Այս անգամ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ՙքաշեց՚ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Վերջինս շտապեց հայտարարել, որ իրենց ֆրակցիան չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը, մինչդեռ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը սիրով մասնակցեց:
Լ. Զուրաբյանը, որը վերջերս սովորել է միայն ԲՀԿ-ական կարգադրությունները կատարել, հավանաբար, այս անգամ խիստ վիրավորվել է: Նրա ագրեսիան նախ դրսեւորվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի վրա, երբ քննարկվում էր ՙշքեղության հարկի՚ վերացման օրենքի նախագիծը: Զուրաբյանական հիստերիային ի պատասխան, Մ. Մելքումյանը խոստացավ մի քանի տնտեսագիտական դասագիրք նվիրել նրան: Սակայն այսքանով չբավարարվեց Լ. Զուրաբյանը եւ, ի հեճուկս ԲՀԿ-ի, իր ելույթի ժամանակ դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներին. ՙՀԱԿ խմբակցությունը հիմնվել է սոցիալ-լիբերալ գաղափարախոսության հիմքերի վրա, դուք էլ սոցիալիստական կուսակցություն եք: Այնպես որ, կարող ենք ախպերություն, ընկերություն անել՚: