«ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ ՁԵՌՔ ԱՌՆԵԼՈՒ ԷՐ ՆՄԱՆ»
Արխիվ 12-16«ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
ՁԵՌՔ ԱՌՆԵԼՈՒ ԷՐ ՆՄԱՆ»
Երեկ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ բարձրացող բազմահազար հայերի եւ արտասահմանից ժամանած հյուրերի կողքին, իր հարգանքի տուրքն էր եկել մատուցելու Սիրիայի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության փոխատենապետ ՎԱԶԳԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ, ով արդեն Երեւանի քաղաքացի է: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի եւ Սիրիայում տեղի ունեցող դեպքերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:
- Պարոն Մեսրոպյան, Սիրիայում տեղի ունեցող դեպքերը արդյո՞ք կարելի է գնահատել որպես նոր ցեղասպանություն:
- Ճիշտ է, Սիրիայում հայ ժողովրդի ցեղասպանության նման ցեղասպանություն չէ, բայց այն, ինչ կատարվում է այնտեղ, իհարկե, կարելի է որակել որպես ցեղասպանություն: Եվ դա կատարվում է Թուրքիայի ձեռքով` Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի տված փողերով: Ինչպես հայտնի է, վերջերս հայաբնակ Քեսաբում տեղի ունեցան դեպքեր, որը պատմության շարունակությունն էր: Թուրքն իր անելիքը անում է ու միշտ մնում է թուրք:
- Առաջին անգամ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ապրիլի 24-ի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է արել` ցավակցություններ հնչեցնելով ու «ցեղասպանություն» բառից խուսանավելով...
- Այդ հայտարարությունը, ուղղակի, մի քիչ ծիծաղելի էր եւ երեւի թե, հայ ժողովրդին եւ ողջ աշխարհին ձեռք առնելու նման էր:
Այն, որ Էրդողանը փորձում է ապացուցել, թե ճիշտ մոտեցում ունի ցեղասպանության վերաբերյալ, ճիշտ չէ: Եթե ուզում էր ներողություն խնդրել հայերից, թող ասեր` ցեղասպանություն է կատարվել, ոչ թե ասեր` ոճրագործություն ու սպանություններ են եղել տարբեր ազգերի նկատմամբ: Եթե ուզում էր, որ աշխարհը իրեն ճանաչեր որպես «բարեսիրտ մարդ», թող մատնանշեր հայերին եւ կրկնում եմ` «ցեղասպանություն» բառը օգտագործեր, բայց Էրդողանը այդ մտադրությունը չուներ:
- Այդ մտադրությունը, կարծես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ չունի:
- Մենք արդեն քանի տարի է, որ ԱՄՆ նախագահից կամ ԱՄՆ Կոնգրեսից ու կառավարությունից պահանջում ենք, որ անպայման «ցեղասպանություն» բառը ասվի, որովհետեւ մեր հայկական լոբբին այնտեղ լավ աշխատանք է տարել: Սակայն ԱՄՆ-ի կողմից ճիշտ չի գնահատվում Հայոց ցեղասպանությունը:
- Ինչպե՞ս կգնահատեք Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին սփյուռքյան կառույցների գործունեությունը: Արդյո՞ք դեռ անելիքներ կան:
- Արդեն 99 տարի է, ինչ Սփյուռքում ավանդական կուսակցությունները մինչեւ այսօր հայապահպանման համար ամեն ինչ անում են, ամեն ձեւով փորձում են իրենց երեխաներին հայ դաստիարակել եւ այդպես էլ պիտի շարունակեն: Այո, այսօր դեռ բավական անելիքներ ունենք, եւ, իմ կարծիքով, ավանդական այդ երեք կուսակցությունները պիտի շարունակեն Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկել եւ աշխատանք տանել, որպեսզի աշխարհով մեկ ճանաչում գտնի Հայոց ցեղասպանությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

