյան առանձնացավ ԱԺ նախագահի եւ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություններով եւ` ոչ միայն: Շաբաթվա սկզբին ՕԵԿ խմբակցությունը հայտարարեց, որ այսուհետ գործելու է ընդդիմադիր դաշտում: ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունն՚ էլ, երգեցին իրենց մշտադալար երգը, այսինքն` լավ է, վատ է` իրենք դեմ են կամ ընդհանրապես չկան ոչ մի հարցում, չնայած նրանցից ոմանք հենց քվեարկության օրը թռան իրենց խմբակցության որոշումների գլխից եւ իրենց ընտրությունը կատարեցին: Շատ, թե քիչ` ՀՅԴ-ն մնալով իր սկզբունքներին` չմասնակցեց վերը նշված քվեարկություններին: Իսկ ահա ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը իրենց քվեարկություններով եւ որոշ հարցերի նկատմամբ իրենց մոտեցումներով, կարծես կասկածի տակ դրեցին քաղաքական դաշտում իրենց ով եւ որտեղ լինելու հարցը:
Նորաթուխ ընդդիմություն դարձած ՕԵԿ-ի նկատմամբ ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներում, այդ թվում նաեւ համացանցում, մեղադրանքներ սկսեցին հնչել առ այն, թե էլ ինչ ընդդիմություն, եթե վերջիններս մասնակցում են իշխանությունների կողմից կազմակերպված ամենամեծ բենեֆիսին` ԱԺ նախագահի ընտրություններին: Այս եւ այլ հարցերի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:-Միերկու քննադատական դեպք եղավ այդ կապակցությամբ: Ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերի կողմից ելույթներ եղան, բայց Դուք գիտեք, որ ՕԵԿ խմբակցությունը ԱԺ հաշվիչ հանձնաժողովում ուներ մեկ ներկայացուցիչ, որին եւ հետ կանչեց: Դուք գիտեք, որ քառյակը որոշում չի ունեցել ընտրության մասնակցության հարցում, եւ մեզ համար այս պարագայում անակնկալ էր, որ թեկնածուներ առաջադրվեցին նաեւ ընդդիմության կողմից:
- Իսկ եթե այդ մասին նախապես տեղյակ լինեիք, ինչ-որ բան կփոխվե±ր ձեր որոշումներում:
- Դե գիտեք, եթե լինեին թեկնածուներ, ապա պետք է հաշվիչ հանձնաժողովում էլ ունենայինք անդամներ, որի մասին հայտարարվեց նախապես: Ամփոփելով` պետք է ասեմ, որ մենք շիտակ ենք մեր դիրքորոշումներում եւ ազատ էինք քվեարկության հարցում. ով ինչպես եւ ում ուզեր, այնպես էլ պետք է քվեարկեր` ելնելով իրավիճակից:
- Ամեն դեպքում, ՕԵԿ-ից բոլորն էլ մասնակցել են քվեարկությանը:
- Ոչ, մենք ունեցել ենք բացակա պատգամավոր: Ինչ վերաբերում է մասնակցությանը, ապա ես որեւէ վատ բան չեմ տեսնում, որ մարդիկ մասնակցեն ու ազատ արտահայտեն իրենց կարծիքը, առավել եւս, որ այնտեղ կար նաեւ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ: Ես նույնիսկ իմ ելույթում բոլոր թեկնածուների մասին առանձին-առանձին արտահայտվեցի:
- Այնուամենայնիվ, կա±ր ակնկալիք, որ ՕԵԿ-ը կքվեարկեր ընդդիմադիր թեկնածուի օգտին:
- Ընտրությունը կոչվում է փակ, գաղտնի, որով մարդիկ իրենց կամքն ազատ արտահայտում են, եւ ես չեմ ուզում օրենքի խախտում կայացնել:
- Եթե անգամ չասեք բարձրաձայն, քվեարկության արդյունքներն արդեն պարզ են, եւ կարծես ՕԵԿ-ից ոչ ոք ընդդիմության ներկայացուցչին ձայն չի տվել:
- Քվեարկությունը գաղտնի է, իսկ արդյունքներն ու հետեւությունները եւ պարբերաբար հրապարակումների հետեւությունները թողնում եմ բոլորին եւ միայն անդրադառնում եմ այն կարեւոր հարցին, որ մենք մեր գործողություններում շիտակ ենք, պարզ ու բաց ճակատով:
- Իսկ ինչով էր պայմանավորված Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությանը Ձեր խմբակցության չմասնակցությունը:
- Ինչպես կասեր գյումրեցին` ՙեզը վերցնում` տակը հորթ են ման գալիս՚: Մենք պարզապես որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը:
- Ինչով եք հիմնավորում, արդյոք այս մեկը անձով էր պայմանավորված:
- Ոչ, մեր քվեարկությունները անձով պայմանավորված չեն, եւ մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած մեր գործընկերոջը: Ավելին, Հովհաննես Սահակյանի անձի հետ կապված որեւէ հարց չկա, կարծում եմ, բոլորը ըմբռնումով կվերաբերվեն ու կփորձեն հասկանալ:
- Չեք գտնում, որ ձեր գործողություններում անհամաչափություն կա` մասնակցել մի քվեարկությանը, բայց չմասնակցել մյուսին, որից ելնելով էլ` վերլուծություններ են անում:
- Հենց հարցն էլ դրանում է, հետաքրքիր է բա վաղն ինչ են գրելու ձեր թվարկած մարդիկ մեր քվեարկության չմասնակցության մասին, եթե գտնում են, որ մենք ընդդիմադիր չենք: Իսկ ժողովուրդն իմաստուն է, կընթերցի ու կհասկանա մեր քայլերը:
- Ստացվում է, որ դուք հատուկ դրա համար չմասնակցեցիք քվեարկությանը:
- Իհարկե` ոչ: Պարզապես, հարց է առաջանում` բա հիմա ինչ են գրելու մեր մասին: Եկեք տեսնենք ու հետեւություն անենք: Առանց վարանելու ասենք, որ պետք չէ ձվի մեջ մազ ման գալ, սովորաբար ձվի մեջ մազ չի լինում, դա անարդյունավետ զբաղմունք է: Ես պետք է այդ պատվիրակատարներին հիասթափեցնեմ, ովքեր ձվի մեջ մազ են ման գալիս եւ որոշակի նեղ վերլուծություններում պիտակներ են կպցնում: Մենք շատ բան ցույց տվեցինք, եւ ընդամենը մի քանի օր է անցել, ինչ ընդդիմություն ենք դարձել ու շատ բան կարողացանք ապացուցել:
Մենք որեւէ մեկի հետ թշնամի չենք, եւ այդ պատվերով հոդված գրողների թիվ մեկ խնդիրն էր, թե արդյոք մենք հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչ կունենայինք, թե` ոչ: Շնորհակալ եմ Ձեր այս հարցադրումից, որից հետո եկեք սպասենք ու տեսնենք, թե ի±նչ են գրելու սրանից հետո մեր մասին:
- Դուք հանձնաժողովի արժանի նախագահ համարո±ւմ եք Հովհաննես Սահակյանին:
- Այո, իհարկե, ինչպես գիտեք, ես էլ այդ հանձնաժողովի փոխնախագահն եմ: Նա ունի իրավաբանական գիտելիքներ, մաղթում եմ հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:
- Երկու օր առաջ նոր կառավարությունը ներկայացավ Ազգային ժողով: Ի±նչ ակնկալիքներ ունեք:
- Մենք արդեն նրանց մաղթել ենք հաջողություններ, սպասենք ու տեսնենք ինչպես հետագան կստացվի: Արդեն կառավարությանը ներկայացրել ենք օրենքի նախագիծ` ավտոտեխզննման հետ կապված, որի համահեղինակներից է նաեւ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նախագծով առաջարկում ենք երեք տարին մեկ անգամ անցնել տեխզննում եւ ընդհանրապես ավտոմեքենայի դիմապակուց վերացնել այդ կտրոնի առկայությունը: Կառավարությունն էլ արձագանքելով` առաջարկում է համատեղ աշխատել, համագործակցել իրենց հետ: Թե ինչպես կընթանա, չեմ կարող ասել` մինչեւ արդյունքը չտեսնեմ:
- Քանի որ նոր վարչապետին ճանաչում եք ու աշխատել եք երկար տարիներ, այս պարագայում ի±նչ ակնկալիքներ ունեք:
- Այս դեպքում եւս եկեք չշտապենք ու սպասենք արդյունքներին: Խոսքս ավարտելով, բացի հաջողությունների մաղթանքից, պետք է ամրագրենք, որ առանց գործ որեւէ գնահատական տալ չի կարելի: Ի վերջո, գործերն ավելին արժեն` քան խոսքերը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

