Այսպիսով, երեկ ակնհայտ դարձավ, որ ուկրաինական իրավիճակի հանգուցալուծումը տեղի է ունենալու վատթարագույն սցենարով. երեկ Ուկրաինայի հարավ-արեւելքում հարձակման հրամանը Կիեւից տրվեց:
Մի կողմ թողնելով ավելի շուտ մարտով հետախուզություն հիշեցնող երեկվա ռազմական գործողություններն ու ռուսական իշխանական ամենաբարձր մակարդակներից հնչեցված կոշտ գնահատականները, որոնք արդեն լայնորեն լուսաբանվել են, ընդգծենք միայն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այն հրամանը, որով Ուկրաինայի սահմանամերձ հատվածում տեղակայված ռուսական զորքերը սկսեցին լայնամասշտաբ զինավարժություններ, ինչը նշանակում է, որ ՌԴ բանակը հրաման ստանալուն պես կմտնի Ուկրաինա: Իսկ այն մոտ 10 հազարանոց ¥դա էլ է կասկածելի թիվ¤ ուկրաինական բանակային խմբավորումը, նրան սպասարկող 2-3 հարյուրի կարգի զրահատեխնիկան եւ 1-2 տասնյակի չափ ինքնաթիռ-ուղղաթիռային պարկը, ու վերջապես ՙԱջ սեկտորի՚ 2-3 հազարանոց խմբավորումները հազիվ թե կարողանան որեւէ դիմակայություն ցույց տալ ռուսական բանակի թեկուզեւ մեկ գնդի: Իհարկե, Կիեւում կա նաեւ այն հույսը, որ ԱՄՆ փոխնախագահ Բայդենի խոստումների համաձայն` իրենք Արեւմուտքից ռազմական օգնություն կստանան: Սակայն ՆԱՏՕ-ն, ՌԴ-ի հայտարարություններից հետո, որ կմիջամտեն միջազգային իրավունքի համաձայն, քանի որ իրենց հայրենակիցներին ֆիզիկական վտանգ է սպառնում, հազիվ թե ռուսներին ուղղված քննադատությունից զատ այլ օժանդակություն ցույց տա Կիեւին: Մի խոսքով, այն իրավիճակն է, որ կա°մ ՌԴ-ից երեկ հնչող վերջնագրային տոնով այդ բոլոր հայտարարություններից հետո Կիեւը կփորձի զորքերը ետ քաշել (նման ակնարկներ երեկ երեկոյան Կիեւում սկսեցին հնչել) ու կրկին տեղափոխվել բանակցային դաշտ կա°մ ռուսներն առավելագույնը 1-2 օրում վերահսկողության տակ կառնեն առնվազն ամբողջ Հարավ-արեւելյան Ուկրաինան: Այս վերջին տարբերակը, արդեն առիթ ունեցել ենք ասել, որ թերեւս նաեւ ԱՄՆ-ի համար է ամենացանկալի սխեման. եթե հնարավորություն չկա Ուկրաինայի հարավ-արեւելքը իրենց ենթակայության տակ պահել, ապա ավելի ձեռնտու է, որ նույն բանը ռուսներն անեն ուժային մեթոդներով, որ գոնե հետո աղմկելու առիթ լինի: Նաեւ այդ կերպ կկարողանա մի լավ վախեցնել եվրոպացիներին ու համոզել, թե հին աշխարհամասի անվտանգության համար ԱՄՆ դեռ կարեւորագույն գործոն է, ուստիեւ պետք է ՆԱՏՕ-ին եվրոպացիները շատ ավելի լուրջ ֆինանսական միջոցներ հատկացնեն: Բայց, ասենք, գերմանացները կհավատա±ն ամերիկյան այդ սարսափ-շոուին, կասկածելի է: