Այսօր Սեւանի մասին օրեքնում փոփոխություններ կատարելու շուրջ կրքերը բավականին լարվեցին ԱԺ-ում: Ընդդիմությունը մեղադրեց իշխանությանը, որ Սեւանի հաշվին զարգացնում են ձկնաբուծությունը, որի եկամուտների մեծ մասը գնում է մեծահարուստների գրպանը:
Ի դեպ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, թե իբր Հովիկ Աբրահամյանն իրեն ասել է, որ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը նույնպես զբաղվում է ձկնաբուծության բիզնեսով: Սրա հետ կապված, Վարդան Այվազյանը տեղից ինչ-որ բաներ էր գոռգոռում, սակայն չօգտվեց իր պատասխանի իրավունքից: Դրա փոխարեն` ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հերքեց Փաշինյանի մեղադրանքը, որն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին: Մելքումյանը հայտարարեց, որ Գ. Ծառուկյանը ձկնաբուծության ոլորտում որեւէ հետաքրքրություն չունի: Բացի այդ, նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու օրինագծին, եթե այդ թույլտվությունը տրվի ոչ թե հինգ, այլ մեկ տարով: Ինչ վերաբերում է իշխանական խմբակցության պատգամավորներին, ապա լրացուցիչ ջրօգտագործման ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով կրճատելու առաջարկով դեռ նախորդ քառօրյային հանդես էր եկել պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, իսկ այսօր Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պնդեց, որ ձկնարդյունաբերությունը Արարատյան դաշտավայրում չարդարացված ձեռնարկ է, քանի որ ծախսվում են շուրջ մեկ միլիարդ դոլարի ջրային ռեսուրս, սակայն ստացված եկամուտը անհամապատասխան է ծախսված ներդրումներին: Վարդան Այվազյանը նույնպես առաջակեց ուժեղացնել վերահսկողությունը ջրի ծախսի նկատմամբ եւ արգելել նոր ջրհորերի թույլտվությունը: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ