Կրկին վերանշանակված մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ հայտարարել է.
Արխիվ 12-16
Կրկին վերանշանակված մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ հայտարարել է. ՙԵս փորձել եմ իմ հնարավորությունների սահմաններում անել այն ամենը, ինչ որ կարեւոր եմ համարել մշակույթի ոլորտը զարգացնելու համար՚: Զարմանալի է, զարգացում չերեւաց, բայց փոխարենը ի հայտ եկավ պատմական արգելոց-թանգարաններում ՙտուրիզմին նպաստելու համար՚ դուքյաններ կառուցելու ամոթալի ծրագիրը: Հանրային բողոքի շնորհիվ Գառնիում հաջողվեց կանխել դուքյանաշինությունը, շաբաթօրյակին էլ այդ խայտառակության հետքերը մաքրվեցին: Բայց դեռ չի հնչել հավաստիացում, որ դուքյաններ չեն ծլի Զվարթնոցում, Քարահունջում, Լոռվա բերդում... Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է հուսալ, որ տիկին Պողոսյանն իր կողմից կարեւոր համարածներից ոչինչ չի անի: Գոնե զերծ կմնանք հերթական տհաճ անակնկալներից:
Ժամանակին նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ հանդես էր գալիս ամենաթունդ դիրքորոշումով` ընդդեմ Մաքսային միության: Բայց մեծ էր մեր զարմանքը, երբ տեսանք, որ նրա մոտեցումը փոխվել է. ՙՍեպտեմբերի 3-ից հետո այս 6 ամիսների ընթացքում իրողություն է փոխվել, դրան նպաստեցին ուկրաինական դեպքերը, աշխարհի արձագանքները, կարծում եմ, էապես փոխվել է նաեւ Ռուսաստանը: Եվ այդ փոփոխությունը ի շահ մեզ է: Ինչու, որովհետեւ այսօր Ռուսաստանին նվաճված, կամազուրկ երկրներ հարկավոր չեն, այլ` դաշնակիցներ, հետեւաբար` նրան անհրաժեշտ է ինքնիշխան, ուժեղ Հայաստան՚: Դե ինչ, ՙհին քոթուկը՚ ուրիշ է, 1980-90-ականների թոհուբոհը, այդ շրջանի քաղաքական փորձը մարդուն սովորեցրել են ճկուն մտածել, վերլուծել, սեփական տեսակետը վերանայել, եթե այն սխալ է կամ թերի է եղել: Այ, եթե նաեւ մյուսները նրանից օրինակ վերցնեն...
Որ խոսք գնաց Ռուսաստանի մասին, չենք կարող չհիշատակել մի զարմանալի ապատեղեկատվություն` իբր Պրահայում ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Ադրբեջանի, Վրաստանի, ՙԱրեւելյան գործընկերության՚ այլ երկրների նախագահների հետ միասին հարց է բարձրացրել, թե ռուսական զորքը պետք է հետ քաշվի Ուկրաինայի սահմանից: Անշուշտ, ստի ոտքերը կարճ են, եւ չուշացավ մեր ԱԳՆ-ի պարզաբանումը, որ նման բան ՀՀ նախագահի կողմից չի եղել, բայց... Ինչպիսի ստեր կարող են մատուցել ինտերնետը եւ հեռուստատեսությունը: Հետաքրքիր է, ստի դեդեկտոր միացնելու դեպքում, այն ինտերնետից ավելի շուտ կբոցավառվի եւ շարքից դուրս կգա, թե` հեռուստացույցից...
Մեզ որոշ չափով զարմացրեց եւ ՕԵԿ առաջնորդ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Ներկայացնելով կոալիցիայից դուրս գալու պատճառաբանությունները` նա նաեւ ասաց. ՙՄենք ուզում ենք ռեալ արդյունքներ, արդյունքին միտված քաղաքականություն, մենք ուզում ենք պատասխանատու դիրքորոշում, եւ ընդհանրապես մենք ուզում ենք ազատություն՚: Հիմա ՕԵԿ-ի 236 օրենսդրական առաջարկություններից 200-ը ընդունվել են, սրանից էլ բարձր արդյունք: Կամ արդյոք կոալիցիայի կազմում ՕԵԿ-ի դիրքորոշումն անպատասխանաատու էր, որ հիմա պատասխանատու դիրքորոշում են ուզում: Կամ ինչ էր պատահել ազատության հետ, քաղբանտարկյալ էին ՕԵԿ-ականները, կամ շղթայակապ էին շրջում, կամ խանգարող կար որեւէ բան նախաձեռնելու կամ արտահայտվելու: Զարմանալով հանդերձ, մնում է հիշել ժողովրդական խոսքը` Աստծուց կրակ եք ուզում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

