Այսօր կորոշվի, թե ով է լինելու ԱԺ նորընտիր նախագահը: Նշենք, որ առաջադրված են երկու թեկնածու: Քաղաքական մեծամասնության կողմից առաջադրվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունից ինքնաառաջադրվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՙԱզատություն՚ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Ի դեպ, Հ. Բագրատյանի առաջադրումը կաթվածահար արեց ԲՀԿ-ին, ում ծրագրերի մեջ նման շրջադարձ չէր քննարկվել, ուստի` նրանք որոշեցին միայն այսօր իրենց դիրքորոշումը բարձրաձայնել: Թե ինչ կորոշի քաղաքական այլընտրանքը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ. - Դեռ պետք է քննարկենք ու որոշում կայացնենք,- շտապեց մնացած հարցերից խուսափել ԲՀԿ-ական պատգամավորը: Իսկ նման քաղաքական իրադարձությունների զարգացումից առաջ, քաղաքական կուլիսներում խոսակցություններ էին պտտվում, որ ԲՀԿ-ն համաձայնել է ու պատրաստվում է քվեարկել Գ. Սահակյանի օգտին: