Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 6-10 Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի կունենա ՙԵվրատեսիլ-2014՚ երգի մրցույթը, որին այս տարի Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ը` իր Not Alone երգով:
Նա կներկայանա առաջին կիսաեզրափակչին` մայիսի 6-ին, առաջին համարի ներքո: Բայց, մինչ այդ ՙՎիտամին՚ ակումբի տղաների հետ համերգային շրջագայություն է ծավալել Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ Ավստրիայում: Այնտեղ ապրող մեր հայրենակիցները դրական են արտահայտվել երգի մասին, եւ հաջողություններ մաղթել նրան: Ինչպես նաեւ ապրիլի 13-ին Լոնդոնում տեղի է ունեցել Eurovision Party անվամբ համերգ, որին նույնպես մասնակցել է Արամ MP3-ը: Այն հարցին, թե ինչպիսի± շոուով է Արամ MP3-ը ներկայանալու Կոպենհագենում եւ ո±վ է զբաղվելու նրա հագուստի մոդելավորմամբ, ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ պատասխանեց. ՙՈրոշեցինք, որ Արամը միայնակ հանդես գա: Այդպես ավելի տպավորիչ կլինի: Իհարկե, լուսային նոր տեխնոլոգիաների արդյունքում հետաքրքիր շոու կստանանք: Բեք-վոկալիստներ նույնպես չեն լինելու: Մրցույթին Արամը ներկայանալու է դիզայներ եւ ոճաբան Արամ Նիկոլյանի ստեղծած շքեղ եւ նորաոճ հագուստով՚: Իսկ հագուստի մասին Գոհար Գասպարյանը եւ Արամ MP3-ը չցանկացան մանրամասնել` ասելով, որ այն փոքր-ինչ նման կլինի տեսահոլովակի կերպարի հագուստին, բայց չեն ուզում փակագծերն ավելի բացել: