Մարիաննա Մխիթարյան. «ՓԱՌԱՏՈՆԸ ՏՈՆ Է, ԻՍԿ ԱՐՎԵՍՏՆ ԷԼ ՍՊՈՐՏ ՉԷ»
Արխիվ 12-16Մարիաննա Մխիթարյան. «ՓԱՌԱՏՈՆԸ ՏՈՆ Է, ԻՍԿ ԱՐՎԵՍՏՆ ԷԼ ՍՊՈՐՏ ՉԷ»
Այսօր Մեծ Բրիտանիայից ժամանած հանրահայտ դերասան Փեթար Միլուշեւսկու «Beautifull» («Գեղեցիկը») մոնոներկայացմամբ կմեկնարկի «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ եւ հավելեց. «Ավաղ, այս տարի փառատոնի մի քանի ներկայացում չմտան ծրագրի մեջ: Դրանցից մեկը Գոռ Սարգսյանի «Գրառումներ ընդհատակից» ներկայացումն էր, որն, ուղղակի տեխնիկական պատճառներով չընդգրկվեց: Քանի որ նա խաղում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ թատրոնն այս օրերին շատ զբաղված էր, դրա համար չկարողացանք ցուցադրել այդ ներկայացումը: Եվ եւս երեք ներկայացում տեխնիկական պատճառներով չմասնակցեցին փառատոնին: Բայց, կարծում եմ` շուտով կլինեն այդ ներկայացումների առաջնախաղերը եւ փառատոնը շատ ակտվ կմասնակցի` լուսաբանելու, աջակցելու այդ ներկայացումներին: Այնպես որ, կարծում եմ` «Արմմոնո» փառատոնը քայլ առ քայլ կդառնա ամբողջ տարվա ընթացքում մի յուրատեսակ ընթացք»: «Իրավունքի» այն հարցին, թե եղե՞լ են փառատոնին հայտ ներկայացրած արտասահմանյան ներկայացումներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել ծրագրում, փառատոնի տնօրենն ասաց. «Մենք հրավիրեցինք կոնկրետ այն ներկայացումները, որոնք հիմա ընդգրված են: Եթե հնարավորություն լինի հրավիրել ավելի շատ ներկայացումներ, իհարկե, մենք կհրավիրենք, ուղղակի, դա բավական ծախսատար է»: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ մի օր մյուս փառատոնների նման «Արմմոնոյում» էլ հաղթողներ ու պարտվողներ լինեն, Մ. Մխիթարյանը բացառեց. «Միանշանակ ոչ: Իհարկե, կան փառատոններ, որոնք մրցանակներ ունեն, բայց ես եւ իմ թիմակիցները գտնում ենք, որ փառատոնը տոն է, իսկ արվեստը սպորտ չէ: Այն մարդիկ, ովքեր մասնակցում են փառատոնին, բոլորն էլ լավն են: Մենք չենք կարող մետրերով կամ վայրկյաններով որոշել, թե ով է ավելի լավը: Ընդհանրապես, ժյուրին մարդիկ են եւ դա արդեն սուբյեկտիվ մոտեցում է: Մեր փառատոնում բոլորը հավասար են եւ բոլորը ստանում են միանման նվերներ եւ պատվոգրեր, անկախ նրանից դեբյուտ է, թե անվանի լեհ դերասան Յանոշ Ստոլարսկին է բեմում»: Ապա ավելացրեց. «Եվ բացի դրանից, բնականաբար, մեր փառատոնի շրջանակներում կլինեն հյուրեր` փառատոնների տնօրեննները, որոնք գալիս են, ընտրում, հրավիրում իրենց փառատոններին եւ մերոնք էլ վերադառնում են հաղթանակներով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

