Ալիսա Մելիքսեթյան. «ԲԱՎԱԿԱՆ Է ԼԱՑԻՆ, ԱՆՏԵՍՎԱԾ ՄԱՆԿԱՆ ԱՂԵՐՍԻՆ» (Տեսանյութ)
Արխիվ 12-16Ալիսա Մելիքսեթյան. «ԲԱՎԱԿԱՆ Է ԼԱՑԻՆ, ԱՆՏԵՍՎԱԾ ՄԱՆԿԱՆ ԱՂԵՐՍԻՆ» (Տեսանյութ)
Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում լայն արձագանք է գտել «Armenian Children about The Armenian Genocide» սոցիալական հոլովակը, որտեղ մանկան անմեղությամբ տասնյակ պահանջատեր հայորդիներ ի լուր աշխարհի ասում են, որ իրենք Շառլ Ազնավուր են, Կոմիտաս են, Արշիլ Գորկի են, Արամ Խաչատրյան են, Ալան Հովհաննես են, Տիգրան Պետրոսյան են… Այո, գալիս են հերոսներին փոխարինելու նոր հերոսները… Կամ ինչպես հոլովակի ավարտին է մատնանշվում. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ բառարաններում դեռ չէր ստեղծվել այդ բառը: Երբ մարդու ախորժակը մարդ կամեցավ: Բնաջնջել, ոչնչացնել, վերացնել երկրից, քարտեզից գրքերից, իր իսկ տեսակին` իր իսկ միջոցով: Սակայն հայի ոգին չբռունցքվեց թշնամու ձեռքերում` թեւածեց եւ հարություն առավ: Ծնվեցին հերոսներ` հերոսների արյունից»:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված խիստ հուզական, բայց պահանջատեր հոլովակի մասին, «Իրավունքը» զրուցեց հոլովակի հեղինակ եւ ռեժիսոր ԱԼԻՍԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ հետ:
- Ինչպե՞ս ծագեց գաղափարը հենց այս կերպ անդրադառնալ ցեղասպանության 99-րդ տարելիցին:
- Արդեն 99 տարի է, ինչ մարդկությանը եւ աշխարհին խնդրում ենք, համոզում ենք, ապացուցում ենք, թե ինչ է իրականում
տեղի ունեցել մեզ հետ: Բավական է լացին, անտեսված մանկան աղերսին. ինչպես 99 տարի առաջ, այնպես էլ հիմա աշխարհը դիվանագիտորեն լռում է: Սակայն այսօր ապրում է հետցեղասպանության 4-րդ եւ 5-րդ սերունդը, որը գիտի, կրում է իր մեջ պապերի կենսագրությունը, բայց աշխարհին չի ներկայանում լացող, գլխիկոր հայի տեսքով, այլ խոսում է Հայոց Մեծ Ջարդի մասին հերոսների անուններով, թե ինչ եղավ, ինչպիսի անուններ տվեց աշխարհին հայը` ցեղասպանությունից հետո (իհարկե, հոլովակում փորձել էինք ավելի սեղմ ներկայացնել` հաշվի առնելով տեխնիկական օրինաչափությունները):
- Արդյո՞ք շարունակական կլինի այս շարքը:
- Շարունակական կլինի թե ոչ, չեմ կարող ասել, քանի որ սա հանկարծաստեղծ կամ կոմերցիոն ուղղվածություն ունեցող նախագիծ չէ: Սա յուրաքանչյուր հայի պարտքն է` մեկ ժողովուրդ, մեկ պատմություն, մեկ գաղափար, մեկ ուղերձ:
- Ի՞նչ սկզբունքով են ընտրվել հոլովակի մասնակից փոքրիկները:
- Փորձ եմ արել ընտրել հայի յուրաքանչյուր տեսակ` արտաքին և նեքին խառնվածքով: Եվ եթե նկատել եք, աշխարհում եզակի հոլովակներից է, որ չի օգտագործվել որեւէ կոսմետիկ միջոց, երեխաներն այնպիսին են, ինչպիսին որ կան առօրյայում` նույնիսկ իրենց տարիքին համահունչ արտաքին փոքրիկ թերությունները չեն շտկվել... Տեսահոլովակի սկզբից մինչեւ վերջ պահպանվել է հանդիսատեսի հետ անմիջականությունը:
- Կարծես թե, սոցցանցերում միայն դրական մեկնաբանություններ են տարածված հոլովակի մասին, ինչին միանում ենք նաեւ մենք…
- Շնորհակալություն, ես էլ առայժմ, միայն դրական արձագանքներ եմ լսում, հատկապես այնպիսի մարդկանցից, ումից չէի սպասում…
- Հետաքրքիր է, թե Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք հոլովակի ասելիքը:
- Գործից առաջ կամ հետո, գործը մեկնաբանելը այնքան էլ պատշաճ եւ նպատակային չեմ համարում, քանի որ աշխատանքը արվում է գնահատելու կամ չգնահատելու համար, իսկ դա թող որոշի հանդիսատեսը:
- Ի վերջո, փոքրիկներին հաջողվե՞ց փոխանցել բազմահազար սոցցանցային հանրությանն այն, ինչ Դուք էիք ցանկանում ներկայացնել:
- Փոքրիկների հետ աշխատելը շատ դժվար էր եւ շատ հաճելի: Նրանք կլանված, ուշադիր լսում էին այն ամենը ինչ ես ասում էի, եւ փորձում էին անել առավելագույնը` ականջ դնելով շարունակական իմ ցուցումներին` անել լավագույնը, սակայն չկորցնել անկեղծությունը: Մինչ տեսախցիկին մոտենալը, նկարահանման հրապարակից քիչ հեռու թույլ չէի տալիս այլ բանով զբաղվել` հեռախոսներով կամ միմյանց զվարճալի անեկդոտներ պատմել, շարունակ նյութի , ինֆորմացիայի մեջ էի փորձում պահել: Ելնելով սոց. ցանցերում մեկնաբանություններից, արձագանքներից, նաև այս հարցազրույցից` կարծում եմ հաջողվեց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

