«ՔԱՌՅԱԿԻ» ՏԱՊԱԼՈՒՄԸ «ՔԱՌՅԱԿԻ» ՊՐՈԲԼԵՄՆ Է
Արխիվ 12-16«ՔԱՌՅԱԿԻ» ՏԱՊԱԼՈՒՄԸ «ՔԱՌՅԱԿԻ» ՊՐՈԲԼԵՄՆ Է
ԱԺ քառօրյան ավելի քան թեժ է: Դեռ իր մասին հիշեցնող ոչ իշխանական քառյակը փորձում էր խոչընդոտել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձեւավորմանը, որպեսզի չկայանային ԱԺ նախագահի եւ հետագա այլ ընտրությունները Ազգային ժողովում: Ընդդիմության եւ այլընտրանքի անտրամաբանական ցայտնոտի եւ հաշվիչ հանձնաժողովի գործունեության շուրջ խաղերի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
«70 ՀՈԳԱՆՈՑ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՆՍՏԻ ՆԱՅԻ՞, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՄԻ ՓՈՔՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՓՈՐՁՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ»
-Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման շուրջ բարձրացված աղմուկը:
- Ճիշտն ասած, ոչ թե աղմուկ էր, այլ կարծես մեր, այսպես ասած, օպոզիցիոն գործընկերները փորձում էին հերթական անգամ արհեստական խոչընդոտներ ստեղծել Ազգային ժողովի բնականոն աշխատանքի համար: Սա էր հիմնական նպատակը: Եվ դրա համար էլ մենք ստիպված եղանք արտահերթ նիստ հրավիրել եւ փորձեցինք մեր իսկ` փետրվարի 3-ին ընդունած Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն անել, որպեսզի Ազգային ժողովի բնականոն ընթացքը չխաթարվի, եւ մենք ցանկացած ընտրություն կարողանանք անցկացնել:
- Իսկ նման նախադեպ եղե՞լ էր հաշվիչ հանձնաժողովի պատմության մեջ:
- Որքան հիշում եմ, նման խնդիրներ երբեք չենք ունեցել: Ցավոք սրտի, այս խնդիրը առաջացավ, եթե հիշում եք, այն դեպքից հետո, երբ ԱԺ դահլիճում, այսպես ասած, օրը ցերեկով քվեարկության քարտերի գողություն կատարվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից: Այո, ես դա համարում եմ գողություն, որովհետեւ, իրոք, գողություն է, երբ մարդու քարտը վերցնում, տանում են: Դրանից հետո բնական է, որ այսպիսի խնդիր պետք է լիներ: Գիտեք ինչ է ստացվում, շատերին թվում է, թե 131 հոգանոց Ազգային ժողովում 70 հոգանոց մեծամասնությունը պիտի նստի նայի, թե ինչ-որ մեկը ինչպես է գողություն անում, կամ ինչ-որ մի փոքր խմբակցություն փորձում Ազգային ժողովի աշխատանքները խոչընդոտել: Բայց չէ որ մենք Ազգային ժողով եկել ենք աշխատելու, ոչ թե ինչ-որ մեկի կամակորությունը տանելու համար: Եվ դրա համար մենք ստիպված այսպիսի քայլի գնացինք, որպեսզի, էլի եմ ասում` որեւիցե մեկին թույլ չտանք խաթարել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը:
«ՀԱԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԲՈՅԿՈՏՈՒՄ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԲԱՅՑ ԻՐԵՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՌԱՋԱԴՐՎՈՒՄ Է»
-Ինչպե՞ս ստացվեց, որ այդ նույն բոյոկոտողները, այնուամենայնիվ, եկան եւ մասնակցեցին ԱԺ նախագահի ընտրությանը:
- Դա արդեն իրենցից է պետք հարցնել, որովհետեւ ինձ համար էլ է անհասկանալի: Եթե իրենք բոյկոտում են հանձնաժողովի աշխատանքը, ապա ինչպե՞ս են գալիս ու քվեարկում: Կամ ՀԱԿ խմբակցությունը բոյկոտում է հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը, բայց նույն ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչը առաջադրվում է որպես ԱԺ նախագահի թեկնածու: Ինչքան էլ, որ Հրանտ Բագրատյանն ասի, թե ես սրանց հետ գործ չունեմ, բայց առաջադրվել էր եւ եթե առաջադրվել էր, ուրմեն` թող բարի լինեին նաեւ մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:
- Որեւէ տրամաբանություն տեսնո՞ւմ եք ՀԱԿ խմբակցության գործունեության մեջ, որը իր իսկ ֆրակցիայի ներկայացուցչին դեմ է դուրս գալիս:
- Ուղղակի, երեկ ասել եմ իմ խոսքի մեջ եւ էլի կրկնում եմ, որ ինձ համար արդեն զարմանալի է մի խմբակցություն, որը հասկանալի չէ, թե ով ում հետ է խոսում, ով ինչով է զբաղվում: Իրենց խմբակցության անդամը առաջադրվում է, բայց իրենք քվեարկության չեն մասնակցում: Գոնե գային այդ մարդուն ձայն տային, վերջիվերջո, իրենց հետ եկել է Ազգային ժողով, իրենց հետ քաղաքական պայքար է տարել: Ինձ համար դա անհասկանալի է:
- Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին դեմ էին նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները, ովքեր նույնպես մասնակցեցին ընտրությանը: Այս դեպքում կարո՞ղ ենք ասել, որ ԲՀԿ-ի խոսքն այլեւս գործ չէ:
- Ես մեկնաբանություններ չեմ անում...
- ԱԺ նախագահի ընտրությանն, ըստ էության, մասնակցեցին ե՛ւ ՀԱԿ-ից պատգամավորներ, ե՛ւ ԲՀԿ-ից, ե՛ւ «Ժառանգությունից»: Արդյոք այս քայլով չտապալվեց ոչ իշխանական քառյակը:
- Չեմ կարող ասել, դա արդեն իրենց գործն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

