ՐԱՖՖՈՒ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16ՐԱՖՖՈՒ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված` որոշ գործիչների մոտ սկսվել են ՙգարնանային սրացումներ՚ եւ նրանք մտադիր են նախաձեռնել հերթական ՙհանրահավաքային եթերաշրջանը՚: Խոսքը մասնավորապես ՙբարեւի հեղափոխության՚ առաջամարտիկ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է, ով ապրիլի 9-ին Ազատության հրապարակում անցկացրեց ՙբազմամարդ՚ հանրահավաք եւ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, ամենայն լրջությամբ մտադրվել էր այդ օրը հայտարարել իր հերթական հացադուլի մասին: Իհարկե հասկանալի է, որ պարոն Հովհաննիսյանը որեւէ քաղաքական պահանջ չուներ, պարզապես, ինչպես հանրահավաքից օրեր առաջ հայտնել էր լրատվամիջոցներին, նա մի փոքր ավելորդ քաշ է հավաքել, ինչից դժգոհել է նրա կինը` Արմինեն:
Սակայն այս ՙլուրջ՚ գործը խափանվել է այն պատճառով, որ հանրահավաքից ժամեր առաջ Ր. Հովհաննիսյանը տեղեկացել է, որ հաջորդ օրը` ապրիլի 10-ին, Գագիկ Ծառուկյանն իր հայտնի այգիներում կազմակերպում է ՙհրաշալի քառյակի՚ ղեկավարների հանդիպում: Ինչպես հայտնի է, Ր. Հովհաննիսյանն արդեն մեկ անգամ բախտ ունեցել է հյուրընկալվել Գ. Ծառուկյանին եւ սեփական փորձով գիտի, թե այդ կարգի հանդիպումներից հետո ԲՀԿ առաջնորդն ինչպիսի ճոխ հյուրասիրություններ է կազմակերպում, հատկապես ոգելից խմիչքների տեսականու առումով: Եվ ահա, չդիմանալով այդ գայթակղությանը, Ր. Հովհաննիսյանը չեղյալ է համարել իր հերթական հացադուլը եւ մեծ ուրախությամբ ուղեւորվել Առինջ` հավանաբար, մտքում պատկերացնելով օրվա հյուրասիրության ճոխ մենյուն: Ականատեսների վկայությամբ, ՙքառյակի՚ նշված հանդիպման քաղաքական հատվածում Ր. Հովհաննիսյանն իրեն բավականին պասիվ է պահել եւ որեւէ կոնկրետ միտք չի արտահայտել: Մի մտածեք, թե Ր. Հովհաննիսյանն ասելիք չուներ, պարզապես նրա համեստությունը պայմանավորված է եղել ՙհզոր՚ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությանը որեւէ կերպ ՙբարեւի՚ հեղափոխությունը կպցնելու ուղիների փնտրտուքով: Իսկ այդպիսի կարեւոր հարցը պետք է լուծել կուշտ փորով եւ անպայման գինովցած, այդ պատճառով էլ, հյուրասիրության ժամանակ նա գտնվել է իր տարերքի մեջ եւ հատկապես ուրախացել է իր սիրած վիսկիների տեսականու առատությունից:
Որկրամոլության այդ դրսեւորումը, երեւի թե, խղճի լուրջ խայթ է առաջացրել Ր. Հովհաննիսյանի մոտ` ավելի սրելով հացադուլ անցկացնելու անհրաժեշտության հանգիստ չտվող գաղափարը: Բայց դե, հնարավոր չէ տանը նստել ու հայտարարել, թե այսուհետ հաց չես ուտում, որ մի քիչ նիհարես: Ընտրազանգվածն այդպիսի վերաբերմունքը չի հասկանա, մարդիկ պետք է առերես ըմբոշխնեն իրենց ՙերազների կուռքի՚ անմարդկային տանջանքները:
Հավանաբար, հենց այդ պատճառով էլ Ր. Հովհաննիսյանն ամբողջ ապրիլ ամսվա համար հանրահավաքներ անցկացնելու նպատակով ՙբրոնյա՚ է արել Ազատության հրապարակը: Բացառություն են կազմում ապրիլի 28-ը, 29-ը եւ 30-ը, քանի որ մինչ այդ, ՙՀայ ազգային կոնգրեսն՚ արդեն շտապել էր այդ օրերի համար իրենով անել Ազատության հրապարակը` ՙհրաշալի քառյակի՚ համատեղ հանրահավաքները կազմակերպելու ակնկալիքով: Եվ քանի որ ՙքառյակն՚ այլեւս որեւէ բովանդակային ասելիք ու անելիք չունի, որոշվել է չանցկացնել ապրիլի 28-ից 30-ի հանրահավաքները, ինչը, սակայն, ամենեւին դուր չի եկել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, նա ակտիվ բանակցում էր, որպեսզի ՀԱԿ-ը կամ այդ օրերը զիջի ՙԺառանգությանը՚, կամ էլ իրենք անցկացնեն համատեղ հանրահավաքներ: Սակայն ինչպես հայտնի է, Կոնգրեսում Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարն այնքան էլ լուրջ չի ընդունվում, ուստի համատեղ հանրահավաքի մասին խոսք անգամ չկա, իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից ՙբրոնյա՚ արված օրերը ՙԺառանգությանը՚ զիջելուն, ապա այս պահի դրությամբ Կոնգրեսից որեւէ կոնկրետ պատասխան չեն տվել եւ առայժմ դիվանագիտորեն ՙցրում՚ են Րաֆֆի բանագնացներին:
Հասկանում ենք, որ տվյալ պարագայում խոսքը քաղաքական կամ գաղափարական գործընթացի մասին չէ: Պարզ է նաեւ, որ ՀԱԿ-ի ուտող-խմող տղերքը հակված չեն հրապարակը տրամադրել հացադուլ սկսող մարդուն: Այստեղ հարցը ուտել-խմելու նկատմամբ ունեցած վերաբերմուքով չի սահմանափակվում միայն. Կոնգրեսում շատ լավ հասկանում են, որ կուշտ Ր. Հովհաննիսյանը խաթարում է ՙքառյակի՚ աշխատանքները, եւ պատկերացնում են, թե որքան ավելի բարդ կլինի, երբ նա սոված մնա: Բայց միեւնույն ժամանակ, այս ամենը հաշվի առնելով, մեր կողմից հորդորում ենք ՀԱԿ-ին, որպեսզի նրանք Ազատության հրապարակը զիջեն ՙԺառանգությանը՚, եւ պարոն Հովհաննիսյանը հնարավորություն ունենա սկսել իր հացադուլը, որովհետեւ նրա դեպքում խոսքը բացառապես առողջության մասին է, եւ որքան շուտ նա սկսի ու ավարտի իր ՙդիետան՚, այնքան ավելի լավ բոլորիս համար:
Ի դեպ, ՀԱԿ-ից վերջնական մերժում ստանալու դեպքում Ր. Հովհաննիսյանը, որպես պահեստային տարբերակ, Ազատության հրապարակը ՙբրոնյա՚ է արել նաեւ մայիսի 1-ին, սակայն հնարավոր է, որ երկար սպասված հացադուլն այդ օրը եւս չկայանա, որովհետեւ հայտնի չէ, թե մայիսի 2-ի կամ 3-ի համար ինչպիսի ճոխ հյուրասիրության հրավեր կստանա պարոն Հովհաննիսյանը: Այս սերիալային զարգացումներում որոշակիություն կմտնի այն ժամանակ, երբ Ր. Հովհաննիսյանը վերադառնա Ստամբուլից, քանի որ այդ նույն ժամանակահատվածում նա նաեւ պետք է իր ՙամերիկյան պապաներին՚ հաշվետվություն ներկայացնի, թե ինչով է զբաղված եղել վերջին շրջանում, որպեսզի ՙհովանավորները՚ որոշեն` արդյոք արժե± շարունակել ֆինանսավորել Ր. Հովհաննիսյանի հերթական ՙքաղաքական ավանտյուրաները՚:
Ա. ԱՐԱՄՅԱՆ

