ՀՅԴ-Ն ՉԻ ՀԵԳՆՈՒՄ ՕԵԿ-ԻՆ
Արխիվ 12-16ՀՅԴ-Ն ՉԻ ՀԵԳՆՈՒՄ ՕԵԿ-ԻՆ
Երեկ Ազգային ժողովում ՙՕրինաց երկիր՚ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ ի պաշտոնե հայտարարեց, որ այսուհետ ՕԵԿ-ը փոխում է քաղաքական իր կուրսը եւ գործելու է որպես ընդդիմություն: Ի պատասխան նրա խոսքի` արձագանքը սպասվածից էլ վատն էր: Հայտարարությունից հետո բացարձակ լռության մեջ լսվեցին միայն ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ծափահարությունները: Թե արդյոք նման արձագանքը հեգնանք էր պարունակում, ճշտեցինք ՀՅԴ պատգամավորից.
-Հեգնական որեւէ բան չկար, կարծում եմ, որ դա դիրքի փոփոխություն է, որին ես դրական եմ արձագանքում:
- Մի խոսքով` ուրախ եք, որ ՙՕրինաց երկիրն՚ ընդդիմություն է դարձել:
- Ոչ, ուրախ կամ տխուր լինելու հարց չկա, դա իրենց որոշումն էր, որի հետ կապված ես շնորհավորեցի իրենց:
- Իսկ ձեր տեսակետը` նման որոշման վերաբերյալ որն է:
- Կարծում եմ, որ փոքր խմբակցությունները, եթե ազդեցություն չեն կարողանում ունենալ, ավելի ճիշտ կլինի, որ դիրքորոշվեն ընդդիմադիր դաշտում:
- Իսկ ՀՅԴ-ի եւ մյուս երեք ուժերի հետ համագործակցության առաջարկ եղել է, թե ոչ:
- Ես այդ մասին տեղեկություն չունեմ, տվյալ հարցին կարող են պատասխանել այն անձինք, ովքեր քննարկումներ են անցկացրել չորս ոչ իշխանական ուժերի շրջանակներում:
- Եթե նման առաջարկ լինի, եւ ՕԵԿ-ը ցանկանա միանալ ոչ իշխանական կոալիցիային, որը կլինի ՀՅԴ-ի որոշումը: Արդյոք անվստահության հարց չի առաջանա:
- Եթե նման առաջարկ լինի, մենք իհարկե կքննարկենք այդ հարցը, սակայն դա պետք չի տեղափոխել վստահության կամ անվստահության դաշտ, եթե հարցերի իրացման մակարդակում համագործակցությունը կարող է բերել մեր տեսակետների, ավելի հիմնավոր առաջմղմանը, կարող է նաեւ լինել նման համագործակցություն:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

