ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Արխիվ 12-16ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Առողջապահական համակարգում գործող բժիշկների եւ բուժքույրերի մասնագիտական որակները բարձրացնելու, նրանց գիտելիքներն արդիականացնելու, նոր գործնական հմտություններ ձեռք բերելու եւ ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներից եւ նորամուծություններից հետ չմնալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում կներդնի եվրոպական եւ համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ: Առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ ՍԱՄՎԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ համոզմամբ` առանց ժամանակակից գիտելիքներով բժշկական անձնակազմի` հնարավոր չէ ունենալ որակյալ առողջապահական համակարգ. դրանք մեկը մյուսի հետ սերտ փոխկապակցված են:
ՙԻ տարբերություն շատ այլ մասնագիտությունների, բժիշկն իր ողջ մասնագիտական գործունեության ընթացքում շարունակաբար կրթվում է, նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերում եւ շարունակական մասնագիտական զարգացման անընդհատ գործընթացի մեջ է: Ժամանակակից բժշկագիտությունը շատ արագ զարգացող ոլորտ է, գրեթե յուրաքանչյուր օր նոր դեղեր, բժշկական նոր տեխնոլոգիաներ եւ գիտական զարգացումներ են լինում, եւ բժիշկը, որն ուզում է տեղեկացված լինել եւ հնարավորինս կիրառել դրանք, ստիպված է ամենօրյա ռեժիմով իր մասնագիտական գիտելիքների վրա աշխատել՚,- մեզ հետ զրույցում, ՇՄԶ կրեդիտային համակարգի ներդրման անհրաժեշտությունն այսպես բացատրեց Ս. Սողոմոնյանը: Ըստ նրա` համակարգի գաղափարը կայանում է նրանում, որ բժիշկը որոշակի ժամանակահատվածում (այդ ժամանակահատվածն ընդունվել է 5 տարին) պետք է հավաքի որոշակի կրեդիտներª բալեր, որոնք կտրվեն նրան այս կամ այն շարունակական մասնագիտական զարգացման միջոցառմանը մասնակցելու համար:
Օրինակ, եթե բժիշկը գնա որեւէ գիտաժողովի կամ դասընթացի, ապա նրան այդ դասընթացի մասնակցության համար կտրամադրվեն կրեդիտներ:
Բժշկին կրեդիտներ կշնորհվեն նաեւ արտասահմանում վերապատրաստվելու կամ համացանցովª առցանց դասընթացի մասնակցելու դեպքում: Պարոն Սողոմոնյանի խոսքերով, իհարկե, եթե նա պահպանի առցանց սեմինարին գրանցվելու ճիշտ ընթացակարգը եւ ստանա վկայական:
ՙԱրդյունքում, բժիշկը հինգ տարվա մեջ պիտի հավաքի որոշակի քանակությամբ կրեդիտներ, որով հավաստում է, որ ինքն ակտիվ ներգրավված է եղել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին եւ դա նրան հնարավորություն է տալու հաջորդ հինգ տարվա շրջափուլում շարունակել մասնագիտական գործունեությունը եւ աշխատել որպես բժիշկ՚,- նկատեց Ս. Սողոմոնյանը:
Որպեսզի համակարգը ներդրվի, Առողջապահության նախարարությունն Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել ՙԲնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին՚ ՀՀ օրենքում: Ըստ մեր զրուցակցի, 1996 թվականից սկսած, պարբերաբար փորձ է արվել առողջապահության բնագավառում ներդնել կրեդիտային համակարգը, սակայն քանի որ այդ գործընթացը չի սկսվել օրենսդրական փոփոխություններից, եւ հիմնականում արվել է նախարարների հրամանների մակարդակով, ապա համակարգն այդպես էլ կյանքի չի կոչվել, քանի որ օրենսդրական խոչընդոտներ են եղել:
Պարոն Սողոմոնյանի խոսքերով. ՙԱյդ իսկ պատճառով մենք որոշեցինք նախկինում կատարված սխալները չկրկնել եւ սկսել օրենքից: Օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն իսկ պատրաստ է: Այդ փաստաթուղթն արդեն 2 անգամ լսումներ է անցել: Լսումներ են կազմակերպվել ինչպես Երեւանում, այնպես էլ արտագնա` մարզերում: Հավաքել եւ ամփոփել ենք ոլորտի լավագույն մասնագետների կարծիքներն ու առաջարկությունները, եւ կարծում եմ, որ մոտ ապագայում արդեն Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովն այդ օրենքի նախագիծը կդնի շրջանառության մեջ, որից հետո դեռ երկար ճանապարհ է սպասվումª ենթաօրենսդրական ակտեր ընդունելու, շարունակական մասնագիտական զարգացման կառույցն ստեղծելու, համակարգը ներդնելու: Եվ քանի որ հիմնական դրույթները, հիմնական ուղղություններն ու շեշտադրումներն օրենքի ուժ կունենան, արդեն այդ աշխատանքները համեմատաբար ավելի հեշտ եւ համակարգված կընթանան: Արդյունքում ես ակնկալում եմ, որ կարճ ժամանակ անց Հայաստանում կներդրվի շարունակական մասնագիտական զարգացման եվրոպական եւ համաշխարհային մոդելով կրթություն, եւ բժիշկներն արդեն կսկսեն բուն գործընթացըª կրեդիտներ հավաքելը՚:
Նշենք, որ կրեդիտները տրամադրվելու են 3 հիմնական ուղղություններովª տեսական գիտելիքների զարգացում, գործնական հմտությունների զարգացում եւ ինքնակրթում, որը Ս. Սողոմոնյանի կարծիքով` ոչ պակաս կարեւոր է:
ՙԿրեդիտների յուրաքանչյուր բլոկի համար տրվելու են համապատասխան քանակության կրեդիտներ, եւ բժիշկը պարտավոր է լինելու 5 տարվա ընթացքում կրեդիտներ հավաքել բոլոր 3 ուղղություններով: Հնարավորություն չի տրվելու, որպեսզի բժիշկը միայն մեկ ուղղությամբ իր կրեդիտները հավաքի եւ այդքանով ավարտի՚,- ասում է պարոն Սողոմոնյանը:
Համակարգի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաեւ ունենալ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կրեդիտավորման կառույց եւ կրեդիտավորման հանձնաժողով, որը կստուգի բժիշկների կրեդիտները: Պարոն Սողոմոնյանի խոսքերով` մեր երկրում գործող այն գիտական, մասնագիտական ասոցիացիաները, բժշկական կազմակերպությունները եւ այլն, որոնք շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումներª գիտաժողովներ, գործնական հմտությունների դասընթացներ, համագումարներ կկազմակերպեն, նախեւառաջ պետք է դիմեն այդ հանձնաժողով եւ հայտ ներկայացնենª իրենց միջոցառման համար կոնկրետ կրեդիտներ ստանալու, որոնք հետո կբաշխեն մասնակիցներին:
ՙԸստ իս, բավականին լայնածավալ նախապատրաստական աշխատանք է կատարվել եւ կարծում եմ` լավ արդյունքներ կստանանք: Ակնկալում ենք, որ զգալիորեն կբարձրանան առողջապահական համակարգում գործող բժիշկների եւ բուժքույրերի մասնագիտական որակները, կարդիականանան նրանց գիտելիքները, եւ նրանք ձեռք կբերեն նոր գործնական հմտություններ եւ հետ չեն մնա ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներից եւ նորամուծություններից: Այդ համակարգի ներդրումը մեզ հնարավորություն կտա նաեւ համագործակցել միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնք միջազգային կրեդիտներ են տրամադրում, որովհետեւ այդ կրեդիտները, մեր պատկերացմամբ, միայն ազգային մակարդակով չէ, որ պետք է սահմանափակվեն: Եվ փորձելու ենք մաս կազմել համաշխարհային մասնագիտական շարունակական զարգացման բժշկական համակարգին: Այդ համակարգը վաղուց արդեն դրսում գործում է, եւ նրանք միմյանց փոխճանաչելով տրամադրում են ՇՄԶ կրեդիտներ: Մենք նույնպես ուզում ենք այդ համակարգի մաս կազմել, որպեսզի Հայաստանում տրամադրված կրեդիտները փոխճանաչվեն արտերկրում, իսկ արտասահմանյան երկրներում մեր բժիշկներին տրամադրված կրեդիտները` Հայաստանում: Դրանով մենք կխրախուսենք, որպեսզի մեր բժիշկներն ավելի հաճախ գնան վերապատրաստումների միջազգային տարբեր կառույցներում եւ ճիշտ հակառակըª արտերկրում աշխատող բժիշկները ավելի մեծ ոգեւորությամբ, ավելի պատրաստակամ գան եւ մասնակցեն Հայաստանում տեղի ունեցող գիտաժողովներինª հստակ իմանալով, որ հայկական կրեդիտները նույնպես կհաշվարկվեն՚:
ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

