Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՌՅԱԿԸ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԷՐ ՄԵԿՆԵԼ
Արխիվ 12-16Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՌՅԱԿԸ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԷՐ ՄԵԿՆԵԼ
Ա. Խաչատրյան եռյակը համերգային շրջագայության էր մեկնել` Գերմանիա, Ռուսաստան: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Ա. Խաչատրյան տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Իր իսկ խոսքերով` բոլոր համերգները նվիրված են եղել մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110 ամյակին: Սակայն Խաչատրյանի ստեղծագործություններից զատ, շնորհալի երաժիշտները օտարերկրյա բեմերում հնչեցրել են նաեւ Բաբաջանյանի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Արենսկու եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ա. Գրիգորյանի համար հատկապես նշանավոր են եղել Մոսկվայի ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում կայացած համերգը եւ Նիժնի Նովգորոդում սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ երկու համերգները, քանի որ կատարել են Ա. Խաչատրյանի 3 կոնցերտները:
«Պետք է ասել, որ բոլոր համերգները կայացան լեփ-լեցուն դահլիճներում: Եվ շատ ջերմ գնահատականի են արժանացել թե′ հանդիսատեսի, թե′ կազմակերպիչների կողմից, որոնք, ի դեպ, անմիջապես համերգի ավարտին առաջարկում էին համագործակցություն»,- ասաց դաշնակահարուհին` հավելելով, որ համերգային շրջագայության արդյունքում ոչ միայն ստեղծագործական կապեր հաստատվեցին, այլ նաեւ հետաքրքիր նյութեր են հայտնաբերել նաեւ Արամ Խաչատրյան տուն-թանգարանի արխիվի համար:
Ի դեպ, Ա. Գրիգորյանի փոխանցմամբ՝ Գերմանիայում կայացած համերգներից մեկը հեռարձակվել է “SRW” գերմանական ռադիոալիքով, ինչը ողջունելի փաստ է:
Դաշնակահարուհին նաեւ ասաց, որ ամռան ամիսներին եռյակը պատրաստվում է ձայնագրել նոր ձայնասկավառակ, որտեղ զետեղված կլինեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Իսկ մայիսին Ա. Խաչատրյանի անվան եռյակը կմեկնի Լոնդոն` եզրափակելու Ա. Խաչատրյանի 110 ամյակին նվիրված հոբելյանական տարին` տոնական համերգով: «Երեւանյան համերգը նախատեսել ենք հունիս ամսին: Այն ամբողջությամբ նվիրված կլինի Ռախմանինովի ստեղծագործություններին»,- տեղեկացրեց Ա. Գրիգորյանը:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

