Վերաքննիչ դատարանը մերժել է Բուդաղյանների բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով կասեցվել էր փաստաբանի բողոքների քննությունը` մինչեւ քրեական գործի բոլոր նյութերի տրամադրումը դատարանին: Այս մասին տեղեկացանք Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից: Սակայն փաստաբանը նշեց.
- Անպայման բողոքարկվելու է վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Բողոքների քննությունը չէր կարող կասեցվել, այս առումով ինձ հետ համաձայն են նաեւ գործով քննիչն ու դատախազը: Մեր ներկայացրած բողոքների քննությունը կասեցնելու որոշումն օրենքով նախատեսված չէ: Հիշեցնենք, որ Հ. Ալումյանն առաջին ատյանի դատարան էր բողոքարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ նրա թիկնապահի` Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը: Նախաքննական մարմինը գտել էր, որ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողությունները համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին: