ՙ«ՄԵԶ ՄԻԱՅՆ ՓԱՂԱՔՇԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԵՏՔ ՉԷ, ՄԵԶ ՊԵՏՔ Է ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ»
Արխիվ 12-16«ՄԵԶ ՄԻԱՅՆ ՓԱՂԱՔՇԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԵՏՔ ՉԷ, ՄԵԶ ՊԵՏՔ Է ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ»
Երեկ «Իրավունքը» Ծիծեռնակաբերդում հանդիպեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՆ, ով ոչ թե ԲՀԿ-ական էլիտայի հետ էր եկել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու, այլ թուրք քաղաքական գործիչների ընկերակցությամբ:
Պարոն Ախոյանից նախ հետաքրքրվեցինք, թե ովքեր են իր հյուրերը.
-Նրանցից մեկը այսօրվա Թուրքիայի առաջադեմ «Կանաչներ եւ ձախ ապագա» կուսակցության նախագահն է, ով նախկինում եղել է պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ: Այն ժամանակ, երբ Հայաստան էր եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, նա միակ պատգամավորն էր անձնակազմում, ով այսօր բոլորովին այլ մոտեցումով, այլ առաջարկներով է մեզ հետ միասին: Ազգային համագումար կազմակերպության հետ միասին մեր բոլոր հարցադրումները, մեր բոլոր պահանջատիրական հարցերը, որոնք առաջ ենք քաշում, նրանք մեզ հետ համաձայն են եւ պատրաստ են աշխատել քաղաքացիական հասարակությունների շրջանակում, որպեսզի կարողանանք Թուրքիայի ներսում ապրող քաղաքացուն հասանելի դարձնել ցեղասպանության փաստը, որը կատարավել է անցյալ դարի սկզբին: Այսօր Թուրքիայում կան բավականին առողջ ուժեր, ովքեր ուղղակի տեղյակ չեն այս ոճրագործությունից: Նրանց բոլորովին այլ ձեւով է ներկայացված Արցախյան խնդիրը, թե իբր ագրեսոր Հայաստանը գրավել է Արցախը, եւ դա ասում են` առանց հիմնախնդիրները հասկանալու, առանց ճիշտ ներկայացնելու իրականությունը: Եվ սա էլի մեր մեղքն է, որովհետեւ մեր տեղեկատվական դաշտը շատ անգամ զիջում է իրենցին: Կարճ ասած, մենք այդ դաշտում կարծես թրերով տանկի դեմ լինենք: Բայց լավ է ուշ, քան երբեք, այժմ բան է փոխվում Թուրքիայում: Հավատացեք, որ փոխվում է` հօգուտ հայ ազգի, կամաց-կամաց Թուրքիայի հասարակությունը հասկանում է, որ կատարվել է մի ոճրագործություն եւ այդտեղից դուրս գալու միակ ճանապարհը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Իսկ դրա հետեւանքները վերացնելու միակ տարբերակը հետեւյալն է. մեզ միայն փաղաքշական ճանաչումը պետք չէ, մեզ պետք է վնասների հատուցում, մեր ամբողջ հանրային ունեցվածքի վերադարձում եւ, ինչու ոչ, մեր անհատական` այն նյութական եւ ոչ նյութական ունեցվածքի փոխհատուցում, որ թողել ենք մեր պատմական հայրենիքում: Միմիայն դրա վերադարձից եւ ճանաչումից հետո ինչ-որ մի բան կստացվի, իրենք դա շատ լավ գիտակցում են, որ առանց պատմության սրբագրման Թուրքիան ոչ մի ապագա չունի:
- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի վարչապետ Էրդողանի ապրիլքսանչորսյան հայտարարությունը` ուղղված հայերին:
- Կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց, անկեղծ ասած, իմ կարծիքով սա մի քայլ առաջ էր: Թեկուզ փոքրիկ, բայց տեղաշարժ էր հայոց ցավի մասին խոսելը, բայց վաղը կխոսի± նաեւ Հայոց ցեղասպանության մասին: Չէ որ գիտենք, նա, վերջիվերջո, երկրի ղեկավար է ու իշխանությունը պահելու խնդիր ունի: Այնպես որ, ավելի մեծ ակնկալիքներ այսօր չեն կարող լինել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

