"Վ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԱՆԸՆԴՀԱՏ ՇՈՇԱՓԵԼԸ, ԹԻՐԱԽԱՅԻՆ ՍԱՐՔԵԼԸ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ"
Արխիվ 12-16"Վ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԱՆԸՆԴՀԱՏ ՇՈՇԱՓԵԼԸ,
ԹԻՐԱԽԱՅԻՆ ՍԱՐՔԵԼԸ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ"
Ինչպես հայտնի է, օրերս Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող "Շիրակ ջրմուղկոյուղի" ՓԲԸ շենքի դիմաց հնչել էին կրակոցներ, որի պատճառով հրազենային վնասվածքներ էր ստացել տաքսու վարորդ, 27-ամյա Արտակ Մարատի Անդրեասյանը: Նրան տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ եւ վիրահատել էին: Թե ով է եղել կրակողը, ոստիկանությունը դեռ չի հրապարակում, նշելով, որ մանրամասները դեռ ճշտվում են: Սակայն, ըստ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների, ոստիկանությունը կասկածում է Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Հրաչիկ Խաչատրյանի ազգականներից մեկին, որը բավական ակտիվ շփման մեջ է եղել Արտակ Անդրեասյանի հետ:
Միջադեպի հետ կապված փորձեցինք մանրամասներ պարզել ԱԺ գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից, ով մասնավորապես ասաց.
- Ճիշտն ասած, շատ չեմ խորացել մանրամասների մեջ, որովհետեւ ես դա համարում եմ սովորական միջադեպ: Ինձ համար շատ ցավալի է իհարկե, որ կրկին Գյումրու անունն է հնչում, ցավալի է նաեւ, որ կրակոցներ են եղել, եւ մարդիկ են վիրավորվել: Բայց շատ սեւեռվել դրա վրա չեմ ուզում, քանի որ նման միջադեպերի ժամանակ մի ամբողջ մարզի բնակչության հեղինակության հետ են փորձում խաղալ: Նման միջադեպերի հեղինակներն իրենց վարքագծով փորձում են ստվեր գցել քաղաքում կատարվող դրական գործընթացների վրա: Ամեն դեպքում, ես դատապարտում եմ նմանատիպ արարքները, որովհետեւ կարծում եմ, որ յուրաքանաչյուր անձ` անկախ տարիքից, պետք է կարողանա իրեն զսպել, կարելի հազար ու մի հարցի շուրջ հակադրվել, բայց կրակոցներով, սպառնալիքներով հարցի լուծումը ինձ համար անթույլատրելի է: Չեմ ընդունում նաեւ այն արդարացումները, որ ասում են, թե Գյումրիիում հաճախակի են միջադեպեր լինում, քանի որ գյումրեցիները շատ ավելի տաքարյուն են եւ պատվախնդիր: Այո, ընդունում եմ, որ տաքարյունությունը հնարավոր է հասակի հետ կապված լինի, բայց պատվախնդրությունը միայն հրազենով կամ դիմացինին մարմնական վնաս հասցնելով չէ: Էլի եմ ասում` պատվախնդիր անձի համար հազար ու մի միջոցներ կան, բացի կրակոցներից: Ես անձամբ, որպես գյումրեցի, քաղաքում տեղի ունեցող այս տեսակի ամեն միջադեպի համար ինձ շատ վատ եմ զգում:
Պատգամավորը չի հասկանում նաեւ այն մարդկանց, ովքեր Գյումրիում տեղի ունեցած ցանկացած միջադեպ կապում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվան հետ.
- Ինձ համար անհասկանալի է այն, երբ Գյումրիում տեղի ունեցած ցանկացած միջադեպ վերագրում են Վարդան Ղուկասյանի անձի հետ: Բնական է, որ նա ունի լայն շրջապատ` տասներեք տարի աշխատել է քաղաքապետ, եւ, բնական է, որ քաղաքապետարանում այդ տարիների ընթացքում հազարավոր աշխատակիցներ են աշխատել, բայց դա անընդհատ կապել Վարդան Ղուկասյանի անձի հետ` պատշաճ չէ: Հիմա այդ մարդը աշխատանքից դուրս է եկել, թողնենք ինքն իր գործով, իր բիզնեսներով զբաղվի, ճիշտ չէ մարդու անունը կապել ցանկացած միջադեպի հետ, համենայնդեպս, դա իմ կարծիքն է: Վարդան Ղուկասյանի անունը անընդհատ շոշափելը, թիրախային սարքելը, ես նպատակային եմ համարում: Այլ բան է, որ Վարդան Ղուկասյանը կամ նրա ընտանիքի անդամները ներկա լինեն այդ պրոցեսին, բայց եթե այդ մարդիկ ընդհանրապես կապ չունեն, ի՞նչ իմաստ ունի նրանց անունը շոշափելը:
Պարոն Ավետիսյանը նշեց նաեւ, որ շատ ուրախ է, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է հենց Գալուստ Սահակյանի թեկնածությունը.
- Ես կարծում, որ Գալուստ Սահակյանը մեր միակ փորձառու ընկերներից է, նա կուսակցության հիմնադիրն է, կուսակցության փոխնախագահն է: Եվ այս ամենը տրամաբանորեն գալիս է ասելու, որ Գալուստ Սահակյանը, այո, այն արժանի մարդն է, ով այսօր կկարողանա ղեկավարել ԱԺ-ն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

