ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԻՄՆԱԴՐՎԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ
Արխիվ 12-16ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԻՄՆԱԴՐՎԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ
Եվ այսպեսª ապրիլի 29-ին Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՄՄ անդամ երեք երկրներիª ՌԴ-ի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ձեռք բերեցին պայմանավորվածությունª մայիսի 29-ին Աստանայում ստորագրել Եվրասիական միության հիմնադրման պայմանագիրը: Նույն օրը երեք նախագահները քննության կառնեն եւ, ամենայն հավանականությամբ, կստորագրեն նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի պարագայում մեր երկիրը, թերեւս, կմիանա նաեւ Եվրասիական միության նախագծին:
Մի խոսքովª այս երկու փաստաթղթերի ստորագրման առումով ծրագրերն ընթանում են նախատեսված հունով: Բայց չնայած դրան` Մինսկում, ակնհայտ է, որ ինչ-որ բան այն չէր:ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԱԽՈՐԺԱԿԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՁԱԽՈՂԵՑԻՆ
Նախ, որ մեզ համար ավելի հետաքրքիր է, Մինսկ չէր մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դրա պաշտոնական բացատրությունները տրվեցին. մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը նախօրեին ԱԺ-ում մեկնաբանեց, թե Հայաստանը դեռ չի ներառված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կազմում եւ ոչ միայն իմաստ չունի, այլեւ կարող է նաեւ ոչ կոռեկտ լիներ մասնակցել մի ձեւաչափով քննարկմանը, որի անդամը չէ: Սրա հետ մեկտեղ կա նաեւ հարցի տրամաբանական կողմը, որին հասնելու համար նախ փորձենք տեսնել այն մթնոլորտը, որը ձեւավորվել էր այդ հանդիպման ժամանակ:
Ընթացքը ցույց տվեց, որ բանակցություններն իրոք բավականին ծանր էին: Նախª Լուկաշենկոն էր համառ պահանջներ ներկայացնում, որ Եվրասիական միության պայմանագրով լիովին ազատականացվեին գազի եւ նավթի շուկաները, ինչի արդյունքում Բելառուսը կկարողանար ռուսական էներգակիրների հաշվին ստանալ եւ ՌԴ-ն էլª կորցնել տարեկան մոտ 30 միլիարդ դոլար:
Ըստ էության, Լուկաշենկոն դա համարում է Եվրասիական միությանն իր անդամակցության վարձը: Սակայն ՌԴ-ն էլ հարցին այլ կերպ է մոտենում. եթե անդամ-պետությունները Միության կազմ են մտնում հավասարության սկզբունքով, ապա ինչո±ւ պետք է ՌԴ-ի վրա նման հավելյալ ֆինանսական ծանրություն ընկնի, առավել եւս, որ Միության մյուս անդամների ներքին սպառման համար առանց մաքսատուրքի էներգակիրներ տրամադրելն արդեն իսկ բավականին մեծ բեռ է ռուսական բյուջեի համար: Կամ, եթե ՌԴ-ն պետք է ստանձնի այդ բեռը, ապա նա Միությունում ունեցած իր ֆունկցիաներով պետք է որոշակի գերակա վիճակ ունենա մյուս անդամների նկատմամբ: Լուկաշենկոյի համար դա ինչ-որ տեղ ընդունելի է. շատ ավելի հրապուրիչ է տարեկան հավելյալ 30 միլիարդ դոլարը, իսկ ուկրաինական սուր իրավիճակը, թերեւս, հարմար առիթ է ռուսներից հավելյալ զիջողություններ պոկելու համար:
Մյուս կողմից էլ, եթե իր հերթին էներգակիրների բավականին լուրջ էներգառեսուրսներ ունեցող Ղազախստանը էներգետիկ խնդրի շուրջ համակարծիք է ռուսների հետ, ապա Միության անդամների հանդեպ ՌԴ-ի գերակայության հարցով բոլորովին այլ տեսակետ ունի, նույնիսկ այն տեսակետին է, որ հենց Աստանան պետք է լինի Եվրասիական միության մայրաքաղաքը: Գումարած դրան թյուրքական ծագումնաբանություն ունեցող Ղազախստանը, որ որոշակիորեն ընդգծված վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբª կապված Ղարաբաղի հետ, հիմա էլ ՌԴ-ի հետ ինչ-ինչ նոր տարաձայնություններ ունի Ղրիմի թաթարների հարցով:
Այսպիսովª այս հիմնական հակասություններն էին, որ բավականին ծանրացրին մինսկյան բանակցությունների ընթացքը: Եվ այն աստիճան, որ բավականին ձգձգված այդ քննարկումներից հետո երեք նախագահներն այդպես էլ ավանդական համատեղ պաշտոնական մամուլի ասուլիսից հրաժարվեցին: Փոխարենըª ձեռք բերված պայմանավորվածությունները հակիրճ լրատվամիջոցներին ներկայացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ինչը նշանակում է, որ թեեւ կա պայմանավորվածություն Եվրասիական միության հիմնադրման պայմանագրի մասին, սակայն ներքին լարվածությունները դեռ պահպանվում են: Իսկ այն նյուանսը, որ դրանից հետո նաեւ Վ. Պուտինը շփվեց լրագրողների հետ, թեեւ խոսքը հիմնականում Ուկրաինայի մասին էր, սակայն այդ փաստը ցույց տվեց, որ ՌԴ նախագահը այդ ներքին հակասությունները միանգամայն հաղթահարելի է համարում. ՙՈչ առանց վեճերի, բայց մենք ամեն դեպքում գործնականում վերացրել ենք բոլոր խոչընդոտները, որոնք կային այդ ¥Եվրասիական միության- հեղ.¤ պայմանագրի ստորագրման առաջ՚: Չնայած դա հասկանալի է. իրավիճակը, որն ստեղծվել է Ուկրաինայի շուրջ, բնականաբար ակնառու օրինակ է, թե ինչ կարող է լինել անգամ տասնյակ միլիոնավոր բնակչություն ունեցող երկրների հետ, եթե հայտնվեն գլոբալ աշխարհաքաղաքական խաղերի կիզակետում: Եվ եթե մի պահ պատկերացնենք, որ Եվրասիական միության ստեղծման ծրագրերը ոչ թե ձախողվում, այլ նույնիսկ ժամանակացուցային շեղումներ են ունենում, ապա Միության ապագա անդամները հաստատ այդ աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներառվելուց խուսափել միայն մեծ դժվարությամբ կկարողանան: Մասնավորապես, թե ինչ տեղի կունենա Բելառուսի կամ Արեւմուտքի կողմից բռնապետ հռչակված Լուկաշենկոյի հետ, եթե առաջանա ուկրաինական մայդանն այդ երկիր ներմուծելու թեկուզեւ աննշան ճեղք, թերեւս Մինսկում էլ են քաջ գիտակցում: Էլ չասած, որ երեկվանից շարքային ուկրաինացիների համար գազի 1,5 անգամանոց թանկացումը հաստատ կհուշի, որ շատի հետեւից ընկնելով` ունեցածդ էլ կարող ես հեշտությամբ կորցնել:
ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
ՙՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆ՚ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ Է
Վերադառնալով Մինսկի այդ քննարկումներին Հայաստանի չմասնակցելու հարցին` նախ նկատենք, որ անմիջականորեն այդ բարդ բանակցություններին խառնվելը հաստատ մեզ բացասականից բացի դրական ոչ մի բան չէր տալու: Դրա հետ մեկտեղ Ուկրաինայի իրավիճակը աշխարհում ստեղծել է մի այնպիսի բարդ, նյարդային իրավիճակ, երբ ավելորդ անգամ առաջին պլանում երեւալը կարող է ցանկացած բնույթի ռեակցիաներ առաջացնել: Առավել եւս Եվրասիական միության ստեղծման ծրագրի հետ կապված, որը հասկանալի պատճառներով արեւմտյան քաղաքականության հիմնական թիրախներից մեկն է:
Առավել եւս, որ այս նյարդային իրավիճակում ամեն մի հայտարարություն, գործողություն, որ ավելի սովորական պայմաններում գրեթե ուշադրությունից դուրս էր մնում, հիմա կարող է բավականին նյարդային ռեակցիաների տեղիք տալ: Օրինակª ՀՀ նախագահի մասնակցությունը վերջերս Պրահայում տեղի ունեցած Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի գագաթաժողովին, այսպես ասած, ոչ միանշանակ գնահատականներ էր առաջ բերել ռուսական լրատվական հարթությունում: Նույն կարգի գնահատականներ հնչեցին նաեւ այն ժամանակ, երբ փոխվեց ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Խոսքը սովորական պաշտոնական պրոցեդուրայի մասին էր, սակայն հնչեցին գնահատականներ, որոնց այդ փոփոխությունը կապում էին ՄԱԿ-ում Ղրիմի հետ կապված հայտնի քվեարկության ժամանակ այդ կառույցում մեր արդեն նախկին ներկայացուցչի` ՌԴ-ի օգտին ձայն տալու փաստի հետ: Իհարկեª նման տեսակետն առնվազն տարօրինակ է այն առումով, որ ՄԱԿ-ում ցանկացած երկրի ներկայացուցիչ քվեարկում է ոչ թե իր անձնական ցանկություններից, այլª տվյալ երկրի ԱԳՆ-ի հրահանգներից ելնելով, այսինքնª կլիներ Հայաստանի նախկին, թե նոր ներկայացուցիչը, դրանից նրա քվեարկությունը չէր փոխվի: Բայց դե, կրկնում ենք, գլոբալ քաղաքականության մեջ իրավիճակն այն աստիճանի նյարդային է, որ շատ հաճախ է սկսել ողջամիտ տրամաբանությանը փոխարինելու գալ զգացմունքայնությունը, եւ այդ պարագայում համեմատաբար փոքր երկրների համար ավելի շահավետ կարող է դառնալ հնարավորինս ստվերում մնալը, մինչեւ խոշորներն իրար մեջ կպայմանավորվեն: Հակառակ պարագայում ոտնատակ գնալը, ինչպես ցույց է տալիս Ուկրաինան, շատ հեշտ է...
Ամեն դեպքում Մինսկի հանդիպման արդյունքների հիման վրա Վ. Խրիստենկոն փաստեց, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ՙճանապարհային քարտեզով՚ նախատեսված 126 կետերից 111-ը կատարված են, իսկ 15-ը ներառված են ՄՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրում: Դա նշանակում է, որ ՄՄ ներկայիս անդամ երկրների ղեկավարները եւս, ըստ էության, մինսկյան հանդիպման ժամանակ փաստել են, որ գործնականում Հայաստանի ՙՃանապարհային քարտեզն՚ արդեն իրագործված է, ինչը նշանակում է, որ միայն ինչ-ինչ արտառոց եւ այս պահին պարզապես չերեւացող իրավիճակը կարող է խանգարել համապատասխան պայմանագրի ստորագրմանը:
Իսկ ահա Եվրասիական միության պայմանագրի հետ կապված Վ. Պուտինն արդեն իսկ հասցրել է հանձնարարել ՌԴ կառավարությանը` ՙԲելառուսի եւ Ղազախստանի գործընկերների հետ համատեղ ամենաօպերատիվ կերպով՚ ավարտական տեսքի բերել այն: Դա էլ իր հերթին է նշանակում, որ մայիսի վերջերին Աստանայում անակընկալներ հազիվ թե լինեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

