ՔԱՌՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՅԱԼ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է
Արխիվ 12-16ՔԱՌՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՅԱԼ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է
Ինչպես հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ընդդիմադիրաայլընտրանքային քառյակը չի քննարկել ԱԺ նախագահի միասնական թեկնածու առաջադրելու հարցը: Եվ իր համար անակնկալ էին ինչպես Հրանտ Բագրատյանի, այնպես էլ Ռուբիկ Հակոբյանի առաջադրումները: Ն. Զոհրաբյանը նաեւ ասաց, որ նոր իրավիճակում ԲՀԿ-ն պետք է եւս քննարկի հարցը եւ որոշում կայացնի, թե ի վերջո ում օգտին է քվեարկելու: Ի դեպ, երեկ առավոտյան դեռ հայտնի էր, որ ԲՀԿ-ն պետք է քվեարկեր Գալուստ Սահակյանի օգտին, սակայն քառյակի գործընկերների քայլերը կարծես թե խառնաշփոթ մտցրին ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթով նույնպես հաստատեց, որ քառյակը ըստ էության դադարել է գոյություն ունենալ, քանի որ երկու ընդդիմադիր թեկնածուների պարագայում ՀՅԴ-ն հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, այսինքն` ձայնը չի տալու նրանցից ոչ մեկին:
Քառյակի դեմքը փորձեց փրկել Ռուբիկ Հակոբյանը` հայտարարելով, թե հանում է` ընդամենը կես ժամ առաջ ՙԺառանգության՚ խորհրդի կողմից առաջադրված իր թեկնածությունը: Այն, որ ՙԺառանգության՚ տրամադրությունները, որոշումները փոխվում են կայծակնային արագությամբ, նորություն չէ, սակայն Ռուբիկ Հակոբյանը կոչ արեց քառյակի պատգամավորներին հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց եւ դրանով իսկ վերականգնել քառյակի միասնությունը: Միաժամանակ դա լուրջ փորձություն կլինի ԲՀԿ-ի համար, որը ըստ տարածված լուրերի` խոստացել է իր աջակցությունը Գալուստ Սահակյանին, մյուս կողմից` խնդիր կառաջացնի ՀԱԿ խմբակցությունում, որի անդամ Հրանտ Բագրատյանը ինքնաառաջադրվել է: Այսպիսով, եթե ԲՀԿ-ն չմասնակցի ընտրություններին, ապա կխախտի Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակումով ստեղծվող փոխհամաձայնությունը ՀՀԿ-ի հետ: Իսկ եթե ԲՀԿ-ն մասնակցի ընտրությանը, ապա վերջակետ կդնի ՙքառյակ՚ հասկացողությանը:
Նույն բարդ իրավիճակում հայտնվեց ՀԱԿ-ը, որը մասնակցելու դեպքում կխաթարեր քառյակի ընդդիմադիր ոգին, իսկ չմասնակցելով` միայնակ թողեց Հրանտ Բագրատյանին: Ուստի, սրանով հաստատեց, որ ՀԱԿ խմբակցություն` որպես այդպիսին, գոյություն չունի: Թեեւ վերջին դատողությունը նորություն չէ, քանի որ Բագրատյանը ոչ միայն չհետեւեց ու չհանեց իր թեկնածությունը, այլ շեշտեց, որ ինքնաառաջադրվել է, ՀԱԿ-ի հետ իր առաջադրումը կապ չունի, եւ որ նա պատասխանատու է միայն այն մարդկանց առջեւ, ովքեր ձայն են տվել ՀԱԿ դաշինքին, որն այսօր Բագրատյանի բնորոշմամբ` գոյություն չունի: Հատկանշական է, որ այն պահին, երբ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, բոլորի հայացքը ուղղվեց դեպի Բագրատյանը, ով ծիծաղելով ու ձեռքերով ցույց տալով ամբիոնի մոտ կանգնած Զուրաբյանին` բարձր ասաց. ՙԵս սրանց հետ ի±նչ կապ ունեմ՚:
Մի խոսքով, քառյակում կատարյալ խառնաշփոթ է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

