ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տարին սկսել էր կառույցում հիմնավոր փոփոխություններով: Փոխվեց ոչ միայն ֆեդերացիայի նախագահը, այլեւ փոփոխություններ եղան մարզչական պաշտոններում:
Ի սկզբանե նշվեց, որ այս փոփոխությունները նախատեսված են երկրում մարզաձեւի առաջխաղացման եւ ավելի մեծ նվաճումների հասնելու համար: Թեեւ նոր նշանակումները ընդունվեցին ոչ միանշանակ, բայց ֆեդերացիայի ղեկավար Արթուր Գեւորգյանն իր որոշումների մեջ հաստատուն մնաց: Չնայած դրան` որոշ նախնական հուսադրող արդյունքներ կան: Վազգեն Բադալյանի գլխավորությամբ` Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը ապրիլի 11-ին մեկնեց Բուլղարիա, որտեղ թիմը մասնակցեց աշխարհի երիտասարդական առաջնությանը եւ վերադարձավ մեկ ոսկե եւ մեկ բրոնզե մեդալով.
առաջնության 51 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Անուշ Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալը թիմի համար նվաճեց Նարեկ Մանասյանը: Գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի մեծահասակների հավաքականը` Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, մասնակցում էր Բելգրադում եւ Պոդգորիցայում տեղի ունեցող միջազգային մրցաշարերին: Հայ ուժեղագույն մարզիկները բավականին հաջող են հանդես եկել` ընդհանուր առմամբ նվաճելով 11 մեդալ, որոնցից 4-ըª ամենաբարձր հարգի: Պոդգորիցայում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը եւ 69 կգ քաշային Արման Դարչինյանը: 75 կգ քաշային Գոռ Ջեւելիկյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը արժանացել է բրոնզե մեդալի: Պոտգորիցայի միջազգային մրցաշարի լավագույն մարզիկ է ճանաչվել Արման Դարչինյանը, որն իր բոլոր մենամարտերում տպավորիչ հաղթանակներ է տոնել: Բելգրադում ոսկե մեդալ է նվաճել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Հովիկյանը: Այս մրցաշարում Արմանը ճանաչվել է նաեւ լավագույն մարզիկ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը եւ 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը գրավել են 2-րդ տեղը, իսկ 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը եւ 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
Մրցաշարի արդյունքների, մարզիկների ելույթների մասին Դավիթ Թորոսյանի հետ զրույցը կներկայացնենք մեր հաջորդ համարում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

