ՉԷ, ՍՐԱՆՑԻՑ ՙԻՍԱՆ՚ ՉԻ ՍՏԱՑՎԻ
Արխիվ 12-16ՉԷ, ՍՐԱՆՑԻՑ ՙԻՍԱՆ՚ ՉԻ ՍՏԱՑՎԻ
Եվ այսպես, ԱԺ քառօրյայի երկու օրում ունեցանք միանգամայն իրար հակասող պատկերներ: Օր առաջին` ոչ իշխանական ՙքառյակը՚ ՙհնգյակի՚ վերածվելու հայտ է ներկայացնում, բոյկոտում է ԱԺ հաշվիչ հանձնաժողովը, եւ ՀՀԿ-ն ստիպված հաշվիչ հանձնաժողովը համալրում է սեփական եւս երկու ներկայացուցչով` դրա համար գումարելով արտահերթ նիստ, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել ԱԺ նախագահի ընտրություն:
Օր երկրորդ` Գալուստ Սահակյանն ընտրվում է ԱԺ նախագահ` 101 կողմ քվեով: Հարց` իսկ ի±նչ պատահեց ոչ իշխանական չգիտես` ՙքառյակի՚, ՙհնգյակի՚, ՙեռյակի՚, ՙզույգի՚ կամ չգիտես ինչի հետ:ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՙԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՚
ԱԺ նախագահի ընտրության օրը բացակայում էին 10 պատգամավոր. երկուսը ՀՀԿ-ից, չորսը ԲՀԿ-ից, մեկական` ՕԵԿ-ից, ՀՅԴ-ից ու ՙԺառանգությունից՚, գումարած, Օստապ Բենդերի ասած ՙեւ մեկ ատամնատեխնիկ՚, կներեք` անկախ պատգամավոր: Այսինքն, ներկաներից գտնվեց ընդամենը 20 պատգամավոր, ովքեր չեն քվեարկել ՀՀԿ ներկայացուցչի օգտին, այդ թվում` Հրանտ Բագրատյանին քվե տված 3 հոգին եւ քվեաթերթիկները անվավեր սարքած երկու հոգին: Հիմա ինչպե±ս է հաջողվել այդպիսի պատկեր ստանալ ոչ իշխանական 5 կուսակցություններին, երբ իրենք ունեն շուրջ 60 պատգամավոր: Այստեղ անզոր է ոչ միայն թվաբանությունը, այլեւ բարձրագույն մաթեմատիկան, պարզ քաղաքագիտական տրամաբանությունն էլ վրադիր:
Դե, բոյկոտողները պարզ են` ՀՅԴ-ն դեռ առաջին օրը հայտարարեց բոյկոտ, իր խոսքի տերն եղավ, ՙԺառանգությունում՚ բացառություն կազմեց Հրանտ Բագրատյանին քվե տված Ալիկ Արզումանյանը, ՀԱԿ-ում` ինքը` Բագրատյանը եւ նրա օգտին քվեարկած Նիկոլ Փաշինյանը: Լավ, բա ինչպե±ս պատահեց, որ նախորդ օրը հաշվիչ հանձնաժողովը համառորեն բոյկոտող եւ ամբիոնից թունդ ընդդիմադիր կեցվածք ցուցադրող ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը մի գիշերվա մեջ դարձան Գալուստ Սահակյանին քվե տվողներ:
Ուրեմն` այդտեղ չէր կարող լինել սկզբունքային մոտեցում ոչ Գալուստ Սահակյանի անձի, ոչ էլ ՀՀԿ-ի դեմ` որպես այդպիսին: Կար ընդամենը աղմկալի, հիսթերիկ շոու, որին հետեւեց խելոք-խելոք քվեարկելը: Այսինքն` այդ շոո±ւն էր ինքնանպատակ` ՀՀ քաղաքացիներին, կամ Արշակ Սադոյանի ասած ՙհարգելի ռադիոլսողներին՚ մոլորեցնելու համար: Բայց չէ որ ժողովուրդը պարզ տեսավ այդ 101 քվեի պատկերը` շոուից անմիջապես հետո, ու տարբերակ չկա հանրությունից թաքցնել, Գագիկ Ջհանգիրյանի ասած ՙեւ կույս մնալու, ե°ւ հաճույք ստանալու՚ խաղարկությունը:
Ու խաղարկությունը շարունակվեց հաջորդ օրը: ՙԻսկ ինչո±ւ եք որոշել, որ ես կամ մեկ ուրիշը քվեարկել ենք Գալուստ Սահակյանի օգտին, որեւէ ցուցում չի եղել պատգամավորներին՚,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ից միայն Գրիգոր Մարգարյանը (Բելաջոյի Գրիշը) ազնվորեն խոստովանեց, որ ձայն է տվել Գալուստ Սահակյանին: Բագրատյանին ձայն տվողները հայտնի են` ինքը` թեկնածուն, գումարած Փաշինյանն ու Արզումանյանը, քվեակության չմասնակցածները եւ բացակաները նույնպես հայտնի են անուն առ անուն: Լավ, ինչպես է տիկին Զոհրաբյանը փորձում երկու անվավեր քվեաթերթիկի վրա ՙսաղացնել՚ ԲՀԿ խմբակցությունը գրեթե ամբողջությամբ, դեռ ՕԵԿ-ն էլ վրադիր: Հիմա սա քաղաքական ոչ իշխանական դա±շտ է, թե± պարզապես քաղաքական կրկես: Կարճ ասած, սրանք ընդդիմություն չեն, կամ ճշգրիտ ժողովրդական խոսքով ասած` ՙմեջներն իսան չկա՚: Իզուր չէր հրապարակախոս, ՙՊահպանողական հեղափոխություն՚ գրքի հեղինակ Արծրուն Պեպանյանը կատակով ասում, որ ստիպված դառնում է իշխանափոխության մոլի կողմնակից, որ գոնե իշխանություն փոխելով հնարավոր լինի այդպիսի ընդդիմությունից ազատել հասարակության գլուխը:
Անշուշտ, ոչ մի դատապարտելի բան չկա, որ այս կամ այն քաղաքական ուժը պայմանավորվել է քվեարկությամբ աջակցել այս կամ այն թեկնածուին: Սակայն տարրական քաղաքական պարկեշտությունը պահանջում էր դա ասել ուղղակիորեն, այլ ոչ թե տարատեսակ կրկեսային ներկայացումներ սարքել, կուրծք ծեծել, ջանալ սեփական կեցվածքով ամեն կերպ հաստատել այն իբր ճշմարտությունը, թե քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում մարմնավաճառությունից: Բայց այդ պարզ բաները հասկանալու համար գոնե տարրական բարոյական արգելակները պետք է աշխատեին, իսկ դրանք շատերի մոտ, ինչպես երեւում է, տարիների ընթացքում մաշվել են մինչեւ վերջ:
ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ԴԱՇՏԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՔԱՅՔԱՅՈՒՄԸ
Այսպիսով, ոչ միայն ՙհնգյակի՚ կամ ՙքառյակի՚ քաղաքական գոյության մասին այլեւս խոսք լինել չի կարող, այլ նաեւ ճեղքեր են առկա հենց առանձին ոչ իշխանական ուժերի ներսում: Ի վերջո պարզ է, թե խորքային առումով ինչու պատգամավորական կորպուսի 80 տոկոսը աջակցեց ՀՀԿ թեկնածուին` Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը որպես այդպիսին, գումարած դրան հենց սկզբանե որդեգրված լայն խորհրդակցությունների մարտավարությունը միանգամայն սպասելի էին դարձնում, որ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը ռեալ չհակադրվեին իշխող կուսակցության թեկնածուին: Պարզապես այդ կուսակցությունները, դա պարզ ու թափանցիկ անելու փոխարեն, նախընտրեցին ձեւեր թափելու ամենատգեղ տարբերակը:
Սակայն, մեղմ ասած, փայլուն չեն գործերը եւ թունդ արեւմտամետ, ՙնարնջագույն՚ ուժերում` ՀԱԿ-ում եւ ՙԺառանգությունում՚: Օրինակ, ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կեցվածքը` առաջադրում, գործընկեր Թեւան Պողոսյանի դրական կարծիքի արտահայտում, ու մեկ էլ ինչ-որ տեղից եկած ինչ-որ ազդակով` ինքնաբացարկ: Հիմա դա Րաֆֆի Հովհաննիսյանի± արած օյինբազությունն է, թե ինչ է, որ հին փորձառու գայլ Ռուբիկ Հակոբյանը սեփական վարկանիշի հաշվին է այդպիսի շրջադարձ անում:
Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ներսում տեղի ունեցածինը, ապա Բագրատյանը դա պարզ ներկայացրեց. ՙՀԱԿ խմբակցությունը մյուս խմբակցությունների նման չէ, մենք յոթ պատգամավոր ենք` հինգ կուսակցությունից: Այդ ուժը, որ ստեղծել է այդ խմբակցությունը, հիմա չկա... Չի կարելի նույնացնել ՀԱԿ ներկայացուցիչներին ՀԱԿ խմբակցության հետ՚: Ու մթնոլորտի բնորոշումը` ՙԻրանց հարցրեք` աջակցել-չաջակցելու համար...՚, ինչպես նաեւ ճչալը` ի պատասխան լրագրողի այն հարցին, թե քանի քվե է ակնկալում ստանալ. ՙԻնձ վաբշե չի հետաքրքրում դա, ինձ հետաքրքրում ա քո երեխայի ապագան՚:
Նիկոլ Փաշինյանն ու Ալիկ Արզումանյանը նշեցին, որ քվե են տալիս Բագրատյանին, քանի որ իրենց երկար ու ձիգ տարիների ընկերն ու գործընկերն է: Սակայն ՀԱԿ մյուս 5 պատգամավորների, կամ եթե Ստեփան Դեմիրճյանին մի կողմ դնենք, չորսի պարագայում ի±նչ է ստացվում` որ իրենց այլեւս չի± հետաքրքրում բազում տարիների ընկերությունն ու գործընկերությունը, որ գոնե իրենց քվեներով բարոյական աջակցություն ցույց տան, այլ ոչ թե բոյկոտեն: Կարճ ասած, ոչ միայն քաղաքական միասնություն, այլ նույնիսկ պարզ մարդկային համերաշխություն չկա ՀԱԿ-ում, դե իսկ ՙԺառանգությունը՚ արդեն նոր չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գերագույն ջանքերով եւ կուսակիցների գործուն աջակցությամբ քամուն է տվել կես միլիոն քվեի քաղաքական կապիտալը: Գումարած նաեւ արտախորհրդարանական որոշ ուժերի անհասկանալի խաղերը` արդյոք Րաֆֆուն զոռով են տարել ՙքառյակ՚, թե ոչ: Կարճ ասած` ՙնարնջագույն՚ կուսակցությունների քաղաքական ապագան անխուսափելի եւ անփառունակ քաղաքական մահն է, իսկ ՙքառյակը՚ որպես այդպիսին, ու մասնավորապես ԲՀԿ-ն ոչ միայն ներքին հակասությունների բեռ է կրում, այլեւ փաստացի հանդես է գալիս որպես րոպեական քաղաքական քամիների գերի, ու դեռ պարզ չէ` ապագայում հստակ քաղաքական գիծ կտեսնե±նք: Դե թող շնորհակալ լինեն Ռոբերտ Քոչարյանին, որ ոչ հստակ վերադառնում է հրապարակային քաղաքականություն, ոչ էլ հստակ նշում, որ իր հետ հույսեր ու ծրագրեր կապող չլինի: Դա էլ վատ քաղաքական բնավորության արգասիք է` ամեն ինչ ձգտել անել ստվերում, ու արդյունքում ստացվում է ոչ այն, ինչը ծրագրվել էր:
Ինչ վերաբերում է գրանտածիծ ՀԿ-ների եւ ՙքաղաքացիական հասարակության՚ այլ տարատեսակների դաշտին, ապա երկրի` Մաքսային միություն մուտք գործելով` նրանք լրիվ իմաստազրկվում են: Նոր աշխարհաքաղաքական-քաղաքակրթական միջավայրում ոչ ոք չի գուրգուրելու ոչ շպիոնօնիկներին, ոչ աղանդավորներին, ոչ էլ տարատեսակ գույնզգույն փոքրամասնություններին: Ի դեպ, ուշագրավ է` ՊՆ-ում կայացավ ներկայացուցչական գիտագործնական կոնֆերանս ՙՔայքայիչ պաշտամունքները եւ փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք՚ թեմայով: ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ, գեներալ Վարդան Ավետիսյանի զեկույցում պարզ ներկայացվեց, թե քանի անգամ է ավելացել քայքայիչ պաշտամունքներ դավանողների ներկայությունը, իսկ կոնֆերանսի ընդհանուր տպավորությունն այն էր, որ այժմ աղանդավորությունը դիտարկվում է առնվազն ոչ պակաս սպառնալիք, քան գողական ենթամշակույթը: Պարզ է, որ բանակում հենց առաջնահերթ դա արմատախիլ կարվի, քաղաքացիական ոլորտներում` ավելի ուշ, բայց կարեւորը գործընթացն է, միտումը: Ովքեր որ ավելորդ են` անխուսափելիորեն դուրս կմղվեն, քանզի, կոպիտ ասած, պետության դեմ խաղ չկա:
Հա, մի հետաքրքիր դետալ էլ, թե ինչով է հիմա զբաղված Արեւելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի հայաստանյան երբեմնի իրենից շատ գոհ համակարգող Բորիս Նավասարդյանը: Պարզվում է, որ հիմա նրա կարեւորագույն դարդուցավը դարձել է այն, որ Ադրբեջանում անխնա տրորել են իրավապաշտպաններ Յունուսովներին եւ լրագրող Միրկադիրովին` երեքին էլ ՙՀայաստանի շպիոն՚ հանելով: Դե, մի բանով պիտի զբաղվի պարապ մնացած այդ կառույցը, եթե Հայաստանում անելիքը պրծավ, ապա մնում է հետաքրքրքվել հարեւան, այդ թվում թշնամի երկրներով: Դե ինչ, գոնե Ադրբեջանի վրա ՙգործ կտա՚ բրյուսելներում ու ստրասբուրգներում, այլ ոչ թե` մեր երկրի...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

