ԻՏԱԼԱՑԻ ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐ ՖԵԴԵՐԻԿՈ ՄՈՆԴԵԼՉԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Արխիվ 12-16ԻՏԱԼԱՑԻ ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐ ՖԵԴԵՐԻԿՈ ՄՈՆԴԵԼՉԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Ապրիլի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Վահան Մարտիրոսյան) և իտալացի հանրահայտ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի համատեղ համերգը: Այն կրում է «Անմոռանալի Բիթլզ» խորագիրը: Առաջին անգամ Հայաստանում կհնչեն հանրահայտ լիվերփուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների (A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար: Կհնչի նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի և Պիացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:
Վերջին 20 տարիների ընթացքում Ֆեդերիկո Մոնդելչին իրեն հաստատել է իբրև իր սերնդի լավագույն սաքսոֆոնիստներից մեկը:
Մոնդելչին ելույթներ է ունեցել Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կայացած սաքսոֆոնահարների համաշխարհային փառատոներում՝ ներկայացնելով Իտալիան: Իբրև մենակատար ելույթներ է ունեցել նաև Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ՝ այդ թվում նաև Սեյջի Օզավայի ղեկավարությամբ Միլանի դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Հաճախակի ելույթներ է ունեցել Ռուսաստանում և սերտ համագործակցում է Մոսկվայի կամերային նվագախմբի հետ:
Իբրև դիրիժոր մշտապես ելույթ է ունենում Իտալիայի մի շարք նշանակալից նվագախմբերի հետ:
Վերջին համերգաշրջաններում Մոնդելչին հաճախակի է ելույթ ունենում Գերմանիայում և Ռուսաստանում՝ մեծ հաջողությամբ ղեկավարելով համերգներ ականավոր երաժիշտներ՝ Իլյա Գրուբերտի, Մայքլ Նիմանի, Քեթրին Սթոթի, Պավել Վերնիկովի, Մասիմո Մարսելինի, Ֆրանչեսկո Մանարանի և Լուիզա Կաստելիանինի մասնակցությամբ:
1999-ին Delos Records-ում ձայնագրություններից հետո հյուրախաղերով շրջագայել է ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ ում՝ ներկայացնելով Աստոր Պիացոլայի տանգոների իր յուրովի մշակումները:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

