Գաղտնիք չէ, որ Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը, ինչպես նաեւ արդեն մեր տոների ու ծեսերի մեջ մտած մեռելոցների, անգամ Եղեռնի օրը, ծաղկավաճառների համար բարեբեր ժամանակներ են:
Այդ օրերին եռակի-քառակի բարձրանում են ծաղիկների գները, ու մարդիկ ստիպված են լինում վճարել պահանջված գումարը` օրն իմաստավորելու եւ արժեւորելու համար: Բայց այս ամենին չէինք անդրադառնա, եթե երեկ` Եղեռնի օրվա հետ կապված եւս, ականատես չլինեինք ծաղիկների ֆանտաստիկ գներին: Այս առումով մեր ընթերցողներից մեկը, որ երեկ զանգահարել էր խմբագրություն, զայրույթը հազիվ զսպելով` ասաց. ՙԾաղկավաճառները կորցրել են չափի զգացումը, սահմանել գներ, որոնք որեւէ կապ չունեն իրատեսության հետ: Եվ հենց սահմանված գներն էլ, խոչընդոտել են ծաղկի վաճառքին: Ի դեպ, Հայաստանում ամեն ինչ հակառակն է արվում: Ողջ աշխարհում Ծննդյան տոների ժամանակ իջեցվում են գները, գների իջեցում է կատարվում նաեւ Վալենտինի, Կանանց տոների ժամանակ, մինչդեռ Հայաստանում կատարվում է հակառակը` նույնիսկ սգո օրերին էլ են ուզում եռապատիկ ձեւով մտնել մարդկանց գրպանները՚: Իսկ մեկ ուրիշն ասաց. ՙԽայտառակությունը էն խոսքը չի, ոնց որ ձեռ առնեն մարդկանց` թոռմշած, լրիվ թափելու մեխակների, կակաչների գները հատը 250 դրամից է սկսվում՚: Արդյոք այս առումով որեւէ հսկողություն չի իրականացվում ծաղկավաճառների վրա, փորձեցինք պարզել ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց. - Ամեն տարի, ոչ միայն Եղեռնին ընդառաջ, այլեւ տոներին ընդառաջ, ծաղիկների գների մինչեւ 200-300 տոկոս թանկացում է նկատվում: Ամբողջ աշխարհում գոյություն ունեն գյուղատնտեսական մթերքների գները կարգավորող հանձնաժողովներ, որոնք սահմանում են ապրանքի մթերման գինը, վաճառքի առավելագույն շեմը եւ այլն: Հայաստանում, սակայն, նման հանձնաժողով չկա: Մենք եւս, կոնկրետ այսօր, շատ բողոքներ ենք ստացել ծաղիկների թանկացման հարցով, իսկ գյուղատնտեսական մթերքների շուկան գնային իմաստով ամբողջովին վերահսկողությունից դուրս է: Մենք մի քանի անգամ հրապարակային խոսել ենք նման կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց դա պետք է լինի ոչ թե հերթական անգամ ստեղծված անգործ մարմին, այլ իրականում գործի: Պատկան պետական կառույցների ներկայացուցիչներն էլ, որոնց երեկ դիմելու հնարավորություն ունեցանք, պատճառաբանելով ոչ աշխատանքային օրը, խոստացան միայն պարզաբանումներ տալ հետագայում: Բայց նաեւ հնչեցրին նույն ակնարկըª պետությունը ծաղկավաճառների վրա ազդելու լծակներ չունի: