ԻՏԱԼԱՑԻ ՍԱՔՍԱՖՈՆԱՀԱՐԸ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՊԱՐԳԵՎԻ «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԲԻԹԼՍ»
Արխիվ 12-16ԻՏԱԼԱՑԻ ՍԱՔՍԱՖՈՆԱՀԱՐԸ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՊԱՐԳԵՎԻ «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԲԻԹԼՍ»
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կոնենա Հայաստանի պետական կամերային նվագախումբի (ՀՊԿՆ) և իտալացի հանրահայտ սաքսոֆոնահար ՖԵԴԵՐԻԿՈ ՄՈԴԵԼՉԻԻ համատեղ համերգը`«Անմոռանալի բիթլս» խորագրով: Նախատեսված է չորս համերգ` երեքը Երևանում, մեկը` Ստեփանակերտում: Ինչպես կազմակերպիչներն են փաստում, հայտնի սաքսոֆոնահարը միշտ ցանկություն է հայտնել լինել Արցախում, ուստի մեծ գոհունակությամբ համաձայնվել է: Չորս համերգների ընթացքում հայաստանյան հանդիսատեսը կվայելի լիվերպուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների մշակումները, որոնք հատուկ արվել են կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի խոսքով` նախատեսված նախագիծը բոլորովին նոր է, և ստեղծագործությունների մեծ մասը կատարվելու է առաջին անգամ: Մշակված բոլոր ստեղծագործությունները կատարվել են ՀՊԿՆ պատվերով և հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են նվագախմբին: «Մեր պատվերն էր, որպեսզի բոլոր այդ ստեղծագործությունները մշակվեն, որն իրականացվեց իտալացի կոմպոզիտորների կողմից»,-ընդգծեց ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ և հավելեց, մշակումները այնպես են կատարվել, որ լրացվի և ստացվի երաժշտական կտավը:
Նախատեսված համերգներից մեկը տեղի կունենա առանց Վահան Մարտիրոսյանի մասնակցության. «Ֆեդերիկո Մոնդելչին ոչ միայն սաքսոֆոնահար է այլ նաև դիրիժոր, առաջին համերգը կղեկավարեմ ես: Քանի որ պետք է մեկնեմ Տոկիոյի ֆիլարմոնիկ նվագախումբը ղեկավարելու, այդ իսկ պատճառով էլ, համերգներից մեկը կղեկավարի Մոնդելչին»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:
Համերգների ընթացքում հանդիսատեսին սպասվում են նաև անակնկալներ, սակայն Վահան Մարտիրոսյանն առայժմ չի ցանկանում բացել փակագծերը: Նշենք, որ համերգներից վերջինը համընկնում է ջազի միջազգային օրվա հետ` նվագախումբը և սաքսոֆոնհարը հանդիսատեսին կպարգևեն անմոռանալի համերգ, որով էլ կեզրափակեն համարգային ծրագիրը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

