Ըստ որոշ տարածված խոսակցությունների` ՕԵԿ-ը լքեց կոալիցիան հենց այն պահին, երբ մոտ է Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելը, քանի որ այնքան էլ վստահ չեն իրենց արտահայտած` ՄՄ-ի հետ կապված դիրքորոշմանը:
Թե որքանով են վերոնշյալ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել ՕԵԿ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց. -Նման խնդիր չկա, մեր` կոալիցիայից դուրս գալը, պարզապես, այո, գուցե համընկավ այդ գործընթացի հետ, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ մենք դեմ ենք ՄՄ-ին անդամագրվելուն: Նման խոսակցություններ տարածողներն էլ քաղաքականությունից ոչինչ չհասկացող մարդիկ են: Մենք հստակ արտահայտել ենք մեր մոտեցումները, մեր դերը` Մաքսային միության անդամակցության հետ կապված, ասելով, որ դա բխում է մեր ազգային շահերից` անվտանգության, տնտեսական անվտանգության եւ բազմաթիվ այլ մոտեցումներով: - Շատերը ՄՄ-ի հետ կապված ձեզ վերագրվող տեսակետը պատճառաբանում են, օրինակ, նրանով, որ Ձեր կուսակցության դրոշը ավելի շատ Եվրամիության դրոշին է նման... - Մեր կուսակցության դրոշը ոչ մի դրոշի նման չէ, դա մեր դրոշն է: Այնպես որ, այստեղ նման անհիմն կապեր գտնելը եւ մեզ ինչ-որ բաների հետ կապելը պարզապես անհեթեթություններ են: Մենք ունենք մեր հստակ քաղաքական գիծը, որն արտահայտվում է քաղաքական հայտարարություններով: Մենք գտնում ենք, կրկնում եմ, որ, այո, ՄՄ-ի անդամակցությունը ելնում է մեր ազգային, ռազմական, տնտեսական շահերից: Սակայն դրան զուգահեռ, մենք միաժամանակ պետք է վարենք բալանսավորված քաղաքականություն` բարիդրացիական հարաբերություններ պահպանելով ե°ւ եվրամիության, ե°ւ ՆԱՏՕ-ի հետ: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ