ՙՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԻՐՏԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ
Արխիվ 12-16ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԻՐՏԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ
Մինչ ազգովի պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ 99-րդ տարելիցն ամփոփելով` փորձում առավել պահանջատեր դիրքերից ներկայանալ աշխարհին ու ոչ թե լսելի դարձնել մեր ձայնը, այլ ստիպել ընդունել, որ 20-րդ դարի սկզբին կատարվածը ցեղասպանություն էր թուրք ոճրագործների կողմից, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 24-ին գտնվում էր Ստամբուլում ու ինտենսիվ հարցազրույցներ տալիս թուրքական լրատվամիջոցներին: Վերջինս իր ինքնագործունեության շրջանակներում անգամ կոչով է հանդես եկել, թե Թուրքիան պետք է քաղաքացիություն տա «Անատոլիայից» հեռացած հայերին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ.
-Իմ կարծիքով, միայն քաղաքացիությամբ խնդիրը չի լուծվի: Բացի քաղաքացիությունից, առաջին հերթին այն մարդկանց, որոնց ծնողները, նախնիները ունեցել են գույք Օսմանյան կայսրությունում, պետք է որոշակի հատուցում տրվի: Պետք է նրանք հնարավորություն ստանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը, որը կորցրել են: Դրանից պետք է սկսել, դա է կարեւորը: Իսկ քաղաքացիությունը ընդհանուր բան է:
- Իսկ որեւէ արեւմտահայի սերնդի պատիվ կբերի՞ դառնալ այսօրվա Թուրքիայի քաղաքացի:
- Չեմ կարծում, որ դա էական նշանակություն կունենա, ու շատ մարդիկ կուզենան: Չգիտեմ, գուցեեւ լինեն առանձին նախընտրողներ, բայց ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ հենց այնպես կարող է հայ մարդը գնա, Թուրքիայի քաղաքացի դառնա: Կրկնում եմ` պետք է նրանց հնարավորություն տրվի առաջին հերթին իր ծնողների, իր նախնիների կորցրած գույքը որպես հատուցում ստանալ:
- Նման կոչերը արդյոք չեն շեղի բուն նպատակին հասնելուց:
- Մենք մեր խնդիրներն ունենք եւ այդ խնդիրները լավ հասկանում ենք, ուղղակի, պետք է հիմա ավելի կոնկրետ մտածենք այն ճանապարհները, որպեսզի այդ խնդիրները լուծենք: Իսկ այդ ճանապարհը գիտենք, պարզապես, պետք է ավելի վճռական լինել եւ ավելի լավ պատրաստվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

