ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՆԱԿՈՎ ԹԻԿՈՒՆՔԻՆ ՀԱՐՎԱԾԵԼԸ ՉԷ
Արխիվ 12-16ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՆԱԿՈՎ ԹԻԿՈՒՆՔԻՆ ՀԱՐՎԱԾԵԼԸ ՉԷ
Մեզանում դեռ տարածված է այն կարծիքը, թե ՙտղամարդկային ռազբորկաներին՚ չպետք է խառնվեն իրավապահ եւ դատական մարմինները: Ճիշտ է, շատ դեպքերում այդպիսի համոզմունքի երիտասարդները հանգում են այն բանից հետո, երբ կատարված հանցագործությունից հետո մեղադրյալը կամ նրա ազգականները ՙքավում՚ են մեղքերը պատճառված վնասի փոխհատուցումից հետո... Ցավալին սակայն այն է, որ այդ ՙտղամարդկանցից՚ շատերը չեն գիտակցում, որ տղամարդկությունը դանակով թիկունքին հարվածելը չէ, այլ ծագած վեճը խաղաղությամբ հանգուցալուծելն է:
ՙՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ, ԲԱՅՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ՚
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով մեղադրվող Արթուր Նաղդալյանը դատարանում ասել էր, թե ինքը ցանկանում է ցուցմունք տալ, սակայն լավ չի հիշում եւ այդ պատճառով խնդրում է հրապարակել իր նախաքննական ցուցմունքները: Պաշտպանվելու նման մարտավարությունը, ըստ իս, հեռանկար ունենալ չէին կարող, քանի որ պատանի մեղադրյալը (հանցավոր գործողությունը կատարելու պահին Արթուրը նոր-նոր էր հաղթահարել անչափահասության շեմը) նախաքննության ժամանակ ավելի քան մանրամասն խոստովանել ու հաստատել էր իր մեղավորությունը:
ՙԴեպքի օրը, 2013թ. մայիսի 3-ին, ժամը 01:30-ի սահմաններում ընկերոջս` Գեւորգ Մանուկյանի հետ գտնվել էինք Երեւան քաղաքի, Ավան Աճառյան 34 հասցեում գտնվող իմ համադասարանցու Դավիթ Խաչատրյանի խանութի մոտ եւ գարեջուր էինք խմել: Մեզ մոտեցել էր ինձ ծանոթ Հովհաննես Մանուկյանը: Երեքով միասին մտել էինք խանութ: Ես գարեջուր գնեցի, հյուրասիրեցի նրանց, հետո խնդրեցի, որ դուրս գան խանութից եւ շարժվեն մոտակա խաղահրապարակի ուղղությամբ, մինչեւ իմ գալը: Քիչ անց խաղահրապարակին հասնելուց տեսել եմ, որ Հովհաննեսը եւ Գեւորգը վիճաբանում են, քաշքշում իրար: Նրանց էին մոտեցել անծանոթ մարդիկ եւ բաժանել: Հետո Գեւորգի հետ գնացել էինք Աճառյան փողոցում գտնվող ՙգուտապ՚ կոչվող շենքի մոտ: Այնտեղ մեզ էին մոտեցել Հովհաննես եւ Հակոբ Մանուկյաններ եղբայրները եւ սկսել էին հարվածներ հասցնել մեզ: Ես վերադարձել եմ Դավիթի խանութ, վերցրել եմ երկու հատ խոհանոցային դանակ եւ...՚: Արթուրը իր այդ ցուցմունքը ավարտել էր նրանով, որ խանութից վերցրած դանակներից մեկով թիկունքից հարվածել էր Հակոբ Մանուկյանի աջ գոտկային հատվածին:
Սպանության փորձ կատարած Գեւորգ Մանուկյանը նույնպես հրաժարվել էր ցուցմունք տալ դատարանում: Իսկ նախաքննական ցուցմունքում խոստովանել էր, որ իր գրպանում գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածներ էր հասցրել Հովհաննես Մանուկյանին:
ՙԵս Հովհաննես Մանուկյանին իսկապես հարվածել եմ ծալովի դանակով: Հարվածից դանակը ծալվել եւ վնասել էր մատս: Ես կարծել էի, թե հարվածս չի կպել եւ չի վնասել Հովհաննես Մանուկյանին եւ շարունակել էի նրան հարվածներ հասցնել՚: Հանցագործությունը կատարելու ժամանակ չափահասությանը դեռ չհասած այդ պատանին իր այդ ցուցմունքով փորձել էր համոզել քննիչին, որ ինքը սպանելու դիտավորություն չէր ունեցել...
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՎԱՃԱՆԵԼ ԷՐ ՆԱԵՎ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ
Տուժող Հակոբ Սամվելի Մանուկյանը չէր կարող հրաժարվել դատարանում ցուցմունք տալուց: Նա հայտարարել էր, որ չգիտի, թե ով է իրեն դանակով հարվածել, իսկ ինչ վերաբերում է նախաքննական ցուցմունքներին, ապա ինքն այդ ցուցմունքները չի պնդում:
Երկրորդ տուժող Հովհաննես Մանուկյանը դատարանում գրեթե կրկնել էր նախաքննական իր ցուցմունքը: Նա պատմել էր, որ վիճաբանության պատճառ էր դարձելª բանակում ծառայող ՙլավ տղաների՚ վերաբերյալ քննարկումը: ՙԵս գլխիս հարված եմ ստացել, որից հետո չեմ հիշում, թե ինչպես եմ տուն հասել՚:
ԴԵՊՔԸ` ԸՍՏ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ
ՙԳեւորգ Երջանիկի Մանուկյանը ընկերոջ` Արթուր Գագիկի Նաղդալյանի հետ, 2013 թվականի մայիսի 3-ին, ժամը 01:30-ի սահմաններում, իրենց եւ պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող, կարճաժամկետ արձակուրդով տուն վերադարձած, երկվորյակ եղբայրներ` Հովհաննես եւ Հակոբ Սամվելի Մանուկյանների միջեւ րոպեներ առաջ տեղի ունեցած վիճաբանության պատճառների պարզաբանման նպատակով, հանդիպել են Երեւան քաղաքի, Ավան Աճառյան փողոցի 22 շենքին հարող ճանապարհահատվածում, որտեղ շարունակել են վիճաբանել, միաժամանակ փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, որի ընթացքում Գեւորգ Մանուկյանը Հովհաննես Մանուկյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակին եւ մարմնի տարբեր մասերին` գանգուղեղային տրավմայի գլխուղեղի ցնցման, քունքային, ճակատային, այտային եւ կրծքավանդակի շրջանների քերծվածքների, ձախ հոնքի շրջանի կտրած վերքի, կրծքավանդակի ձախ կեսի, ձախ թուլակողի, ձախից գոտկային շրջանի, ձախից զստոսկրի (թվով 3) շրջանների ծակած-կտրած չթափանցող, ձախ բազկի, նախաբազկի շրջանների ծակած-կտրած վերքերի ձեւով, ինչից հետո ստացած մարմնական վնասվածքներով շտապօգնության բրիգադի կողմից Հովհաննես Մանուկյանը տեղափոխվել է ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոն որտեղ ցուցաբերած բժշկական միջամտությամբ Գ. Մանուկյանի կամքից անկախ հանգամանքներում Հ. Մանուկյանը չի մահացել, իսկ Արթուր Գագիկի Նաղդալյանը իր մոտ գտնվող դանակով հարվածել է Հակոբ Մանուկյանի աջից գոտկային շրջանի ծակած-կտրած վերքի աջ երիկամի վնասումով, դիտավորությամբ նրան պատճառելով թափանցող վերքի ձեւով առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող՚:
ԿՅԱՆՔԸ ՉՊԵՏՔ Է ՍԿՍԻ
ԲԱՆՏԱԽՑԻՑ
Դատավճիռը հրապարակվելու պահին Արթուրն ու Գեւորգը 19 տարեկան էին: Արթուրը բանտում պետք է անցկացնի 5, իսկ Գեւորգըª 8 տարի:
ՙԼավ տղա՚ լինելու համար միգուցե այդ հանգամանքը ունենա ՙդրական՚ ազդեցություն: Ցավոք, բանտում քչերն են մտածում այն մասին, թե ինչպես լինել ու մնալ մարդ...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

