ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Արխիվ 12-16ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
1982 թվականից սկսած ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր: ՀՀ մշակութի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ազգային պարարվեստի ջանքերով, 2004 թվականից Հայաստանը նույնպես միացավ այդ նախաձեռնությանը: Անդրադառնալով հայկական պարարվեստին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի փաստեց, որ հազարամյակների ընթացքում հայ ազգային ինքնության բանալին եղել է նաև հայկական պարարվեստի մեջ, որը մնայուն արժեք է: «Հայկական պարարվեստը քայլում է լուսեղեն ճանապարհով, այն ունի փայլուն ավանդույթներ, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ»,-նշում է ԿԱՐԵՆ
ԳԵՎՈՐԳՅԱՆԸ և միաժամանակ հավելում, որ մշակութային ոլորտներից յուրաքանչյուրն ունենում է իր խնդիրները, իսկ պարարվեստի ոլորտում առաջանային խնդիրը պարարվեստի մասին օրենքի բացակայությունն է, ինչի հետևանքով էլ ով ինչպես և որտեղ ցանկանա հավաքում է պարի խումբ և դասավանդում պար` չիմանալով պարուսուցման տարրական մեթոդները, ազգային տարազի նրբերանգները և այլն: Չնայած այս ամենին, Կ.Գևորգյանը շեշտում է, որ այսօր Հայաստանում գործում են հրաշալի պարային կոլեկտիվներ, որոնք արժանապատվորեն հայկական պարը ներկայացնում են օտար բեմերում: Բացի այդ, վերջին 10 տարիների ընթացքում պարարվեստում կատարվել են բավականին աշխատանքեր և ի տարբերություն երգարվեստի, այստեղ օտար շարժումներ չեն ներթափանցել. «Հայակական պարը գալարումներ, կոնքագոտու խաղեր չի ունեցել: Հայկական պարը ճիշտ բնորոշել է Մեծ վարպետ Վահրամ Արիստակեսյանը` «Մեր պարերը զուսպ են և զսպանակավոր»: Անհասկանալի տարազներով հայկական ժողովրդական պարեր ներկայացնելը ես հանցագործություն եմ համարում, քանի որ աշխարհի ոչ մի ժողովուրդ չունի այնպիսի նրբերանգ, բազմատեսակ, բազմաձև տարազ , ինչքան որ հայ ժողովրդի տարազներն են»,-ընդգծում է Կարեն Գևորգյանը:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ֆիլարմոնիայի տնօրեն ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ խոսքով` հայ
պարարվեստը զարգացնելու համար իրականացվել և կիրականացվի երեք նախաձեռնություն: Նախ` տպագրվել է հայ պարագետ, երախտավոր Սրբուհի Լիսիցյանի գիրքը, որը Գագիկ Մանսյանը համարում է հայ պարի Աստվածաշունչը: Առաջիկայում կտպագրվի նաև գրքի երկրորդ և երրորդ հատորները, որոնք ըստ Մանասյանի տեսականորեն և գիտականորեն հեղաշրջում կարող են առաջացնել պարի բնագավառում: Երկրորդը` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կդասավանդվի «պարի սիմվոլիկա» առարկան, որը կարևորու է Գ.Մանսյանը: Այժմ համալսարանի ամբիոնը աշխատանքներ է տանում, որպեսզի հետագայում կարողանա համապատասխան մասնագետներ պատրաստել: Երրորդ նախաձեռնությունը վերաբերվում է Հայաստանի պետական ֆիլարմոնիայի համակարգում էթնոգրաֆիկ պարի անսամբլի ստեղծմանը, իսկ թե ինչո՞ւ էթնոգրաֆիկ` Գագիկ Մանասյանը տալիս է հետևյալ բացատրությունը. «Ընդհանրապես մեր մշակույթը ներկայացնելու համար շատ քիչ բան ունենք: Էթնոգրաֆիկ պարի անսամբլը հենված է լինելու զուտ ազգագրական հենքի վրա: Խումբ, որը օրինակ կլինի ճիշտ ազգագրության, ֆոկլորի, բեմական կատարման` հիմքում ունենալու է ազգագրությունը և Կոմիտասի երաժշտական սկզբունքները: Հայ պարարվեստի ամենամեծ թերությունը նոր բեմադրությունների պակասն է»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

