Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ԵՎ Ի ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՔԵՍԱԲԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Արխիվ 12-16Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ԵՎ Ի ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՔԵՍԱԲԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), ինչպես ամեն տարի, այս տարի ևս ապրիլի 24-ին համերգով կհարգի 1915թ-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Համերգից ստացված հասույթը կուղղվի Քեսաբի հայ համայնքի օգնությանը: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ հրավիրյան դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ ասացին համերգի կազմակերպիչները:
Ֆիլհարմոնիկ նվագախմբի այս նախաձեռնության շուրջ են համախմբվել «Հովեր» կամերային (գեղ. ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախմբերը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան), ինչպես նաև սոպրանո Իրինա Զաքյանը, մեձո սոպրանո Քրիստինե Սահակյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, որոնց մասնակցությամբ կհնչի Մոցարտի Ռեքվիեմը:
Կկայանա նաև ժամանակակից կոմպոզիտոր Աննա Սեգալի՝ սիմֆոնիկ նվագախմբի և ասմունքողի համար գրված «Կոլաժ` Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը նվիրվում է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին: Ասմունքող՝ Արամ Հովհաննիսյան
Համերգը կկայանա «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» համերգաշարի շրջանակներում:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

