ԱՆԱՌԱԿԱԲԱՐՈ ԽԱՂԵՐ` ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՆՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ
Արխիվ 12-16ԱՆԱՌԱԿԱԲԱՐՈ ԽԱՂԵՐ`
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՆՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ
Ընդամենը մի քանի օր անց ապրելու ենք արդեն քաղաքակրթական նոր իրողությունում` պայմանավորված Հայաստանի արդեն լիարժեք մուտքով Մաքսային միություն: Ընդամենը մի քանի օրից նաեւ ԱԺ-ի հաստատմանն է ներկայացվելու նոր կառավարության ծրագիրը: Արդեն պարզորոշ է, որ բացառվել են ցնցումները, ՙնարնջագույն՚ պետական հեղաշրջման փորձերը (որոնց աղետալի հետեւանքները տեսնում ենք Ուկրաինայի ուսանելի օրինակով): Բայց միեւնույն է, 5-րդ շարասյուները չեն դադարեցնում ամեն ինչ ՙհարամելու՚ փորձերը: Գարշելի թույնը հատկապես առատ է քարոզչական դաշտում, ուր ոմանք կարծես թե ձգտում են ապացուցել, որ լրագրությունը ոչ թե երկրորդ, այլ առաջին հնագույն մասնագիտությունն է: Դատեք ինքներդ` թե ինչպես է ներկայացվել այն փաստը, որ երեկ` ապրիլի 24-ին, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ 1915-ին հայ ժողովրդի բնաջնջումը նպատակ է հետապնդում հետագայում ոչնչացնել Ռուսաստանը: Դրանից որոշ անառակաբարոներ եկել են ՙեզրակացության՚, իբր Մոսկվան ոչ ավել-ոչ պակաս... խրախուսում է Անկարային, կրկնել 1915-ի արածը:
ՌԵՊԼԻԿԻ ԿԱՐԳՈՎ. ՈՄԱՆՑ ԻՐՈՔ ԱՐԺԵ ՙՊԵՏՔԱՐԱՆՈՒՄ ԼԽՃԵԼ՚
Եկատերինբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 21-րդ դարի կարեւորագույն մարտահրավերին` տեղեկատվական-հոգեբանական պատերազմներին է անդրադարձել. ՙԱյսօր տեղեկատվական գործունեությունը զենք է: Առանց զինված ուժերի օգտագործման` համարյա միայն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ապակայունացվում է իրավիճակը, որը ինչ-որ տեղ հանգեցնում է ռեժիմի բռնի փոփոխության: Դրանից ելնելով` ՀԱՊԿ-ը քայլեր է ձեռնարկում տեղեկատվական անվտանգության ոլորտում: Կարող եմ ասել, որ այսօր տեղեկատվական հակամարտությունը եւ անվտանգությունը ՀԱՊԿ ձեւաչափում առաջնահերթ ուղղություն են ձեռք բերում՚: Ու դրան անմիջապես մեր արեւմտասեր քարոզիչներն արձագանքել են անասելի վայնասունով, թե Մոսկվան էքստրեմիզմի դեմ պայքարի անվան տակ ամենուրեք կոչնչացնի ինքնիշխանության կողմնակիցներին: Դե պարզ է, եթե առաջ ԱՄՆ-ի հզոր աջակցությամբ այդ վարձկանները անսահմանափակ ձեւով տեղեկատվական-հոգեբանական պատերազմ էին մղում սեփական (արդյո±ք սեփական) ժողովրդի դեմ, ապա այսօր մեր պետականությունը դրանից պաշտպանվելու է` օգտվելով նաեւ ամբողջ ՀԱՊԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զինանոցից:
Ու զուգահեռաբար` ինչպես տեղեկատվական կայքերում, այնպես էլ ՙՖեյսբուքում՚ հայտնվել են կատարյալ տականքության դրսեւորումներ: Այսպես, համացանց են նետվել այնպիսի թեզեր, ինչպիսին են, օրինակ, որ Երեւանից պետք է դուրս բերել պանթեոնը` ազգի մեծերի շիրիմներով հանդերձ, որ պետք է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պետական ջանքերից: Իսկ ոմն Վիգեն Չեթերյան Շվեյցարիայից, անգամ պնդում է, թե մասնակցելով ՙ#SaveՔեսաբ՚ արշավին, Հայաստանն ու հայերը դարձան Սիրիայում հակամարտության կողմ: Պատկերացնո±ւմ եք` մեզ համարձակվում են ասել, որ նվազագույն մասնակցություն մի ունեցեք Քեսաբի հայերի պաշտպանության գործին, հակառակ դեպքում` դուք դառնում եք ՙբռնակալ՚ Ասադի անմիջական դաշնակից:
Այդպիսի բաները պետք էլ չէ հերքել, դրանց պետք չէ հակադիր փաստարկներ ներկայացնել, պարզապես այդպիսի սրիկայությունների հեղինակներին ամենակոշտ միջոցներով անմիջապես վնասազերծել է պետք: Տարիներ առաջ իսլամ-ծայրահեղական ահաբեկիչների մասին Պուտինն ասել էր, որ դրանց պետք է ՙպետքարանում լխճել՚: Միանգամայն ճիշտ կլինի, որ մենք որդեգրենք նույն մոտեցումը տեղեկատվական ահաբեկիչների դեմ, պետականության թշնամիների հետ ՙքաղաքակիրթ՚ խաղեր տալու ռեսուրս մենք պարզապես չունենք:
ՁԱԽՈՂՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԵՐ
Այսօր տեղի են ունենալու միաժամանակ երկու ոչ իշխանական ՙառանցքային՚ իրադարձություններ` ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պատասխանելու է լրագրողների հարցերին, իսկ ՙքառյակը՚ գումարելու է իր նիստը: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա ընդհանուր առմամբ, եթե մի կողմ թողնենք անցյալից ժառանգած արեւմտամետ հակումները, որոնք դրսեւորվել են անգամ ԵԺԿ-ի դրոշի թեթեւակի ձեւափոխված տարբերակը սեփական խորհրդանիշ սարքելով, նրա գործողությունները հանգում են բավականին պարզ տրամաբանության: Սերժ Սարգսյանը, ում թիմում 2008-ից ի վեր գտնվում էր ՕԵԿ-ը, պարզորոշ ասաց, որ 2018-ին որեւէ ձեւաչափով, լինի դա նախագահի, թե (խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում) վարչապետի պաշտոնի տարբերակով, չի վերստանձնելու պետության ղեկը: Այս պահի դրությամբ ՕԵԿ-ը ուներ առավելագույն հնարավորը` անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի տեսքով, ու դրանից առավել միայն վարչապետի պաշտոնը կարող էր լինել:
Սակայն դա, բնականաբար, անիրագործելի էր, ուստի ՕԵԿ-ը գերադասեց կրկնել Ռոբերտ Քոչարյանի օրոք մեկ անգամ արդեն արված քայլը` դուրս գալ իշխանական կոալիցիայից եւ վերադառնալ ընդդիմադիր դաշտ:
Ու թեեւ ՕԵԿ-ի մասին ՙքըխ՚ բաներ շատ են ասվում, սակայն մյուս ընդդիմադիր ուժերն ավելի լավը չեն: Առաջին նախագահով ներկայացված ՀԱԿ-ը պատասխանատու է 1990-ականների աննախադեպ կողոպուտով եւ քրեաօլիգարխիկ համակարգի հիմքերը դնելով: ՀՅԴ-ն քանիցս իշխանական կոալիցիայում լինելով, ունեցավ նաեւ հույժ կասկածահարույց սկանդալների կիզակետում հայտնված կադրեր, այդ թվում նախարարական մակարդակով: Իրեն այլընտրանք անվանող ԲՀԿ-ի պարագայում, ինչպես ասվում է, մեկնաբանություններն ավելորդ են` հանուն այսրոպեական քաղաքական շահի ՀԱԿ-ի գործիչները հերքում են հենց իրենց երբեմնի կադր Անդրանիկ Քոչարյանի փաստահավաք խմբի բացահայտումներն առ այն, որ ԲՀԿ-ն անմասն չէր 2008-ի մարտիմեկյան անկարգությունները ճնշելու գործից, ու Ա. Քոչարյանից անգամ ապացույցներ են պահանջում... Կարճ ասած, նրանց ֆոնի վրա ՕԵԿ-ականներն այդքան էլ վատ չեն նայվում, եւ եթե հաշվի առնենք, որ միշտ էլ աչքի են ընկել օրենսդրական նախաձեռնությունների առատությամբ, այժմ ազատված լինելով կոալիցիոն սահմանափակումներից, լայն դաշտ ունեն ծավալելու բուռն ընդդիմադիր գործունեություն:
Ինչ վերաբերում է ՙքառյակին՚, ապա ներսում արդեն իսկ առկա են բազում տարաձայնություններ` ՀԱԿ-ը ուզում է ՙավազակապետության կազմաքանդում՚ եւ վերջ, ԲՀԿ-ում առկա են երկու թեւեր, ՀՅԴ-ն հակված է համագործակցել իշխանության հետ եւ իշխանափոխության կողմ է միայն համակարգային փոփոխությունների երաշխիքի դեպքում, որի գլխավոր բաղադրիչը համարում են սահմանադրական բարեփոխումները, ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հաջողացրել է ապրիլի 24-ը դիմավորել Ստամբուլում... ՙՔառյակի՚ բողոքավորության ախորժակները ահագին պակասել են նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ, ով բաց քննարկման եւ փոխընդունելի գործընթացի առարկա դարձրեց ամենավիճահարույց հարցը` պարտադիր կուտակային բարեփոխումը: Հենց նա հեղինակեց ՙպարտադիր, բայց ոչ պարտադրված՚ բանաձեւը` հիմք դնելով ամենախրթին հարցերը բաց, հրապարակային եւ կառուցողական քննարկելու քաղաքական մշակույթին, որը մինչ այդ ամենեւին բնորոշ չէր կառավարությանը: Բարդ ժամանակահատվածներում հենց դա է կառավարության աշխատանքի օպտիմալ տարբերակը, ու ի դեպ, հետաքրքրական է, որ ե°ւ ՀՅԴ-ի, ե°ւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները բավականին դրական են արձագանքել պարտադիր կուտակայինի հարցում եղած տեղաշարժերին:
Ու ինչ ենք տեսնում` այն դեպքում, երբ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը բավականին կառուցողական է արտահայտվում, հանկարծ բավականին չոր ձեւով է արտահայտվում պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ, փաստացի հակասելով ՀՀ նախագահի մոտեցումներին. ՙՄենք պետք է ոչ միայն դե ֆակտո, այլեւ ֆե յուրե բացառենք պարտադիր բաղադրիչը: Հակառակ պարագայում ինչպիսի լուծում էլ առաջարկվի, հասարակության մի զգալի հատվածի համար առաջանալու է լուրջ ֆինանսական բեռ... որ անվերապահելիորեն հարկավոր է խուսափել պարտադիր բաղադրիչից, դա աներկբա է՚: Այսինքն` նա գնում է ավելի հեռուն, քան ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ու նաեւ կարծես թե հեռակա կարգով բանավիճում է վարչապետի հետ:
Ի դեպ, մամուլում Կարեն Կարապետյանի անունը շրջանառվում է որպես վարչապետի, այնուհետ` ԱԺ նախագահի հնարավոր թեկնածու: Եվ ահա նրա գրասենյակը տարածում է հայտարարություն, որ ՙԿարեն Կարապետյանն այս պահի դրությամբ որեւէ պաշտոնի հավակնություն չունի՚: Ավելին, ՙԿարեն Կարապետյանի համար պաշտոնը ինքնանպատակ չի եւ չի էլ եղել, ուստի Կարեն Կարապետյանը որեւէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում՚: Ինչ է ստացվում, որ այժմ Կարեն Կարապետյանը անհնարի±ն է համարում որեւէ դրական փոփոխություն... Իսկ ինչու է անհնարին համարում` կարելի է միայն ենթադրել: Եվ արդյո±ք նման խորհրդավոր ՙդեմարշներ՚ սպասելի են նաեւ այլ հանրապետականներից: Ի վերջո, այդ հանելուկի պատասխանն էլ թերեւս շուտով կլինի:
Բայց չմոռանանք, որ տերպետրոսյանական ու քոչարյանական քարոզչամիջոցները շարունակաբար առաջ են տանում ՀՀԿ-ի թիմից զանգվածաբար մարդկանց պոկելու մասին թեզը: Բնականաբար, հատկապես քոչարյանական ճամբարից սպասելի են եւ ստվերային քայլեր այդ ուղղությամբ: Այլ հարց է, որ դրանց հաջողության շանսերը բավականին հեղհեղուկ են, եւ դժվար թե ինտրիգների միջոցով ինչ-որ մեկին կարողանան դրդել անցնել ՙկարմիր գիծը՚: Բայց, ինչպես ասվում է, փորձը փորձանք չի: Չնայած ապրիլի 29-ից հետո կարող է եւ փորձանքի վերածվել...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

