"ԱՅԴՊԻՍԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՈՉԻՆՉ ՉԾՆՎԵՑ"
Արխիվ 12-16"ԱՅԴՊԻՍԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՈՉԻՆՉ ՉԾՆՎԵՑ"
Վաղը` ապրիլի 24-ին, աշխարհի բոլոր ծայրերում ապրող համայն հայությունը կսգա ու հարգանքի տուրք կմատուցի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Հաջորդ տարի կլրանա Ցեղասպանության 100-րդ տարելիցը ու այդ առիթով Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող հայ եւ օտարազգի մշակույթի գործիչները, նույնպես իրենց հարգանքի տուրքը կմատուցեն, բայց ոչ միայն ծաղիկներ դնելով հուշարձանին, այլեւ` մնայուն արժեք ստեղծելով: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ նույնպես մտադրություն ունի Ցեղասպանության մասին բեմադրություն անելու, սակայն թեմային առավել համահունչ պիես դեռ չի գտել:
"ԾՆՈՂՆԵՐԻՍ ՊԱՏՄԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ԻՄ ԱԿԱՆՋՆԵՐՈՒՄ ԵՆ"
- Մտադրություն ունեմ անդրադառնալու այդ թեմային, ճիշտն ասած` չեմ գտնում այնպիսի պիես, որ արտահայտի այդ ցավը:
Բայց, ինձ թվում է, որ վերջապես կգտնեմ եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ այն լաց ու կոծով լինի: Հասկանում եմ, որ այն չի կարող օպերետ կամ մյուզիքլ լինել, բայց, այնուամենայնիվ, պիտի ինչ-որ մի պիես գտնվի, որ արժանի մատուցում լինի: Մանավանդ, որ ծնողներիս պատմած պատմությունները դեռ իմ ականջներում են եւ գոնե իրենց հիշատակի համար պիտի անպայման ինչ-որ մի բան ձեռնարկեմ: Զարմանալի բան է, ինչ տարօրինակ ժողովուրդ ենք` այդպիսի հսկայական ողբերգություն եւ ոչինչ չծնվեց. միայն "Մուսա լեռան 40 օրը"` այն էլ ավստրիացու կողմից: Մենք նույնիսկ Ղարաբաղյան պատերազմը, որ թարմ է դեռ, չկարողացանք այնպես ներկայացնել, ինչպես պետք է, իր դաժանությամբ ու հերոսությամբ: Միայն մի քանի սիրուն ֆիլմեր, խաբվել պետք չէ, կրակեցին, ընկան, պայթեց ինչ-որ բան, կոկիկ ֆիլմեր են պետք, որտեղ արտահայտված կլինի էությունը, ոգին: Նույնը Ցեղասպանության մասին, ավելի մեծ ողբերգություն մենք չենք ունեցել, եւ տա Աստված` չունենանք էլ, բայց զարմանալիորեն մինչեւ հիմա ոչ մի հայ մարդու մեջ դա չծնվեց: Ավ. Իսահակյանը գրեց 8 տող բանաստեղծություն, Մարտիրոս Սարյանը` ծաղիկներ նկարեց... Այնքան հզոր էր այդ ողբերգությունը, որ մեր մեծերն էլ չկարողացան արտահայտվել:
"ԻՆՉ ԲԱՆ Է ԹԱՏՐՈՆԸ, ԱՅՍ ՈՒՐ ԸՆԿԱՐ"
- Գուցե Ձեր ծնողների պատմությունների հիման վրա Դուք պիես գրեք:
- Ոչ, զարմանալի բնավորություն ունեմ, արդեն հարյուր տարի է` թատրոն եմ ղեկավարում, երբեք չեմ փորձել նույնիսկ տոնածառային ներկայացման պիես գրել: Գիտեմ, որ եկամտաբեր է` հատկապես երբ գրելու բան էլ չկա. արջն ու ծիտն ուզում են վառեն տոնածառը, գայլն ու աղվեսը չեն թողնում: Մի գիշերվա գրելու բան է, բայց դրան էլ չեմ գնացել: Շատ ռեժիսորներ ձեւավորում են իրենց բեմադրությունը, ես այդ բաներից խուսափել եմ, միշտ հարգանքով եմ վերաբերվել բոլոր մասնագիտություններին: Դրամատուրգիան, նկարչությունը մասնագիտություն է, ուրեմն համագործակցիր, մտքեր փոխանակիր, բայց երբեք մի համաձայնիր դառնալ նաեւ դրամատուրգ, նաեւ նկարիչ: Ամեն մարդ պիտի իր գործն անի: Այսքան տարի այս բնագավառում եմ, բայց գալիս է ժամանակ, որ մտածում եմ, ի վերջո ի՞նչ բան է թատրոնը, այս ո՞ւր ընկար դու:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՏԵՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱՅԱՑԱՎ
- Պարոն Ղազանչյան, վերջին 20 տարում Հայաստանում այդպես էլ չկայացավ հայ թատերագիտության ինստիտուտը: Այսօր թատերագետներն ամեն ինչով զբաղվում են, բացի իրենց գործից:
- Ամենացավալի հարցն է դա, ախր, զարմանալի է, պահանջարկ էլ ունի: Ես ուզում եմ իմ արած աշխատանքի մասին մարդիկ խոսեն, վատն էլ ասեն` լավն էլ, հիմնավորեն, թե ինչու է վատ կամ լավ: Այո, այդ դաշտում մնացին 2-3 հոգի: Մեր հայտնի ակադեմիկոսը` Հենրիկ Հովհաննիսյանը, ոչինչ չի անում, հեռու է պահում իրեն: Միասին ենք ավարտել ինստիտուտը նույն կուրսում, բայց իրեն հեռու է պահում, իր պահվածքն էլ ես չեմ համարում ճիշտ: Չնայած իր մասին ասում են, որ միշտ վատն է գրում, բայց որքան նրա հոդվածները կարդացել եմ, մեծ մասը դրական են: Այնուամենայնիվ, մյուսներն էլ` նայում եմ, առանձնապես բան չեմ տեսնում, չնայած որ դա պահանջված մասնագիտություն է: Այսօր Հայաստանում կա մոտ 20 թատրոն, ամեն մեկը տարին 2 բեմադրություն է անում: Այսինքն` տարեկան մոտ 40 ներկայացում է ստեղծվում, դա նշանակում է նույնքան բեմադրիչ, նկարիչ, երաժշտական ձեւավորող, դրամատուրգ, դերասաններ են զբաղված, այդպես չի լինի, պատմությունը մոռացվում է: Զարմանում եմ, երիտասարդներն ինչո՞ւ ակտիվ չեն, ինչու չեն միջամտում թեկուզ մի սկանդալային հոդվածով: Չեմ կարողանում բացատրություն գտնել: Ինստիտուտն ավարտում են, կուրսի ղեկավարները գոհ են, ասում են, որ կան 2-3 հետաքրքիր երիտասարդներ, բայց ավարտում են ու վերջ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

