Երեկ կայացած փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը: Հարկ ենք գտնում նկատել, որ նա ընտրվեց իրեն ընդդիմություն հայտարարած ՙՕրինաց երկիր՚ եւ այլընտրանք համարվող ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցությունների պատգամավորների աջակցությամբ:
Թե ինչ ենթատեքստ ուներ ԲՀԿ-ի այս քայլը, ճշտեցինք ՙՔրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՚ կուսակցության նախագահ, ՀԱԿ նախկին անդամ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻՑ. -ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը երբեք չի եղել եւ չի կարող լինել ընդդիմություն... Վերջին հաշվով պետք է հասկանալ, որ այդ կուսակցությունը ստեղծված է իշխանության կողմից, ՀՀ նախկին նախագահն է այդ կուսակցության տերը: Այդ կառույցը միշտ է պաշտապանել ու պաշտպանելու է իշխանությանը, իհարկե, նրանք փորձելու են խաբել ժողովրդին, հասարակությանը` իրենց քայլերով: Այդտեղ քաղաքական ուժ չկա, պարզապես գոյություն ունեն ֆինանսական միջոցներ եւ իշխանության կողմից նշանակված մարդիկ: - Փաստորեն, երբ ԱԺ ամբիոնից ԲՀԿ-ական պատգամավորները գոռում-գոչում են, պարզապես դերասանությո±ւն են անում: - Այո, եւ դա առաջին անգամը չէ, եւ նրանք միակ խմբակցությունը չեն, այդպիսի քայլեր եղել են նաեւ ոչ վաղ անցյալում` քաղաքական այլ ուժերի կողմից: ԲՀԿ-ն իշխանության ծնունդ է: Քաղաքականության մեջ նրանք ոչ ոք են, եթե չլինեն իշխանությունը եւ իշխանության կողմից տված գումարները: Այսինքն` իշխանությունը թույլ է տվել, որ իրենք գումարներ են ստեղծել, եւ որի միջոցով էլ ներկայումս զբաղվում են քաղաքականությամբ: Պարզապես, այս ընթացքում այդպես է ստացվել, պետք է այդ ներկայացումը խաղան` խաղում են: Կցանկանայի նշել նաեւ, որ նրանք միշտ ազնիվ են եղել` ասելով, որ իրենք ոչ թե ընդդիմություն են, այլ` այլընտրանք: