ՙՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՅՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՅՈՒՐԱՍԵՂԱՆԸ, ՈՐՏԵՂ ԿՄԵԿՏԵՂՎԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ՚
Վրաստանը եւ Մոլդովան նախատեսում են ԵՄ Ասոցացման պայմանագիրը ստորագրել ոչ ուշ, քան հունիս ամսին: Իսկ Հայաստանը արդեն մայիս ամսին հնարավոր է, որ դառնա Մաքսային միության լիիրավ անդամ: Այս իրավիճակը, երբ շատ շուտով Հայաստանն ու Վրաստանը տարբեր դաշտերում կհայտնվեն, թե ինչ կերպ կազդի հայ-վրացական հարաբերությունների վրա, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՙՎիրահայերի միասնություն՚ ՀԿ-ի համանախագահ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՑ. -Անկեղծ ասած, որեւէ հակասության հավանականություն չեմ տեսնում: Հակառակը, Հայաստան եւ Վրաստան պետությունները պետք է իրենց հարաբերություններն ավելի ջերմացնեն, եւ դրա համար բոլոր նախադրյալները կան, անկախ նրանից, որ Վրաստանը գնում է Եվրամիություն, իսկ Հայաստանը` Մաքսային միություն:
Մենք հազարամյակների պատմություն ունեցող հարեւան եղբայրական ժողովուրդներ ենք, եւ այդ դիվանագիտության մեջ եղբայրության օրենք գոյություն ունի: Մենք մոտ կես միլիոնանոց հայ համայնք ունենք Վրաստանում, որն անպայման այդ իրողությունը պետք է հաշվի առնի: Եվ պիտի ասեմ, որ ոչ միայն հակասություններ կարող են առաջանալ, այլ ընդհակառակը` էլ ավելի պիտի ջերմանան հարաբերությունները, ու այս դեպքում Ջավախքը պիտի լինի այն ընդհանուր հյուրասեղանը, որտեղ կմեկտեղվեն հայ-վրացական շահերը: Պետք է անընդհատ կոփվի, թրծվի եւ նոր ուժ ստանա հազարամյակների խորքից եկած այդ եղբայրությունը: Նաեւ դիվանագիտական գործընթացներն են ցույց տալիս, որ Հայաստանի եւ Վրաստանի փոխհարաբերությունները ջերմանում են: Բոլորովին վերջերս Վրաստանի նորընտիր նախագահի այցը Երեւան եւ նաեւ արտերկրում երկու նախագահների հանդիպումը ուրվագծում են այդ ջերմությունը, ինչը համարում եմ մեր դիվանագիտական առօրյայի ձեռքբերումը: Այնպես որ, մնում է մենք հետամուտ լինենք այդ ամենին: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ